ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ուժանիսում հույսով սպասում են
16:00 08.08.2018

Ուժանիսում հույսով սպասում են

Երեք անգամ տեղահանված գյուղը

Մարզկենտրոն Կապանից 26 կմ հեռու գտնվող սահմանամերձ Ուժանիսը ծովի մակարդակից բարձր է 1120 մ։ Ընդհանուր վարչական տարածքը 1044․9 հա է, որից գյուղատնտեսական նշանակության՝ 433 հա։

Ուժանիսը երեք անգամ տեղահանվել է։ Ուժանիսցիների նախնիները ներգաղթել են Իրանի Ղարադաղից և բնակություն հաստատել Սպիտակ աղբյուր կոչվող բնակատեղում, որտեղ բնակվում էին սակավաթիվ տեղացիներ: 639թ․ թշնամական հետապնդումից խուսափելու համար տեղափոխվում են «Շենատեղ» բնակատեղին, որտեղ այժմ էլ կան եկեղեցու (1589թ․) ավերակներ, ապա՝ ներկայիս բնակավայրը, որտեղ 1873թ․ կառուցվել է Սուրբ Հովհաննես եկեղեցին: 1920թ․ Ուժանիսի «Ծաղիկ» հանդամասը բռնակցել են հարևան Կուբաթլիի (Ղուբաթտու) շրջանին: Գյուղի տարածքում կան գյուղատեղիներ, եկեղեցիներ և հին գերեզմանոցներ:

Այժմ այստեղ հաշվառված 86 բնակչից փաստացի բնակվում է 43 հոգի՝ 21 ծուխ՝ նախկին 40 ծխի փոխարեն։ Գյուղը ամենամարդաշատը եղել է 1897թ․՝ 444 բնակիչ, իսկ 2004թ․ տվյալներով՝ 106։ Սակավաթիվ բնակչությունը հիմնականում սեփական կարիքների համար պահում է 2-3 խոշոր անասուն, մշակում տնամերձը, դաշտավայրերը գրեթե չեն մշակվում։ Միայն գյուղի վարչական ղեկավար Սասուն Սարգսյանը, ով ընդամենը մեկ ամիս է՝ պաշտոնավարում է, շարունակելով հոր գործը, տարեկան 15-18 հա ցորեն է ցանում։ Նախկինում գյուղում մինչև 80 հա արտ էին վարում, այժմ մեխանիզացիայի բացակայության պատճառով հացահատիկային բույսերի ցանքսով չեն զբաղվում։ «Այս տարի 1 հա-ից ինչքան նախատեսել էինք, այնքան հացահատիկ ստացանք, պարզապես դեռ իրացման հարցը չենք լուծել», - նշեց Ս․Սարգսյանը։ Երկու հոգի պահում է 15-20 խոշոր եղջերավոր անասուն, իսկ մսամթերքի ու կաթնամթերքի իրացումը կատարվում է ծանոթ-բարեկամի տարբերակով։

Գյուղապետարանը խոշորացման հետևանքով 2017թ․ նոյեմբերին լուծարվել է, մանկապարտեզ, դպրոց չունեն։ «Երբ 1987թ․ գյուղ հարս եկա, արդեն դպրոց չկար, բայց 8-ամյա դպրոց է գյուղը ունեցել։ Երեխաներս հաճախել են Եղվարդի դպրոց, իսկ մանկապարտեզը լուծարվել է արցախյան պատերազմից հետո։ Այս պահին գյուղում 4 մանկահասակ երեխա կա, որոնցից մեկը Եղվարդի դպրոց պետք է գնա, բայց սակավաթիվ երիտասարդ ընտանիքները մտածում են գյուղից հեռանալու մասին։ Մնան՝ ի՞նչ անեն», - պատմում է Սեդա Ոսկանյանը, ով 1992թ․-ից մինչ օրս աշխատում է գյուղապետարանում։

Հրետակոծությունից տուժած տների բնակիչները, չնայած դիմել են կառավարություն, բայց մինչ օրս աջակցություն չեն ստացել։ Պատմում են՝ գյուղը իբր պաշտպանելու եկած «Արաբո» ջոկատը վատ հիշողություններ է թողել այստեղ․․․ Տնից, որտեղ ջոկատին ապրելու տեղ էին տվել, իրեր կորան, անտառում կովի ոտքը հատեցին, մանկապարտեզի գույքի մի մասը տարան և այլն։

