ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դեռ անելիք կա
17:10 10.08.2018

Դեռ անելիք կա

Գեղիի անտառները, կարծես, կենդանացած լինեն։ Ամիսներ առաջ ոսկետուտ թրթուրի բաժին դարձած ծառերի մի մասը արդեն կանաչ սաղարթով է պատվել։ «Քիմիական պայքարի շնորհիվ անտառի «վերքերը» բուժվել են, առողջացում է նկատվում», - վստահեցնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառնտեսություն» մասնաճյուղի Դավիթբեկի անտառպետության անտառապահ Լևոն Մովսիսյանը։

Կապանի անտառային գոտիներում տերևակեր վնասատուների տարածվածության սկբնական օջախները դեռևս աշնանն էին ի հայտ եկել։ Գարնանը մասնագետները վերստուգելու միջոցով հաստատել էին վարակվածությունը։ Անհապաղ քայլեր ձեռնարկելու համար Կապանի անտառտնտեսությունը ահազանգել էր բնապահպանության և գյուղատնտեսության նախարարություններ, սակայն ապրիլ-մայիս ամիսներին պատկան մարմինները տարբեր պատճառներով չկարողացան կազմակերպել թրթուրների դեմն առնելու ավիացիոն պայքարը (երկիրը գտնվում էր հեղափոխության մեջ)։ Հունիսի սկզբներին միայն հաջողվեց ուղղաթիռով սրսկել անտառները և վնասազերծել ոսկետուտին։ Թեև պայքարը որոշ ուշացումով կատարվեց, սակայն  անտառագետները փաստում են՝ դրական տեղաշարժ կա, միջոցները անտեղի չեն վատնվել։ «Ավիացիոն սրսկումներ կատարելու համար 5600 հեկտար տարածք էինք ներկայացրել, 4760-ը սրսկվեց։ Եթե ժամանակին սկսեինք, գուցե 5600-ն էլ հաջողվեր փրկել, բայց մեր մշտադիտարկումները թույլ են տալիս ասելու, որ բավականին մեծ տարածք, այնուամենայնիվ, կարողացանք թրթուրներից ազատել», - ասում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Սասուն Մանուկյանը։

Վերականգնումը աստիճանական և շարունակական գործընթաց է։ Պետք է հետևողական լինել։ Աշնանը, եթե թրթուրները նորից սկսեն բներ դնել, անպայման պետք է սրսկում կատարվի։ Առհասարակ մասնագետները պնդում են, որ անտառներում վնասատուների դեմ ամեն տարի հարկավոր է կանխարգելիչ պայքար տանել, չսպասել իրավիճակի սրացման։ Այդ դեպքում կորուստներն ավելի քիչ կլինեն։

Սովորաբար առաջին հերթին թրթուրները կաղնու վրա են տարածվում։ Բայց արի ու տես, որ այս տարի նրանց հաղթարշավը անտառներում ընդլայնել էր սփռման շրջանակը․ քաղցը հագեցնելու համար գրոհել էին նաև այն ծառերն ու թփերը, որոնք նախկինում նրանց տեսադաշտից դուրս էին։ Լևոն Մովիսիսյանի խոսքով՝ բողբոջները հենց բացվում էին, թրթուրը ուտում էր ու չէր թողնում, որ ծառը տերևակալի։ Հայաստանում գրանցված ամենագլխավոր վնաստուներից մեկն է ոսկետուտը։ Թրթուրի այս տարվա աննախադեպ տարածմանը նաև տաք ձմեռն էր նպաստել։

«Խուստուփ» ԲՀԿ նախագահ, փորձառու անտառագետ Վլադիկ Մարտիրոսյանը համոզված է, որ թրթուրի զանգվածային տարածումը կանխելու համար ավիացիոնից բացի՝ պետք է մեխանիկական պայքար տանել․ «Անտառապահները ամեն մեկն իր պահաբաժնում ուշադիր պիտի լինի, այգեգործական մկրատով կտրի թրթուրների ձմեռային բնիկները և այրելու միջոցով ոչնչացնի դրանք։ Անգամ 10 բնիկ ոչնչացնելով՝ մոտ 1000 թրթուր է վնասազերծվում»։

Ծառերի բներին ձվադրումից վաղ գարնանը դարձյալ որդեր են առաջանալու, որոնք դուրս կգան և կսկսեն ուտել տերևները։ 2-3 տարի պետք է անընդմեջ պայքար տանել, որպեսզի օջախները վերանան։

Հիշեցնենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքը 38 հազար 253 հա է, որից վարակված էր 5600 հա։ Ավիաքիմիական պայքարն իրականացրել է Գյուղատնտեսության նախարարությունը (այդ ժամանակ դեռ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Բնապահպանության նախարարության ենթակայության տակ չէր - խմբ․) 4760 հա տարածքում մայիսի 25-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում 80 թռիչքի միջոցով։

Ինչպես տեղեկացրին Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեից, աշխատանքներն իրականացվել են պետբյուջեի միջոցներով՝ շուրջ 28 մլն դրամ։ Օգտագործվել է 2380 լ թունանյութի լուծույթ, որի արժեքը կազմում է 9 մլն 877 հազար դրամ։  

Նելլի Միրզախանյան

17:10 10.08.2018

Ամենաշատ ընթերցվածները