ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վիրավոր երգեհոնի ճակատագիրը
18:00 11.08.2018

Վիրավոր երգեհոնի ճակատագիրը

«Կապանցիները սիրում և գնահատում են, որ մենք քաղաքում ունենք նման գործիք։ Շատ է եղել, երբ համերգից հետո մոտեցել ու ասել են, որ երբևէ չեն լսել, իսկ  առաջին անգամ լսելուց հետո սիրահարվել են այդ երաժշտությանը», - պատմում է երգեհոնահար Մարինա Նահապետյանը՝ հավելելով, որ Կապանի արվեստի պետական քոլեջը տաղանդավոր երգեհոնահարներ ունեցել է՝ Աիդա Աբգարյանը, Մերի Մովսիսյանը, Աննա Առուստամյանը, ովքեր, ցավոք սրտի, այլևս Կապանում չեն։ Թերևս, քաղաքում այսօր գրեթե երգեհոնահարներ չունենալը պայմանավորված է նաև նպատակային ուսուցմամբ կոնսերվատորիան ավարտող շրջանավարտների չվերադառնալով, ինչու չէ, նաև այդ հարցում պատկան մարմինների անհետևողականությամբ։

Կապանի արվեստի քոլեջի դաշնամուրային բաժնի վարիչ Լիաննա Ստեփանյանը, ով դեռ կոնսերվատորիայում ուսանելու տարիներից միշտ հետաքրքրված է եղել երգեհոնային արվեստով, ափսոսանքով է նշում, որ այսօր ժամանակի սղության պատճառով չի կարողանում զբաղվել դրանով։ «Գալիք տարում հաստատ ժամանակ կտրամադրեմ երգեհոն նվագելուն։ Մեր ուսանողներին ծանոթացնում ենք գործիքին, բայց առանձին դասաժամ չի տրամադրվում դրա ուսուցմանը», - նշում է դաշնակահարուհին։

Երգեհոնը, որ նվագում են միաժամանակ ոտքերով և ձեռքերով, համարվում է աշխարհի ամենահին երաժշտական գործիքներից մեկը: Առաջին հայացքից թվում է, թե ամենաբարդ կառուցվածք ունեցող գործիքը շատերն են նվագում, սակայն, պարզվում է, որ նվագելու համար պետք է առաջին հերթին լավ դաշնակահար լինել․ «Ամեն մեկը չի կարող երգեհոն նվագել, քոլեջում դաշնակահարներ ունենք, սակայն բոլորը չէ, որ կարող են նվագել։ Ստեղնաշարեր կան, որ ինչպես ձեռքերով ես նվագում, նույն կերպ պետք է ոտքերով նվագես։ Դրա համար փոքրիկները չեն նվագում, քանի որ ոտքերը չեն հասնում ստեղներին», - ասաց Մարինան, ով այս պահին Կապանում միակ երգեհոնահարն է և շատ է մտահոգվում երգեհոնի ներկայիս վիճակով․ «Մեկ տարի է, ինչ չեմ մոտենում գործիքին, շատ եմ երազել երգեհոն նվագել, հիմա և՛ զբաղված եմ, և՛ պայմաններից ելնելով՝ չեմ կարողանում նվագել։ Եթե ձմռանը մատները սառչում են, ապա նվագելն անհնար է դառնում»։

Տևական ժամանակ է, ինչ Կապանում երգեհոնային համերգներ չեն լինում։ Կապանի եզակի հարստությունը վիրավոր է, այն վերանորոգման կարիք ունի, սակայն մինչ այդ հարկավոր է նախ կարգի բերել դահլիճը և ապահովել կայուն ջերմային ռեժիմ, ինչը հնարավորություն կտա մարդկանց մեջ արթնացնել երգեհոնի՝ վաղուց մոռացված գեղեցիկ ելևէջները․ «Եթե ստեղծվի հնարավորություն, անպայման նորից կպարապեմ և կսկսեմ նվագել», - ասաց Մ․Նահապետյանը։

Երգեհոնի պատմությունը

Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգի) Մարիինյան թատրոնը որոշել էր ազատվել իր երգեհոնից: Այդ ժամանակ դուրս գրված գործիքի գնահատումը իրականացնում էր հատուկ հանձնաժողովը (որի անդամներից էր նշանավոր երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը), որն էլ որոշեց գինը՝ չորս հազար խորհրդային ռուբլի: Սիրված երգեհոնահարի, Ալեքսանդր Մարջանյանի, Կ.Ուդումյանի և Ռաֆայել Մինասյանի ջանքերով երգեհոնը կապանյան գրանցում է ստանում: Կապան տեղափոխվելուց հետո պարզվեց, որ երգեհոնի մեխանիկական հատվածը շարքից դուրս եկած վիճակում է, բայց և այնպես գլանները պահպանված են: Գործիքի վերանորոգումը իրականացրին «Riger Kloss» ֆիրմայի չեխ մասնագետները, որի համար վճարվեց 58 հազար ռուբլի: 1976թ. մարտին Կապանի երաժշտական ուսումնարանում առաջին անգամ հնչեց գերմանական արտադրության «E.F. Walcher» ֆիրմայի երգեհոնը:

Այս դահլիճում բազմիցս հանդես են եկել նշանավոր երգեհոնահարներ Վահագն Ստամբոլցյանը, Արթուր Ադամյանը, Դավիթ Գիլանյանը, Ջեյմս Դալտոնը (Մեծ Բրիտանիա), Իմրիխ Շաբոն (Չեխոսլովակիա), Ռոբեր Ռոժյեն (Ֆրանսիա), Գալինա Կոզլովան, Գարի Գրոդբերգը (Ռուսաստան):

