ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը
19:30 13.08.2018

Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվել. վերաքննիչ դատարանը բավարարել է պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռոբերտ Սահակյանը: «Վերաքննիչ դատարանը վերացնում է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»,- ասաց Սահակյանը: 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար ստորագրահավաք էին իրականացրել  ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էր 45 պատգամավոր,սակայն Գլխավոր դատախազությունը մերժել էր Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների ստորագրություններով երաշխավորագիրը:

Վերաքննիչ քրեական դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը քննեց երկու օր, որից հետո հայտարարվեց, որ դատարանի վճիռը կհրապարակվի օգոստոսի 13-ին, ժամը 16:00-ին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Յուրի Խաչատուրովը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բողոքարկել էին կալանավորման որոշումը:

Աղբյուր՝ armenpress.am

19:30 13.08.2018

Ամենաշատ ընթերցվածները