ԱՎԵԼԻՆ

Մշակույթ

Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
13:30 21.08.2018

Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը

Օգոստոսի 31-ին՝  Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին, Ֆրեզնոյում կբացվի գրողի տուն-թանգարանը: ՀՀ մշակույթի նախարարության հաղորդմամբ, բացման միջոցառումը կկայանա տեղի համալսարանի «Սեթըլիթ Յունիըն» դահլիճում: Միջոցառումը կմեկնարկի Սարոյանի կյանքին նվիրված ցուցահանդեսով, որին կհաջորդի Վիլյամ Սարոյանի և «Սարոյան Հաուս» նախագծի մասին պատմող վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

«Սարոյան Հաուս» նախագծի սկիզբն ազդարարվել է 2016 թվականին, երբ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ձեռք է բերել Վիլյամ Սարոյանի՝ Ֆրեզնոյի Գրիֆիթ Վեյ (W Griffith Way) 2729 հասցեում գտնվող տունը, որտեղ գրողն անցկացրել է կյանքի վերջին 17 տարիները:

Նշանավոր գրողին լիարժեք ներկայացնելու համար «Սարոյան Հաուս» նախագիծը ստեղծել է սարոյանական ամենամեծ թվայնացված արխիվը, հավաքագրել ու շարունակում է տարբեր միջոցներով ձեռք բերել Սարոյանին առնչվող իրեր, լուսանկարներ, գունանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, ֆիլմեր, ձայնագրություններ: Ամբողջ նյութը թանգարանում ներկայացվելու է տեխնոլոգիական ինտերակտիվ լուծումներով: Սրահներից մեկում «ներկա» կլինի հենց գրողը՝ հոլոգրաֆիկ պատկերով:

Հետագայում տուն-թանգարանը կդառնա նաև սարոյանագիտության կենտրոն: Նորարարական բոլոր լուծումներով թանգարանը տարածաշրջանում առաջինն է, իսկ որպես Սարոյանի տուն-թանգարան՝ առաջինն աշխարհում:

Աղբյուրը՝ Panorama.am

13:30 21.08.2018

Ամենաշատ ընթերցվածները