ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ընտանի թռչունների անկման դեպքեր են գրանցվել
20:00 09.08.2018

Ընտանի թռչունների անկման դեպքեր են գրանցվել

Ընտանի թռչունների անկման դեպքեր են գրանցվել: Մեծ թվով թռչուններ են սատկել Արմավիրի մարզի Շահումյան համայնքում: Հավերն անկել են նաև Աշտարակի մարզի որոշ համայնքներում և Գորիսի տարածաշրջանում: Ֆերմերները Հայաստան 24-ին ահազանգեցին, որ զգալի թվով կորուստներ են արձանագրվել Շահումյան համայնքում: Այստեղ բնակիչների 90 տոկոսը թռնաբուծությամբ է զբաղվում: Նրանց խոսքով՝ թռչունների անկման հետևանքով զգալի վնասներ են կրել:

Թռչնաբույծների նախագահ Սերգեյ Ստեփանյանը տեղյակ է վերջին դեպքերից: Նրա պնդմամբ՝ ֆերմերների մեղքով է թռչունների անկման դեպքերը գրանցվել: Բարձր ջերմաստիճանի պայմաններում թռչունների պահման կանոնները չեն պահպանել և կորուստներ են ունեցել:

«40 աստիճան ջերմաստիճան գրանցվելու դեպքում պետք է օդափոխություն անեին, բայց չեն արել: Փոքր տարածքում մեծ թվով թռչուններ են պահել այս շոգ պայմաններում, ինչի հետևանքով էլ նման իրավիճակ է ստեղծվել»,- փոխանցեց Ստեփանյանը: Թռչնաբույծների միության նախագահը վստահեցրեց, որ սատկած թռչունների մոտ ինֆեկցիոն հիվանդություն չի արձանագրվել:

«Հավերի մոտ շնչառական ուղիների հիվանդություն է նկատվել, որն անբավարար օդի հետևանքով է եղել: Համաճարակային ոչ մի նշան չկա»,- նշեց նա:

Շահումյան համայնքից նույնպես վստահեցրեցին, որ թռչունների մոտ ինֆեկցիոն հիվանդություն չկա, անհրաժեշտ բոլոր պրոֆիլակտիկ բուժումները կատարվում են:
Աղբյուր՝ hayastan24.com
20:00 09.08.2018