ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բանտը հասարակության հայելի-2
18:00 17.08.2018

Բանտը հասարակության հայելի-2

Բանտը ցանկացած հասարակության հայելին է: Ուզո՞ւմ եք շատ արագ պատկերացում կազմել այս կամ այն ժողովրդի մասին, այցելե՛ք քրեակատարողական հիմնարկ:

Մենք գողական ենթամշակութային արժեհամակարգով ապրող հասարակություն ենք, որը նման է եկեղեցու արժեհամակարգին: Կարծում եք՝ ծայրահեղացնո՞ւմ եմ: Կարդացեք մինչև վերջ:

Գողական, եկեղեցական համակարգի դասակարգումը

Քրեակատարողական հիմնարկում ապրող, գողական ենթամշակույթը հարգող դատապարտյալները հստակ բաժանված են կաստաների ճիշտ այնպես, ինչպես եկեղեցականները: Նույնասեռականների համար նախատեսված խցից մինչև «նայողների», «պալաժենեցների» (մարդիկ, ովքեր որոշում են դատապարտյալների նիստ ու կացը) խցեր․ ամեն ինչ համընկնում է եկեղեցականների կյանքի հետ: Յուրաքանչյուր ոք համակարգում ունի իր ուրույն տեղն ու դերը: Բուրգի վերևում գտնվող մարդիկ որոշում են այլոց կյանքի պայմանները՝ ըստ իրենց հորինած կանոնների, որոնց ծագման մասին հաճախ նույնիսկ իրենք չգիտեն: Օրինակ, ըստ գողական կանոնների, նույնասեռականին չի կարելի ծեծել ձեռքով, միայն կոշիկի ներբանով, չի կարելի նրանից իր կամ ուտելիք վերցնել, բայց նրա հետ կարելի է սեռական կապ ունենալ, և դա նորմալ է, չի հակասում գողական օրենքներին: Հիմարություն է, բայց այս, առաջին հայացքից անբացատրելի հիմարությունն ունի պատմական բացատրություն: Խորհրդային Միության օրոք, երբ մարդկանց աքսորում էին Սիբիր, որտեղ նրանք տասնամյակներով կանանց երես չէին տեսնում, օրենքով գողերը մի օր որոշեցին, որ նույնասեռականների հետ սեքսը պետք է թույլատրել, որպեսզի հազար ու մի ցավի չհանդիպեն: Այսօր, երբ կանանց հետ երկարատև տեսակցությունը թույլատրված է ցանկացած բանտի կամ գաղութի հատուկ սենյակում, գողերի՝ կենսաբանական պահանջի բավարարման միտում ունեցող որոշումն անիմաստ է, սակայն գողական համայնքի վերնախավը չի փոխում հնուց եկած որոշումը: Կամքի բացակայություն է, թե գիտելիքի, արդեն կարևոր չէ; Եկեղեցականները նույնպես չունեն բազմաթիվ կանոնների ու ծիսակարգերի բացատրություն: Որպես օրինակ բերեմ Տրնդեզը, որը ակնհայտ կրակապաշտության հեթանոսական ավանդույթ է, սակայն հավես բան է, և այն արագորեն վերաբրենդավորվեց որպես բարի եկեղեցական ավանդույթ: Ի վերջո, եթե մարդիկ հարգում և հավեսով հետևում են ինչ-որ ավանդույթների կամ ծեսերի, ապա ինչո՞ւ չվայելել համընդհանուր հարգանքը առանց կտրուկ քայլերի: Իրավիճակին հարմարվելը ավելի խելացի որոշում է․ չէ՞ որ գերնպատակը իրավիճակը վերահսկելն է:

Ֆինանսներ

Գողականներն ունեն «օբշագ» հասկացություն՝ գողականների յուրատեսակ բյուջե: Գումարը հավաքվում է տարբեր կերպ: Ոմանք ամեն ամիս վճարում են խցի հարկ կոչվածը, ոմանք «ղումար են խաղում» և տոկոս վճարում, կան նաև ուղղակի փոխանցումներ «նեղ կյանքով ապրող ախպերների ֆոնդին»: Բանտի իրավիճակը վերահսկող «պալաժենին» ունի երկու ցուցակ, որտեղ գումարային բոլոր հոսքերը՝ պարտքերը և սպասվելիք գումարները, մանրակրկիտ ներկայացվում են: Գողական էլիտան Սուրբ գրքի պես պահում է այս ցուցակը: Ի վերջո դրսի գողերը պետք է տեղյակ լինեն այս ֆինանսներից: Ամեն դեպքում բանտի «պալաժենեց» նշանակում են այնպիսի անձնավորության, ով, գողական լեզվով ասած, կարողանում է «սազդավատ անել» գումարային հոսքեր «օբշագի» համար: Ինչպես գողականները, այնպես էլ եկեղեցականներն իրենց ֆինանսներից հարկեր չեն վճարում: Երկուսն էլ տիրապետում են գույքի, արտոնությունների, ճոխ կյանքի ատրիբուտների՝ ստորին օղակների լուռ համաձայնությամբ:

Գաղափարախոսություն

Վերոհիշյալ համակարգերում կարևորագույնը գաղափարախոսությունն է: Գողական կամ եկեղեցական համակարգն անսասան է, քանի դեռ կան այդ համակարգը դավանողներ: Դավանողները պետք է շատ բան չհասկանան կաստաներից, արդարությունից և անարդարությունից, ֆինանսների բաշխումից և այլն: Իրենցից պահանջվում է՝ անվերապահորեն հավատալ համակարգին և կատարել այն, ինչ համակարգի էլիտան կորոշի: Որոշումները բեկման ենթակա չեն թե՛ գողականների և թե՛ եկեղեցականների մոտ: Հոգևոր, թե գողական հովիվների նախահայրերն ամեն ինչ մոգոնել են տասնյակ, հարյուրավոր տարիներ առաջ և միայն շտկել ու կատարելագործել են ստորադասներին վերահսկելու գաղափարախոսությունը և մեխանիզմները: Փառք գողերին, փառք Վեհափառին, փառք հոգևոր հովվին: Կեցցե մարդկանց տգիտության և միամտության վրա հիմնված անխափան համակարգերի գաղափարախոսությունը:

Պետությունից անկախ

Երկու համակարգերն էլ համարվում են անկախ պետությունից: Նրանք ինքնուրույն են վերից վար: Սիրո, համերաշխության և արդարության հեղափոխությունից ակնկալում եմ այս երկու անկախ, հասարակությանը ոչ հաշվետու համակարգերի ֆինանսական հոսքերի հանդեպ մոտեցման վերանայում: Եթե չեն ուզում վերանայել, ապա նշանակում է, որ պետության մեջ ունենք ևս երկու պետություն, որտեղ հեղափոխությունը դեռ տեղ չի հասել: Իսկ գուցե չի հասել այն պարզ պատճառով, որ ուզում ենք ապրել իրենց գաղափարախոսության վրա հիմնված գողական և եկեղեցական չվերահսկվող արժեհամակարգում:

Արման Սուլեյմանյան
Լուսանկարի հեղինակ՝ Ստեֆան Արապովիչ

18:00 17.08.2018