ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գորիսի համալսարանի կրքերը
17:00 31.07.2018

Գորիսի համալսարանի կրքերը

«Համալսարան չի, այլ ռազմի դաշտ, ինչի համար պիտի ստեղ աշխատեմ, աշխատանքից ազատման դիմում եմ գրել», - ասում է ԳՊՀ իրավագիտության ամբիոնի վարիչ Մալիկ Թելունցը և միանում իր ընկերներին:

Հուլիսի 26-ին ԳՊՀ-ում մարդկանց հոսքը չէր դադարում՝ ուսանողներ, դասախոսներ, համալսարանի շրջանավարտներ. մի մասը մտնում էր ներս, իսկ մյուս մասը հավաքվել էր շենքի բակում՝ սպասելով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին:

Տևական ժամանակ է՝ ԳՊՀ-ում կրթական մթնոլորտը խաթարվել է, պարբերաբար սոցիալական ցանցերում, ֆեյսբուքյան էջերում հայտնվում են համալսարանի անկայուն վիճակի մասին հոդվածներ, տեսանյութեր: Հեղափոխությունից հետո վիճակն էլ ավելի անկայուն դարձավ, բողոքի ալիքը մեծ թափ ստացավ, անձնակազմը տրոհվեց երեք մասի. մի մասը պահանջում է ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հրաժարականը, իսկ մյուս մասն էլ, ինչպես իրենք են ասում, պայքարում են անօրինականությունների դեմ, երրորդները ցանկանում են աշխատել Արտուշ Ղուկասյանի հետ: Նախարար Արայիկ Հարությունյանը, ստանալով բաց և փակ նամակներ իրավիճակի վերաբերյալ, ԳՊՀ-ում  անցկացրեց բաց հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը ներկա էին ԳՊՀ-ի ուսանողներ, դասախոսներ, աշխատանքից ազատված դեկաններ, համալսարանի շրջանավարտներ: Կողմ և դեմ կողմերը նստել էին դեմ առ դեմ, կարծես թե եկել էին բանավեճի:

Նախքան բուն թեմային անդրադառնալը Արտուշ Ղուկասյանը հանդես եկավ ողջույնի խոսքով և նախարարին ու ներկաներին ներկայացրեց իր պաշտոնավարման տարիներին բուհում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

«Բայց համալսարանում կան աշխատողներ, ովքեր շեղում են ուսումնադաստիարակչական գործընթացը, կան մի շարք հարցեր, որոնք դատական քննարկման փուլում են գտնվում: Մոտ օրերս գիտխորհրդի աշխատանքները ձախողվեցին, քանի որ համացանցում տարածվել էր մի տեղեկություն, ըստ որի՝ համալսարանում 50 մլն դրամի յուրացում է տեղի ունեցել: Ապատեղեկատվությունը ազդում է բուհի գործունեության վրա: Դեկանների ընտրության շրջանը համալսարանը բերեց այսպիսի խառնաշփոթ իրավիճակի, որը շարունակվում է մինչ օրս: Եղել են ճնշումներ քրեական տարրերի կողմից», - ասում է Արտուշ Ղուկասյանը:

Նախարարը միջամտում է և ասում՝ օրինակներ բերեք, ինչին Ղուկասյանը պատասխանում է, որ իր նկատմամբ չեն եղել, բայց աշխատողների նկատմամբ եղել են: Այնուհետև նախարարը հարցն ուղղեց աշխատողներին, նրանք պատասխանեցին, որ իրենց ելույթներում առանձին կանդրադառնան դրան: Նախարարի հարցին տեղից պատասխանեցին, որ այսպիսի քննարկումներ եղել են, սակայն արդյունքի չեն հասել։

Մհեր Քումունցը, ով հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի աշխատանքից ազատված դեկանն է, նշում է՝ 2016թ. Ղուկասյանը պաշտոնը ստանձնելուց հետո համալսարանի 4 դեկանի կառուցվածքային փոփոխությունների քողի տակ աշխատանքից ազատել է: Ըստ նրա պնդման՝ դա եղել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղղորդմամբ: Ղուկասյանը փորձել է ազատվել Խաչատրյանին ընդդիմացող կադրերից: «Մեկ տարի 8 ամիս հետո Ղուկասյանին խնդրել ենք, որ դեկանների ընտրության մրցույթի հայտարարություն տա։ Ես էլ եմ առաջադրվել։ Նույն օրը հրավիրել է իր նախապատվությունը չվայելող մի քանի թեկնածուի և ահաբեկելով պահանջել հանել մեր թեկնածությունը։ Մինչ այդ էլ շատերից գրություն է վերցրել, որ իրենք սատարում են նախկին դեկանին՝ Թեհմինա Մարությանին», - նշում է Մհեր Քումունցը։

Ներկաները պարբերաբար միջամտում էին, մեկը մյուսին չլսելով՝ ամեն մեկն իր ասածն էր պնդում:

«Ընդհանրապես բուհի տպավորություն չի թողնում, բազար է, ձեր անձնական հարաբերությունները մի՛ խառնեք այստեղ, ինձ դա հետաքրքիր չէ», - ասում է Արայիկ Հարությունյանը:

Այնուհետև Մհեր Քումունցը շարունակում է. «Յուրաքանչյուրը կարող է խոսել այն մասին, թե որքան կարևոր նշանակություն ունի այս համալսարանը՝ սյունեցիների համար որակյալ բարձրագույն կրթություն ապահովելու գործում, բայց ռեկտորը ոչնչով չի նպաստում կրթական գործընթացին։ Նա պարբերաբար խախտում է կանոնակարգը, ինչպես ուզում, այնպես էլ վարվում է»:

Արայիկ Հարությունյանը ներկաներին պարբերաբար կոռեկտության և զսպվածության կոչ էր անում:

Մոտ 2.5 ժամ տևած հանդիպումը մթնոլորտ չփոխեց, կողմերը այդպես էլ համաձայնության չեկան: Մեզ հետ հարցազրույցի ընթացքում նախարարը նշեց․ «Ակնհայտ է, որ իրավախախտումներ են եղել, որոնցով կզբաղվեն նախարարության իրավաբանները: Կփորձենք այս հարցը լուծել։ Եթե այսպես շարունակվի, համալսարանը կարող է լուծարվել: Խնդրի լուծման վերջին տարբերակը սա է»:

Թագուհի Մաթևոսյան

17:00 31.07.2018

Ամենաշատ ընթերցվածները