ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Տասներկու սան՝ Լեռնաձորի մանկապարտեզում
18:00 10.08.2018

Տասներկու սան՝ Լեռնաձորի մանկապարտեզում

Համայնքների խոշորացումից հետո սաների պակասի պատճառով, ինչպես տնօրեն Նունե Առաքելյանն է ասում, 1995թ. կառուցված «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի փակման հավանականությունը մեծ էր:

Բայց Քաջարանի համայնքապետարանի ջանքերով այն ոչ միայն չփակվեց, այլև 12 սանի՝ այնտեղ հաճախելը դարձավ անվճար: «Հաստատությունը լիարժեք է միայն երեխաների աղմուկ-աղաղակով, ցանկությունը մեծ է կրկնապատկել սաների թիվը: Ցավալի է, երբ հենց լեռնաձորաբնակն է երեխային տանում Քաջարանի կամ Կապանի մանկապարտեզ: Հասկանում եմ, որ կան այնպիսի մանկապարտեզներ, որոնք պայմանների առումով մեզ գերազանցում են, բայց ամեն բան փորձում ենք անել՝ սաների օրը հետաքրքիր մթնոլորտում անցկացնելու համար»:

Այնուհանդերձ, հաստատությունը ունի որոշակի խնդիրներ, որոնց լուծման դեպքում ծնողներն ավելի շահագրգռված կլինեն իրենց երեխաներին այստեղ բերել: «Մեր առաջնահերթ խնդիրներից մեկը սպորտային դահլիճի բացակայությունն է, իսկ մենք մեծ տեղ ենք տալիս ֆիզիկական դաստիարակությանը: Չկա նաև երաժշտի, տնտեսվարի հաստիք, ինչին ըմբռնումով ենք մոտենում, քանի որ երեխաները քիչ են, բայց այս պարագայում էլ նրանք պետք է մասնագետ-երաժիշտից դասեր առնեն»:

Կարինե Մելքոնյանը մոտ 30 տարվա խոհարար է, ասում է՝ սիրով է պատրաստում երեխաների համար: Իսկ մանկապարտեզն էլ ապահովված է չափանիշներին համապատասխան սննդակարգով: «Երեխաները կաթնամթերքի, մսամթերքի, քաղցրի պակաս չունեն: Իսկ ապահովության համար միշտ ամեն ապուրից նմուշ ենք վերցնում և 48 ժամ պահում, որպեսզի հարկ եղած դեպքում իմանանք դրա թարմության կամ վտանգավորության մասին»։ Միաժամանակ նշեց, որ խոհանոցը բարեկարգման կարիք ունի: «Կահույքը շատ հին է՝ մոտ 30 տարվա, անշուշտ, ցանկալի կլինի, որ թարմացվի, որ արհեստական խնդիրներ չառաջանան խոհանոցում»:

Երեք տասնամյակ փոքրիկների հետ անցկացրած Լիդա Կարապետյանի խոսքով՝ անկախ որոշ գույքի պակասից, մեծ եռանդով ու ջանասիրությամբ են աշխատում փոքրիկների հետ: «Ես այս տարիքում չեմ հոգնում, իմ ձեռքով պատրաստում եմ ապլիկացիաներ, որ պարապմունքները հագեցած լինեն»:

«Հուսանք՝ գալիք ուսումնական տարում սաների թիվը կկրկնապատկվի, և որոշ բարեփոխումներ կարվեն մեր մանկապարտեզում»,- նշում են հաստատության աշխատակիցները՝ հավելելով, որ, անկախ ամեն ինչից, բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները:

Անուշ Միրզոյան

18:00 10.08.2018

Ամենաշատ ընթերցվածները