Ի դեպ, նշանավոր ուժանիսցիներից է Արտավազդ Հովհաննիսյանը, ով 1937-ին եղել է Ադրբեջանի թեթև արդյունաբերության նախարարը։ Ուժանիսցիները հիշում են, որ Մոսի դային պատմում էր Րաֆֆու՝ իրենց գյուղ այցելության մասին։ Գյուղի մասին իր հուշագրություններից մեկում նշել է նաև Սերո Խանզադյանը։

Մեկը մյուսին շաղկապված խնդիրներ

Գյուղ մեր կատարած այցելությունը եկեղեցու մերձակայքում հավաքեց մտահոգ ուժանիսցիներին։ Տիկին Ջուլիետը շտապեց առաջինը բողոքել․ «Ճանապարհ չօնիք, ավտոբուս չօնիք, խանութ չօնիք։ Մի կիլո շաքարի հետի պիտի Եղվարդ քինիք։ Առաջ գյուղսովետ լա, նախակահ լա, քինում բողոքում ըք լա, պա մհենգ հու՞մ բողոքիք»։ Այնուհետև մեկը մյուսին շարունակելով՝ ուժանիսցի կանայք խոսեցին գյուղի խնդիրներից՝ կարևորելով Եղվարդից Ուժանիս տանող 2 կմ ճանապարհի նորոգման (ձնառատ ժամանակ այստեղ նույնիսկ թաղում կազմակերպելն է մեծ փորձություն) և տրանսպորտային կանոնավոր երթուղի չունենալու հարցերը․ «Եթե շաբաթական գոնե մեկ օր տրանսպորտ լինի, շատերը գյուղի հետ կապ կպահեն։ Տաքսի ծառայությունն էլ 6000 դրամով է բերում տանում։ Թոշակառու գյուղացին ինչպե՞ս տա այդքան գումար»։

Ուժանիսի վարչական ղեկավարի խոսքով՝ այդ 2 կմ ճանապարհահատվածի հիմանորոգման համար անհրաժեշտ է 14-15 մլն դրամ։ Վերջին անգամ հարթեցման աշխատանքներ են իրականացրել 2016թ․, բայց, ինչպես սեփական աչքով տեսանք, ճանապարհն իսկապես պետք է ասֆալտապատվի։ Բացի դրանից՝ գյուղի ճանապարհը մուտքային մասում 150-200 մ սողանքային գոտի ունի։ «Խնդիրը տասնյակ տարիների վաղեմություն ունի։ 2008թ․-ից դիմել ենք պատկան մարմիններին, մինչ օրս լուծում չի ստացել», - ասում է վարչական ղեկավարը։

«Ձմռանը երբեմն նույնիսկ մինչև 1-1,5 մ ձյուն է տեղում, ճանապարհը մաքրվում է միայն մինչև գյուղի ծայրը՝ եկեղեցու դուռը, բայց գյուղամիջյան ճանապարհը չեն մաքրում։ Հաճախ նույնիսկ Եղվարդ-Ուժանիս հատվածն անանցանելի է դառնում», - նշեց տիկին Սեդան, իսկ կանայք հավելեցին վերջերս գյուղի հանդեպ ևս մեկ «անարդարություն»․ ինչպե՞ս է ստացվում, որ եկել մաքրել են մինչև Եղվարդ ճանապարհի կողային հատվածները, իսկ Ուժանիս չեն եկել․ «Ի՞նչ է՝ անտերությա՞ն մատնված գյուղ է»։

Խմելու ջրագիծը մոտ 1 կմ-ի չափով տեղ-տեղ վնասվել է, և, Ս․Սարգսյանի մոտավոր հաշվարկով, 1,5 մլն դրամ է անհրաժեշտ նորոգման համար․ «Այնպես չէ, որ ջուր չունենք, նույնիսկ մեր ակունքից Եղվարդն է սնվում, բայց եթե նորոգվի, ջրի կորուստ չենք ունենա»։

