ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն. ԱԳՆ
19:00 14.08.2018

Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն. ԱԳՆ

«Կասպյան դաշինքը վերաբերում է Կասպից ծովի ափամերձ հինգ պետություններին, և հայկական կողմն այստեղ մեկնաբանելու շատ բան չունի: Հայաստանը, բնականաբար, հետևում է բոլոր այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն որոշակի ազդեցություն ունենալ մեզ վրա: Հետագայում կարվեն համապատասխան եզրակացություններ»,- այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Լրագրողների խնդրանքով նա անդրադարձավ նաև ՀՀ արտգործնախարարի վերաբերյալ վերջերս քննադատական հոդվածով հանդես եկած Գուրգեն Խաժակյանին՝ (վերջինս նախկինում աշխատել է ԱԳՆ-ում՝ խմբ.) նշելով, որ ԱԳ նախկին աշխատակիցների՝ բացասական ձևակերպումներով հոդվածները մեկնաբանության արժանի չեն:

«Երբ ես ԱԳՆ-ում առաջին քայլերն էի անում, Գուրգեն Խաժակյանի դեպքը մեզ օրինակ էր բերվում: Նա, եթե չեմ սխալվում, ԱԳՆ պատմության մեջ միակ անձնավորությունն էր, ով աշխատանքից հեռացվել էր դիվանագիտական գործունեության մեջ որևէ պիտանիություն չունենալու պատճառով: Այսպես գրված էր պաշտոնական հեռացման փաստաթղթում»,- հիշեցրեց Աննա Նաղդալյանը:

Հարցին՝ հավաստի՞ են տեղեկությունները, որ փորձ է արվում վերադարձնել 2008  թվականի մարտյան դեպքերից հետո ՄԻԵԴ-ից հեռացված պաշտոնյաներին՝ Ռուբեն Շուգարյանին, Վլադիմիր Կարապետյանին, Մարթա Այվազյանին, բանախոսը պատասխանեց, որ նման տեղեկություններ ինքը չունի:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշեց, որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և այդ երկրի հետ հարաբերությունները Հայաստանի համար կենսական նշանակություն ունեն:

«Բնականաբար, մենք հետևում ենք Իրանի շուրջ տեղի ունեցող բոլոր զարգացումներին: 2015 թվականին Հայաստանն առաջին երկրներից մեկն էր, որը ողջունեց Համապարփակ ծրագրի ընդունումը, քանի որ շարժվում էր այն  տեսլականով, թե ինչ հնարավորություններ էին բացվում տարածաշրջանում համագործակցության ընդլայնման առումով: Բնականաբար, վերջին զարգացումները մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է բաց երկխոսություն վարել և իրանական, և գործընթացում ներգրաված բոլոր կողմերի հետ: Մենք ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և դրանցով պայմանավորված մեր դիրքորոշումը»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Հարցին՝ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրանը, ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանեց, որ այսօրվա դրությամբ օրակարգում նման հարց չկա:

«Տարբեր մակարդակի փոխայցելություններ տարվա ընթացքում ծրագրվում են, բայց հստակ ժամկետներ դեռևս չկան»,- ամփոփեց բանախոսը:

Աղբյուր` Panorama.am

19:00 14.08.2018

Ամենաշատ ընթերցվածները