ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Մենք ստիպված կհայտնվենք փողոցում». Սյունիքում գործող Տիկնիկային թատրոնի գործունեությունը վտանգված է
19:00 16.08.2018

«Մենք ստիպված կհայտնվենք փողոցում». Սյունիքում գործող Տիկնիկային թատրոնի գործունեությունը վտանգված է

18 տարի Սյունիքում գործող Տիկնիկային թատրոնի գործունեությունը վտանգված է:

Հարցազրույց «Տիկնիկ» տիկնիկային թատրոնի հիմնադիր ղեկավար Գրիշա Մարգարյանի հետ:

Պարոն Մարգարյան ինչպե՞ս ստեղծվեց «Տիկնիկ» Տիկնիկային թատրոնը, և ի՞նչ ճանապարհ եք անցել մինչ այժմ, ի՞նչ կարևոր ձեռքբերումներ ունեք:

- 2008թ. հիմնեցի Երեխաների հոգևոր դաստիարակության և աջակցության «Տիկնիկ» հասարակական կազմակերպությունը, իսկ 2010 թվականին «Տիկնիկ» տիկնիկային թատրոնը: Երեխաների հոգևոր դաստիարակության և աջակցության «Տիկնիկ» հասարակական կազմակերպության և «Վորլդ Վիժն Հայասատան» ՄԲԿ-ի համատեղ ջանքերով «Տիկնիկ» տիկնիկային թատրոնը ստեղծվել է 2010 թվականին: Համագործակցել ենք «Վորլդ Վիժն Հայասատան» ՄԲԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի, «Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամ»-ի հետ: Մեր տիկնիկային թատրոնը յուրահատուկ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որովհետև մեր տիկնիկավարների 70 տոկոսը հաշմանդամներ են: Սյունիքի մարզում չկա տիկնիկային թատրոն, մենք 6 տարի անվճար սպասարկել ենք մարզի երեխաներին, «Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամ»-ի շնորհիվ ունեին 3 մասնաճյուղ, Գյումրիում, Ալավերդիում, Շուշիում: Հյուրախաղերով եղել ենք Հանրապետության 3 մարզերում, նաև Երևանում: Իրականացրել ենք տարբեր ծրագրեր, քաղաքացիության, բնապահպանական, հայրենասիրական թեմաներով: Խաղացանկում ունենք 12 ներկայացում:Ունենք այն ամենը ինչ անհրաժեշտ է շարժական տիկնիկային թատրոնին, 57 տիկնիկ, շարժական բեմ, տեխնիկապես հագեցված ենք: Երևանի քաղաքապետի հրավերով մասնակցել ենք Էրեբունի-Երևան տոնակատարությանը, դարձյալ Երևանի քաղաքապետարանի հրավերով մասնակցել ենք «Երևանյան ամառ» և «Խոսող խաղալիք» փառատոններին: 2Օ17 թվականին Եգիպտոսի ակադեմիական տիկնիկային թատրոնի հրավերով մասնակցել ենք միջազգային առաջին տիկնիկային օնլայն փառատոնին «Սասունցի Դավիդ» էպոսի տիկնիկային 1 ժամանոց ներկայացումով, ներկայացնելով Հայաստանը, քանի որ մենք միակն էինք Հայաստանից: Այս տարի հրավեր ստացանք Հնդկաստանի տիկնիկային փառատոնից, սակայն մերժեցինք, հովանավոր չունենալու պատճառով: Ներկայացումներով հանդես ենք եկել մանկատներում, հաշմանդամ երեխաների հատուկ դպրոցներում, հանրակրթական դպրոցներում, մանկապարտեզներում, զինվորական զորամասերում, Ունեցել ենք հրապարակային ներկայացումներ: Արդեն 2 տարի է անգործության ենք մատնված հովանավոր չունենալու պատճառով: «Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամ»-ը 3 տարի 6 ամիս հովանավորեց, սակայն եվրոպական օրենքներով էլ չէր կարող հովանավորել,թեև շատ էին ուզում: ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ 2 ամսյա ծրագիը «Կանաչ Սյունիք» մեծ հավանություն արժանացավ Երևանում կայացած բնապահպանական գիտաժողովի կողմից, որին մասնակցում էինք նաև մենք ԵԱՀԿ-ի հրավերով: Բազում անգամ դիմել ենք Կապանի գործարարներին,նախկին քաղաքապետերին, նախկին մարզպետներին, որպեսզի Սյունիքի մարզում ունենանք մշտական գործող տիկնիկային թատրոն, սակայն մերժել են, ասելով փող չկա:

Կարճ ժամանակամիջոցում այսպիսի ձեռքբերումներ ունեցող թատրոնը այսօր` տարածք, միջոցներ, հովանավորներ չունենալու պատճառով կարող է փակվե՞լ:

- Մենք սեփական տարածք չունենք, վարձակալել ենք 3 սենյականոց բնակարան առաջին հարկում, որտեղ և անում ենք մեր փորձերը: 2 տարի է, տարածքը վարձակալում ենք բարերարների տված գումարներով, սակայն 2 ամիս հետո ժամկետը լրանում է և մենք ստիպված կհայտնվենք փողոցում կամ պետք է այլ բարերարներ փնտրենք: Թատրոնը չի փակվի, սակայն չի էլ կարող լիարժեք աշխատել:

Պարոն Մարգարյան ո՞րն է այս հարցի լուծման ձեր տեսլականը. ի՞նչ քայլեր են անրհաժեշտ, որպեսզի Կապանը չզրկվի թատերարվեստի այս տեսակից:

- Ուղղակի ամոթ է ամեն անգամ փող մուրալ բարերարներից, նախ պետք է լուծվի տարածքի հարցը, լավ կլիներ ունենայինք հաշմանդամների կենտրոն, որտեղ համ մենք կանեինք մեր փորձերը, համ էլ այլ հաշմանդամներ կհաճախեին,կինտեգրվեին հասարակական կյանքին: «Տիկնիկ» տիկնիկային թատրոնը ամեն ինչով ապահովված, տեխնիկապես հագեցած թատրոն է: Միայն անհրաժեշտ է լուծել աշխատողների աշխատավարձի և տրանսպորտի հարցերը:

Համոզված ենք որ «Տիկնիկ» Տիկնիկային թատրոնը կշարունակի իր գործունեությունը: Վերջում՝ ի՞նչ կավելացնեք՝ գուցե կո՞չ, պատգա՞մ բարերաներին և պատկան ղեկավար մարմիններին:

- Բոլորը պետք է հասկանան մի բան, որ այս ամենը մենք անում ենք մարզի ամբողջ երեխաների համար: Սյունիքի մարզը երբեք չի ունեցել մշտական գործող տիկնիկային թատրոն, իսկ օգնելով մեզ, կօգնեն թատրոնում աշխատող հաշմանդամներին, ինչպես նաև մարզի երեխաներին, ունենալու իրենց թատրոնը:

Զրույցը՝ Նարեկ Իսրաելյանի
Լուսանկարները՝ Գրիշա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Աղբյուրը՝ «Մշակութային Սյունիք» լրատվական պորտալ

19:00 16.08.2018