ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բարությունը՝ սրտում, զենքը՝ ձեռքին
14:30 12.08.2018

Բարությունը՝ սրտում, զենքը՝ ձեռքին

Արտաշես Ազատի Անիբարյանը ծնվել է 1960թ. օգոստոսի 12-ին: Սովորել և ավարտել է Ծավի միջնակարգ դպրոցը, այնուհետև ընդունվել բժշկական ուսումնարան` բուժակի մասնագիտությամբ: Ծառայությունից հետո աշխատել է նախ՝ Հանդում, ապա՝ Ծավում՝ որպես բուժակ: 1992թ.-ից մասնակցել է գյուղի ինքնապաշտպանական մարտերին: 1993թ. ապրիլի 10-ին՝ մարտական գործողությունների ժամանակ, զոհվել է: Արտաշես Անիբարյանն արժանացել է Արիության մեդալի և այլ պարգևների։ Ամուսնացած էր, ունի 2 երեխա:

Երազից՝ դաժան իրականություն

Մայրը՝ տիկին Պերճուհին, պատմում է, որ որդու զոհվելուց երեք օր առաջ երազ էր տեսել ամուսնու հետ կապված, որը մտովի վերագրեց որդիներից մեկին, ինչպես հետո պարզվեց՝ մեծ որդուն՝ Արտաշին: «Արտաշի զոհվելուց երեք օր առաջ երազ էի տեսել, թե ամուսնուս թուրքերը բռնում և տանում են: Արթնացա և չգիտես՝ ինչու, իմ մեջ տպավորվել էր, որ երազս կիրականանա, բայց ամուսնուս փոխարեն որդիներիցս մեկի հետ: Շատ հուզված էի այդ օրը, նույնիսկ Արտաշը նկատեց, որ երազը շատ է ազդել ինձ վրա: Եվ հենց այդպես էլ եղավ, երեք օր հետո գյուղում կրկին տագնապ հայտարարեցին։ Արտաշը, տղաներին՝ մեկը՝ 2 տարեկան, մյուսը՝ 1, թողնելով Շիշկերտում, հավաքեց գյուղի երիտասարդներին և շարժվեց դեպի մարտի դաշտ՝ դիրքավորելով նրանց: Այդ օրը իր հետ եղած տղաները պատմում են, որ նա բոլորին ուղղություն տվեց, զգոնության կոչ արեց, բայց իրեն թուրքերը նկատեցին: Երբ իմացա, որ պետք է գնա, ինչ-որ տագնապ զգացի, և անկախ ինձնից կարծես թե արդեն սգում էի: Երեք երեխա էին՝ երկու եղբայր և մեկ քույր: Երկուսով էին գնացել մարտի, նա զոհվեց, իսկ փոքր եղբայրը՝ Արսենը, ողջ մնաց, սակայն մի քանի տարի առաջ նա էլ մահացավ», - պատմում է մայրը թաց աչքերով։

Մարտական ընկերոջ՝ Սուրեն Զաքարյանի խոսքով՝ ամեն հերթապահությունից հետո գալիս հանդիպում էր իրեն, խոսում էին այդ օրերին տիրող իրավիճակից։ «Երբ արդեն զգաց, որ գործողությունները թեժանում են, քրոջը՝ Արաքսյային, խնդրեց փամփուշտների համար նախատեսված գրպաններով մի ժիլետ կարել։ Ամբողջ գիշեր քույրը կարեց, և, երբ առավոտյան Արտաշն արթնացավ ու տեսավ այն, ասաց․ «Ա՛յ քույրիկ, սրա խաթեր տե՛ս քանի թուրքի հարց  եմ լուծելու»։ Դրանից չանցած մի 20 օր, ավաղ, զոհվեց», - հուզմունքից խեղդվելով՝ պատմում է ընկերը։

Ինչպես Նալբանդյանի հայտնի բանաստեղծության մեջ, քույրը յուր ձեռքով կարած դրոշը դրեց եղբոր ձեռքին և ուղարկեց հայրենիքը պաշտպանելու, այնպես էլ այստեղ, որպես քույրական օրհնություն, Արաքսյան ժիլետ կարեց․․․

Խղճի կանչով

1988թ․ Սպիտակի երկրաշարժի օրերին Արտաշը իր մանկության ընկերոջ՝ Ծավի ներկայիս վարչական ղեկավար Սեյրան Զաքարյանի հետ, ով նույնպես բուժակի մասնագիտություն ուներ, Երևանից համապատասխան թուղթ է վերցնում բժշկական օգնություն ցուցաբերելու իրավունք ստանալու  համար և գնում Սպիտակ: «Արտաշեսը, երբ վերադարձավ Սպիտակից, շատ ազդված էր, պատմում էր, որ նույնիսկ այդ իրավիճակում որոշ մարդիկ մտածում էին միայն գողության և թալանի մասին: 7 օր մնացին Սպիտակում: Տղաս, երբ պատմում էր այս ամենը, ինքնաբերաբար սկսեց արտասվել։ Երբ զոհերի մարմիններն էին հանում ավերակների տակից, կային մարդիկ, որ այդ ընթացքում գողությամբ էին զբաղված: Երբ նա վերադարձավ, քույրս հարցրեց, թե ինչպես և ինչու է Շիշկերտից հասել Սպիտակ, Արշակը միայն պատասխանեց, որ խիղճն է իրեն ուղղորդել և որ այլ կերպ լինել չէր կարող», - պատմում է տիկին Պերճուհին:

