ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Առաջընթաց արդյունաբերական Քաջարանում
15:00 16.08.2018

Առաջընթաց արդյունաբերական Քաջարանում

Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության աջակցությամբ մոտ երկու ամիս արդյունաբերական քաղաքում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ են ընթանում: Սրան նախորդել էր հարյուրավոր ծառերի ու թփերի տունկը: Այժմ շեշտը դրվում է քաղաքի արտաքին տեսքի բարելավման վրա:

Մինչ բարեկարգման մասին խոսելը նշենք, որ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հունիսի 28-ից հուլիսի 5-ը աշխատանքային այցով գտնվում էր Քաջարանի քույր քաղաք Ժոդինոյում (Բելառուս), որտեղից վերադարձել է համագործակցությունը շարունակելու ծրագրերով: «Բավականին հետաքրքիր անցան մեր օրերն այնտեղ, քանի որ այցի շրջանակում ծանոթացանք Ժոդինոյի արդյունաբերական, մշակութային ոլորտներին առնչվող խնդիրներին: Կարծում եմ՝ Քաջարան-Ժոդինո համագործակցությունը շահավետ կլինի մեր քաղաքացիների համար: Ասեմ, որ իրենք պատասխան այցով կգան Քաջարան», - նշեց համայնքի ղեկավարը։

Մանվել Փարամազյանի խոսքով՝ մոտ երեսուն տարի քաղաքում բնակարանաշինություն չի իրականացել, այդ պատճառով որոշվեց առաջին հերթին դրա վրա կենտրոնանալ: Բնակարանները կտրվեն կոմբինատում աշխատող երիտասարդ և բազմազավակ ընտանիքներին: Այս հարցում կաջակցի «ԶՊՄԿ»-ն: «Ունենք խոշոր ծրագրեր. շուտով ավարտին կհասցվեն մշակույթի պալատի, արվեստի դպրոցի, համայնքապետարանի ենթակայության մանկապարտեզի, եղբայրական գերեզմանոցի հիմնովին վերանորոգման աշխատանքները: Միաժամանակ քաղաքում ռիթմով իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ, նոր թափով կսկսվեն Խանջյան և Գայի փողոցների մայթեզրերն ու ճանապարհները բարեկարգվել»:

Քսան տարի անց քաղաքում լուծվեց նաև հանրային սանհանգույցների հարցը, մեկն արդեն կառուցվել է, մյուս երկուսի կառուցումն էլ սարերի հետևում չէ: «Կենտրոնական հատվածում պետքարանի վերակառուցումը ճիշտ քայլ էր, քանի որ շատ  են եղել դեպքեր, որ այդ առթիվ դժգոհություններ եմ լսել», - մեզ հետ զրույցում նշեց շինարար Սերժիկ Ավետիսյանը:

Իսկ քաջարանցի Էրիկ Սաղաթելյանն ասում է, որ ողջունելի են քաղաքում իրականացվող աշխատանքները, քանի որ սա հնարավորություն է ընձեռում երիտասարդներին քաղաքում պահելու, այստեղ գործունեություն ծավալելու համար:

Բարեկարգումներից անմասն չի մնացել «Քաջարանի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ն, մասնավորապես խմելու ջրի մաքրման կայանում են նոր գործեր արվել: Կին աշխատակիցների խոսքով՝ արդեն հնարավոր է աշխատել պարզապես նորմալ պայմաններում: Կայանի օպերատոր Անահիտ Խաչատրյանի խոսքով՝ տասնութ տարի այստեղ է աշխատում, բայց միայն երկու տարի է, որ բարելավված պայմաններ են, էլ չկան վազվզող մկներ ու գլխիդ թափվող ջրեր: «Արդեն հանդերձարան, լոգասենյակ, հանգստի սենյակ ունենք, ինչին երկար էինք սպասել», - նշեց օպերատոր Արմինե Խաչատրյանը:

Խմելու ջրի մաքրման կայանի պետ Արա Ստեփանյանը հավելեց, որ  բարձրացել է ջրի որակը, խմելու ջրի քանակի հարցը ևս լուծվել է, ասել է թե՝ ջրանջատումները հասցվել են նվազագույնի, ձգտում են քաղաքի բնակչությանը շուրջօրյա ջուր մատակարարել:

Արման Հարությունյանն ասում է, որ մոտ երկու տարի է, ինչ ղեկավարում է կոմունալ տնտեսությունը, առաջին իսկ օրվանից փորձել է անել ամեն բան, որ խմելու ջուրը մաքուր լինի, մարդիկ աշխատեն նորմալ պայմաններում, քանի որ նախկինում բավականին անմխիթար վիճակ էր, տարրական հիգիենիկ պայմաններն այստեղ բացակայում էին: «Երկար ժամանակ է՝ չեն փոխվել ջրամատակարարման խողովակները, այժմ այդ ուղղությամբ է աշխատանք տարվում»:

Նշենք, որ Քաջարանում շուտով կլինեն երգող շատրվաններ, քաղաքը կունենա ժամանակակից էլեկտրոնային գրադարան:

Հնարավորություններ ու միջոցներ միշտ էլ կարելի է գտնել, պարզապես քաղաքիդ զարգացման համար պետք է շահագրգիռ լինես:

Անուշ Միրզոյան

15:00 16.08.2018

Ամենաշատ ընթերցվածները