2006թ. մեծ շուքով նշվեց երգեհոնի տեղադրման 30-ամյակը, տնօրենության նախաձեռնությամբ  կազմակերպվեց երգեհոնային երաժշտության միամսյակ, որին մասնակցեցին ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը, Հարություն Թագվորյանը, Արմեն Աղաջանյանը և ուրիշներ:

2014թ․ քոլեջի կառավարման խորհուրդը որոշեց երգեհոնային դահլիճը անվանակոչել Վահագն Ստամբոլցյանի անունով:

Չլուծված խնդիրներ

Կապանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանի խոսքով՝ առհասարակ ամբողջ շենքը հիմնանորոգման կարիք ունի, իսկ երգեհոնը՝ թե՛ լարելու, թե՛ ռեգիստրների և թե՛ խողովակների խնդիր, բայց դրանից առավել ունի մասնագետի խնամքի և ուշադրության կարիք. «Շատ լավ դահլիճներ և երգեհոններ կան աշխարհում, և այդ լավերից մեկը մերն է, սա գլուխ գովելու համար չեմ ասում, պարզապես պետք է կարողանանք այն պահպանել: Դահլիճը մեծ է, և ձմռանը ջերմային կտրուկ տատանումները ազդում են գործիքի վրա»: 

Հրետակոծության հետևանքով երգեհոնը բեկորային վնասվածքներ է ստացել. «Ռեգիստրներ կան, որ չեն աշխատում, կան, որ աշխատում են, փոխարինում ենք մեկը մյուսով, և այդպես հնարավոր է լինում ինչ-որ չափով աշխատեցնել», - ասաց երգեհոնահար Մարինա Նահապետյանը:

Թվացյալ լուծում

«Riger Kloss» ֆիրմայի չեխ մասնագետները 2010թ․ հրավիրվել  են Կապանի արվեստի պետական քոլեջ (այն ժամանակ քոլեջի տնօրենն էր Լիանա Հակոբյանը)։ «Երկու վարպետ եկել և մի քանի օր ուսումնասիրել են երգեհոնը, կազմել վերանորոգման նախահաշիվ (մոտավորապես 30 հազար եվրոյին համարժեք)», - ասաց քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը:

2012թ․ փետրվարի 22-ին քոլեջը հյուրընկալեց Շվեյցարիայից ժամանած երգեհոնի վարպետ Ֆերդինանտ Շտեմերին, ինչպես նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանին: Այդ ժամանակ մասնագետն ասաց, որ ինքը պատրաստ է  անվճար վերանորոգել երգեհոնը, ինչի համար անհրաժեշտ  է երկու ամիս և  մի քանի օգնական: Նրա խոսքով՝ երգեհոնը կվերանորոգի միայն այն ժամանակ, երբ կվերանորոգվի դահլիճը, հակառակ դեպքում աշխատանքը արդյունք չի տա, քանի որ հետագայում՝ դահլիճի նորոգման ժամանակ, շինարարական փոշին  կարող է խցանել խողովակները:

«2013թ․ Սոցներդրումների հիմնադրամի միջոցներով երգեհոնային դահլիճի նախասրահը վերանորոգվեց: Այդ ժամանակահատվածում մարզպետը փոխվեց, և սկսված գործընթացը դադարեցվեց», -  ասաց Ա. Խաչատրյանը:

Հարցին՝ արդյոք այդ խնդրով չեն դիմել մարզպետարան կամ քաղաքապետարան, Վ․Քոչարյանը պատասխանեց, որ միշտ էլ բանավոր քննարկվել է այս հարցը. «Վերջերս էլ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանն էր այցելել արվեստի քոլեջ: Մենք խոսեցինք այս մասին, առաջիկայում առկա խնդիրների փաթեթը կպատրաստեմ և կներկայացնեմ համայնքապետարան, որպեսզի խնդիրների լուծմանը հնարավորինս ընթացք տրվի»:

Տեղեկացնենք, որ երգեհոնը առաջին անգամ նորոգվել է 1914թ․ Գերմանիայի լավագույն մասնագետների ձեռքերով, այնուհետև 1975թ․՝ Չեխոսլովակիայում, իսկ 1976-ին վերափոխվել և հարմարեցվել է Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճին: Այն, որ այս պահին վիրավոր երգեհոնը առողջացնելու համար առաջին հերթին հարկավոր է դահլիճի վերանորոգում և ջեռուցման ապահովում, դա պնդում են բոլորը, իսկ թե վեց տարի անց Ֆերդինանտ Շտեմերը կհիշի իր խոստումը և  պատրա????ստ կլինի անվճար վերանորոգել գործիքը, հայտնի չէ: Մինչ այդ պետք է հիմնավորապես ըմբռնել կարևոր մի բան, որ հազարամյակներ շարունակ ազգը պահպանել է իր ինքնուրույնությունը մշակույթով, և մեզնից յուրաքանչյուրի պարտքն է շարունակել պահպանել և զարգացնել այն, որի կարևոր երաշխիքներից  մեկը  նմանատիպ կառույցների խնդիրները ուշադրության կենտրոնում պահելն է։ Իսկ Կապանում երգեհոն նվագելը շատերի համար լոկ նախասիրություն չէ, ուրեմն և օր առաջ հարկավոր է քայլեր ձեռնարկել երգեհոնային դահլիճի պայմանների բարելավման ուղղությամբ։   

Նարե Խաչատրյան

18:00 11.08.2018

Ամենաշատ ընթերցվածները