Ինչ վերաբերում է խանութ չունենալուն, վարչական ղեկավարը նշեց, որ այդ հարցը կլուծի․․․

Վերոնշյալ խնդիրներին համայնքապետարանում տեղյակ են, բայց այս պահին կոնկրետ խոստումներ չկան․․․

Ծրագրեր ունեն և լավատես են․․․

Մինչ խոշորացումը համայնքային սուղ բյուջեով, իհարկե, հնարավոր չէր մեծ գործեր կատարել։ «Վորլդ վիժնի» աջակցությամբ նորոգվել է Ս․Հովհաննես եկեղեցու տանիքը, թեպետ պետք է նշենք, որ այստեղ նույնպես խնդիրներ կան։ Թռչունների համար բների վերածված միանավ կառույցը լավ կլիներ, որ ծառայեր իր նպատակին։ Մի քանի լուսատուներ են անցկացվել, մասամբ նորոգվել է գյուղապետարանի շենքը, թեթևակի բարեկարգվել են ճանապարհները, տավարի խմելու ջրի ավազաններ տեղադրվել, բայց շարունակություն է պետք։

Սասուն Սարգսյանի խոսքով՝ սեփական մեխանիզացիա ունի, բայց այն բավարար չէ։ Ուժանիսցիները օգտվում են Եղվարդի գյուղմեխանիզացիայի հավաքակայանից, բայց մինչ նրանց դաշտերը հնձում են, այստեղ արդեն խոտը ծղոտի է վերածվում։ «Եթե ինչ-որ ծրագրով չկարողանամ էլ գյուղտեխնիկա ավելացնել, սեփական միջոցներով կանեմ, որ գյուղացին չմտածի, բա որ ցանի՝ ինչպե՞ս է հնձելու», - տեղեկացրեց վարչական ղեկավարը։

Երազանք կա նաև նախկին կոլխոզի ֆերմայի շենքը նորոգել և ոչխար բուծել կամ թռչնաֆաբրիկայի վերածել, բայց մոտ 100-120 հազար դոլարի ներդրում է հարկավոր։ Ինչպես հասկացանք, հարուստ ուժանիսցիներ չկան կամ կան, բայց գյուղի համար դեռ բարեգործություն չեն արել։ Ինչպես տիկին Սեդան նշեց, շատ լավ կլիներ, որ կաթի մթերման կետ ստեղծվեր Ագարակ, Եղվարդ և Ուժանիս գյուղերի համար։ Սա գյուղում մնալու ևս մեկ խթան կհանդիսանար։

«Ծրագրեր շատ կան, բայց ֆինանսական միջոցներ են հարկավոր։ Եթե վերոնշյալ խնդիրներից հատկապես ճանապարհի, տրանսպորտի և ջրի հարցը գոնե 50-60%-ով լուծվի, դրական տեղաշարժ կլինի։ Համոզված եմ, մի օր կգա, որ հարցերը լուծված կտեսնենք, այստեղ կարևոր է նաև կառավարության դիրքորոշումը գյուղատնտեսության հանդեպ։ Ուժանիսը իր տեսարժան վայրերով, մշակութային հուշարձաններով կարող է գրավել զբոսաշրջիկներին», - ամփոփեց զրույցը Ս․Սարգսյանը։

Գյուղապետարանում դեռ խնամքով պահում են Աղասի Խանջյանի (ում անունով էր կոչվում կոլտնտեսությունը) դիմանկարը՝ որպես խորհրդային տարիներին գյուղի լավագույն ժամանակաշրջանի խորհրդանիշ։ Իսկ մենք գյուղից հեռացանք՝ գյուղամիջում հավաքված տիկնանց՝ Խանումին, Սեդային, Արևիկին, Սերվինեին, Ջուլիետին, թողնելով «վիճելիս»՝ գյուղում ապրե՞լ, թե՞ չապրել․․․ Նրանք հույսով սպասում են նոր կառավարության կատարած և ավելի շատ կատարելիք բարեփոխումներին։

Հետևում մնացին հարուստ բնությունը, մաքուր օդը, ծառերի անուշահամ բերքը․․․

Արմինե Հարությունյան

16:00 08.08.2018

Ամենաշատ ընթերցվածները