«Վերջին օրերին՝ հերթական տագնապների ժամանակ, Արտաշը ավելի զգայուն էր դարձել, շուտ էր խուճապի մատնվում, երևի թե զգում էր, որ թուրքի ձեռքով է մահանալու…», - շարունակում է մայրը:

Սուրենը պատմում է, որ Հանդի խաչմերուկում զոհվելուց առաջ ազերիների հետ մարտի էր բռնվել, ինչի վկայությունն էր բուժական պարագաներով քրքրված պայուսակը։ «Մի ձեռքին՝ մարտական զենք, մյուսին՝ բժշկական առաջին օգնության պայուսակը, մոտոցիկլետով անցնում էր անգամ նեղ կածաններով և օգնություն ցուցաբերում վիրավորներին։ Զոհվելու օրը, մինչ մենք կհասնեինք այնտեղ, վերևից նախազգուշացրինք, որ թշնամին տարածքում է, բայց չփախավ, այլ մինչև վերջ պայքարեց։ Երբ տեղ հասանք, արդեն ուշ էր․․․։ Ակտիվ, հաղթանդամ երիտասարդ էր, ով հայրենիքի պաշտպանությունը համարում էր սեփական ընտանիքի պաշտպանություն», - պատմում է Սուրենը՝ հավելելով, որ նրա դին փոխանակել են ազերիների դիերի հետ։

Մանկությունից մինչև մարտական դիրքեր՝ առաջնագիծ, միասին անցկացրած պահերը Սեյրանը կարոտով է հիշում: «Արտաշը շատ լավ մարդ էր, նա միշտ եղել է բարի, հոգատար և բոլորին հասնող: Ինքնապաշտպանական մարտերի ընթացքում ինքը և՛ բուժակ էր, և՛ մարտիկ: Նա կարող էր առաջնագիծ չգնալ և միայն կատարեր իր բուժակի աշխատանքը, բայց այնքան սրտացավ էր, որ տեղը հանգիստ նստել չէր կարող և հենց առաջնագծում էլ զոհվեց: Նրա համար միշտ կարևոր և առաջնային է եղել հայրենիքի պաշտպանությունը, և մարտերին գնում էր՝ գիտակցելով, որ իր կյանքը ամեն րոպե կարող է ավարտվել մարտի դաշտում», - պատմում է նա:

Ընտանիքն այսօր

Արտաշի կինը՝ տիկին Գոհարը, այսօր ապրում է ԱՄՆ-ում, իսկ որդիները՝ Ազատն ու Գոռը՝ Երևանում: Ավագ որդին՝ Ազատը, ով աշխատում է «BetConstruct» ընկերության մարքեթինգի բաժնում (անիմատոր), հայրիկի երիտասարդ տարիների, մարտական գործողությունների մասին պատմություններ լսել է հարազատներից․ «Հիշողությանս մեջ վառ տպավորվել է այն ճանապարհը, որտեղով հայրս ինձ տարավ ու առաջին անգամ տանկ նստեցրեց»։

Փոքր որդին՝ Գոռը, ով այժմ սովորում է Երևանի բժշկական համալսարանի օրթոպեդիկ ստոմատոլոգիայի օրդինատուրայում և միևնույն ժամանակ աշխատում բժիշկ-ստոմատոլոգ, մեզ հետ զրույցում նշեց, որ, չնայած փոքր է եղել և հորը չի հիշում, բայց միշտ նրա մասին միայն լավն են պատմել: «1993թ․ ապրիլի 10-ին հայրս զոհվեց, ապրիլի 21-ին ես դարձա 1 տարեկան: Բոլորի հիշողություններում, որոնք փոխանցվել են ինձ, հայրս մնացել է որպես բարի, ընկերասեր, կարեկցող, աշխատասեր և մարդամոտ անձնավորություն», - ասում է նա:

Տիկին Գոհարը, չնայած ամուսնու հետ կարճատև համատեղ կյանքին, հասցրել էր նկատել ամուսնու բնավորության հատուկ գծերը՝ ընկերասիրությունը, բարությունը, հայրենասիրությունը: «Մենք ամուսնացած ենք եղել 3 տարի, բայց, կարելի է ասել, իրար հետ ապրել ենք մեկ տարի, քանի որ Արտաշը՝ որպես կամավոր, այդ շրջանում տանը քիչ էր լինում, օրերով ու շաբաթներով խրամատում էր։ Նա ամեն տեսանկյունից լավն էր, շատ մարդամոտ էր, բարի…», - պատմում է նա:

Տիկին Պերճուհին պատմում է, որ որդին միշտ հպարտանալու առիթներ է տվել իրեն: «Երբ դեռ դպրոցում էր սովորում, մասնակցում էի բոլոր ծնողական ժողովներին և միշտ հպարտությամբ էի վերադառնում տուն: Ուսուցիչները ամեն անգամ առանձնացնում էին Արտաշին որպես խելացի, կարգապահ և բոլորին հասնող տղայի»։

Մայրը այսօր ապրում է Ծավ գյուղում՝ կրտսեր որդու կնոջ և թոռների հետ: Պետության կողմից, որպես զոհված ազատամարտիկի մայր, ստանում է ընդամենը 33 հազար դրամ թոշակ։

Ազատի կարծիքով․ «Եթե հայրս ողջ լիներ, հաստատ կհպարտանար մեզնով․․․», իսկ Սուրենը որպես ամփոփում նշեց, որ Արտաշեսի երազանքները կապված էին զավակների բարօրության, լավ ուսում ստանալու հետ․․․

Սոնա Օհանջանյան

14:30 12.08.2018

Ամենաշատ ընթերցվածները