ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ժամանակավոր ձեռնարկումը կօգնի՞
20:00 13.08.2018

Ժամանակավոր ձեռնարկումը կօգնի՞

«Աստված չանի, եթե ճանապարհի այս հատվածը հոսի, ճամփեզրին գտնվող այգուս մոտ 1200-1500 մ հատվածը նույնպես կհոսի՝ վտանգելով նաև տունս, - նշում է Սրաշենի բնակիչ Կամո Սարգսյանը։ - Պետք է շտապ լուծվի այս խնդիրը, այլապես անձրևները սկսելուն պես ավելի լուրջ վտանգի առաջ կկանգնենք»։

Այսպես ներկայացրեց Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի Մ-17 միջպետական ճանապարհի 26+250 կմ հատվածի սողքային վիճակը սրաշենցին, ում կարծիքով խնդրի լուծումը ձգձգելով և՛ վտանգն է մեծանում, և՛ հետագայում հետևանքները վերացնելու համար ծախսվելիք գումարի չափը։

Սրաշենի վարչական ղեկավար Հենզել Աբրահամյանի խոսքով՝ թե՛ համայնքային, թե՛ մարզային իշխանությունները տեղյակ են խնդրին, բայց միջպետական ճանապարհը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության սեփականությունն է, և նորոգման ֆինանսավորումը կառավարությունը պետք է իրականացնի։ «Հատկապես տեղանքին անծանոթները այստեղով երթևեկելիս կարող են վնասվել, մանավանդ գիշերը։ Չմոռանանք նաև, որ այստեղով տուրիստներ են անցնում, այս վիճակում ճանապարհը տեսնելով ի՞նչ կարծիք  պիտի կազմեն մեր երկրի մասին», - նշում է վարչական ղեկավարը։

«Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերությունը, որ պայմանագրով պատասխանատու է նաև այս ճանապարհի պահպանման և սպասարկման համար, խնդրին տեղյակ է, ավելին՝ մի քանի անգամ արդեն նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ին իրազեկել է այդ մասին՝ նշելով, որ հապաղումը կարող է անդառնալի հետևանքներ թողնել։ «Գարնանային անձրևներից Մ-17 ճանապարհի 26+250 կմ հատվածում առաջացած 30-40մ երկարությամբ սողքի մասին մեր գործառույթների սահմանում համապատասխան մարմիններին առաջին անգամ տեղեկացրել ենք մայիսի 16-ին։ Ամսական 1-2 անգամ Հայավտոմոբիլային ճանապարհների տնօրինության աշխատակիցն այցելում և ուսումնասիրում է ճանապարհների վիճակը։ Այդ սողքային գոտում նույնպես վիզուալ ուսումնասիրություններ կատարվել են», - տեղեկացրեց Ս․Առուստամյանը՝ հավելելով, որ կառույցի ղեկավարի փոփոխությանը զուգահեռ ամեն անգամ դիմում են ներկայացրել խնդրի վերաբերյալ։

Ինչպես նշեց «Կապանի ՃՇՇ»-ի գլխավոր ճարտարագետ Սերգեյ Առուստամյանը, նշված ճանապարհի 28-րդ կմ-ում դեռ 2016թ․առկա սողքի խնդիրը վերացվել է, հատվածը խճապատվել, սակայն մինչ օրս  չի ասֆալտապատվել (միջպետական ճանապարհը չի կարող ասֆալտապատ չլինել – խմբ․), ինչի հետևանքով հնարավոր չէ մակերեսային անձրևաջրերը հեռացնել կառուցված ջրահեռացման վաքով, ինչը մեծացնում է նոր սողքի վտանգը։

Հարցին, թե մոտավոր հաշվարկով ինչքան ֆինանսական միջոց է անհրաժեշտ խնդիրը լուծելու համար, գլխավոր ճարտարագետը նշեց, որ դեռ համապատասխան ուսումնասիրություններ պետք է իրականացվեն, պարզեն խնդրի առաջացման գլխավոր պատճառը, որից հետո միայն կարող է նախագծանախահաշվային փաստաթուղթ կազմվել։ «Եթե միայն մակերեսային ջրերի հետևանքով լինի սողքը առաջացած, բետոնե առուներ կառուցելով և ջուրը կազմակերպված հեռացնելով՝ հարցը կլուծվի, իսկ եթե խորքային ջրերը լինեն պատճառը, այդ դեպքում ավելի լուրջ ուսումնասիրություններ պետք է իրականացվեն», - նշեց գլխավոր ճարտարագետը։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը հավաստիացրեց, որ խնդրի լուծման ուղղությամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում․ «Քանի որ սողանքային երևույթ կա այդտեղ, մինչ շինարարական աշխատանքները լուրջ երկրաբանական ուսումնասիրություններ պետք է իրականացվեն, ինչի համար կառավարությունը ֆինանսավորումը օգոստոսի 9-ին հաստատել է։ Առաջիկա օրերին երկրաբանական ուսումնասիրության համար մրցույթ կհայտարարվի, որից հետո հաշվետվության հիման վրա կպատրաստվեն նախագծային փաստաթղթերը։ Կապիտալ շինարարական աշխատանքները ամենայն հավանականությամբ կիրականացվեն հաջորդ տարի։ Այն, որ այդ հատվածը պիտի վերանորոգվի, միանշանակ է, պարզապես կան քայլեր, որոնք պետք է հերթականությամբ իրականացնել՝ երկրաբանական աշխատանքների մրցույթ, նախագծի կազմում, հետո՝ շինարարություն»։

Նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ ձմռան համար ժամանակավոր միջոցառումներ կձեռնարկեն, որպեսզի մակերևույթների տարբերությունը մեծ չլինի, և ապահովվի անվտանգ երթևեկություն։

Հուսանք, որ այդ ձեռնարկումները կշտկեն վիճակը, և սողքի հետևանքով այդ հատվածի գյուղերից (էլ չենք ասում՝ երկու պետության) դեպի Կապան տանող տրանսպորտային կապը չի կտրվի․․․

Արմինե Հարությունյան

20:00 13.08.2018

Ամենաշատ ընթերցվածները