ԱՎԵԼԻՆ

Սյունիք

«Վեոլիա Ջուր»-ը անդրադարձել է «Հետքի» հրապարակմանը
14:00 22.08.2018

«Վեոլիա Ջուր»-ը անդրադարձել է «Հետքի» հրապարակմանը

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն անդրադարձել է «Վաչագանում բնակիչները խմելու ջրին «կակաո» են ասում» հրապարակմանը։ Այն ներկայացնում ենք նույնությամբ․

Վաչագան թաղամասի խնդիրը լուծելու համար պահանջվում են զգալի կապիտալ ներդրումներ

Խնդրի մասին

Կապան քաղաքի Վաչագան բանավանի ջրամատակարարումն իրականացվում է նույն բանավանի օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ)։ Մինչև ՕԿՋ-ն՝ կա նաև ֆիլտրացիոն կայան, որը ջուր է ստանում մոտ 12-13 կմ հեռավորությունից՝  75-100մմ տրամագծով  մետաղական խողովակաշարով: Վերջինս իր հերթին սկիզբ է առնում կառուցված փոքրիկ ջրահավաք ավազանից, որի մեջ լցվում են ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ջրեր: Նշենք նաև, որ ջրահավաք ավազանից դեպի ջրի ֆիլտրացիոն կայան տրանսպորտային ճանապարհ գոյություն չունի, անհրաժեշտության դեպքում որևէ  աշխատանք կատարելու համար սարքավորումները և գործիքները տեղափոխվում են ձիերով կամ ավանակներով:

Ջրի որակ

Ջրի՝ ժանգի գույն ունենալու պատճառն այն է, որ ջրառն իրականացվում է ոչ թե Խուստուփ սարի բնական աղբյուրներից, այլ, ինչպես արդեն նշվեց, մակերեսային՝ գետաջրերից, որոնք ի սկզբանե չունեն լեռնալանջերից բխող բնական աղբյուրների մաքրությունը։ Այնուամենայնիվ՝ ջուրն անցնում է մեխանիկական մաքրում, ապա նոր մղվում բնակավայրի ջրամատակարարման համակարգ։ Սակայն համակարգի խողովակաշարը, շահագործվելով դեռևս 1970-ականներից,   ենթարկված է լրջագույն կոռոզիայի, որն էլ իր բացասական ազդեցությունն է թողնում ջրի որակի վրա։

Ջրի վարակազերծումն  իրականացվում է մեխանիկական եղանակով՝ կալցիումի հիպոքլորիդի հաբերով: Յուրաքանչյուր չորս օրը մեկ մեր մասնագետը դրա կերամիկական պարկուճները թարմացնում է և տեղադրում ՕԿՋ-ում:

Ինչ վերաբերվում է ջրամբարի մաքրմանը՝ տեղեկացնում ենք, որ «Կապան» տեղամասի աշխատակիցներն ամեն տարի՝ ըստ սահմանված գրաֆիկի, այն լվանում են ու ախտահանում: Վերջին անգամ Վաչագան բանավանի ՕԿՋ-ի մի մասը մաքրվել է մեկ ամիս առաջ, իսկ վերջին օրերին կատարվել են մաքրման և ախտահանման վերջնական աշխատանքներ:

Ապօրինություններ

Ապօրինի ջրագծերի վերացումը ևս մշտապես գտնվում է «Կապան» տեղամասի աշխատակիցների ուշադրության կենտրոնում։ Սակայն կատարված աշխատանքների արդյունքը երկար չի պահպանվում, քանի որ  նշված թաղամասում գոյություն չունի ջրամատակարարման ներքին ցանց, բոլոր ջրագծերն անցնում են վերգետնյա։  Ուստի՝ չնայած պարբերաբար իրականացվող ապամոնտաժումներին՝ (վերջին անգամ նոր բաժանարար հանգույց տեղադրելու և ՕԿՋ-ն մաքրելու ընթացքում անջատվել է թվով 5 ապօրինի ջրամիացում), մեր աշխատակիցների հեռանալուց հետո բնակիչները ապամոնտաժված ջրագծերը նորից միացնում են:

Լիազոր եւ բնակիչներ

Խցանումների պատճառը բացի տիղմից՝ Վաչագան բանավանի ՕԿՋ-ից մոտ 150մ հեռավորության վրա գտնվող բաժանարար կոլեկտորն է, որը գտնվում է բաց վիճակում այստեղից բխող բոլոր հետեւանքներով։ Դեռևս անցած տարի «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից Վաչագան բանավանի ՕԿՋ-ի մոտ մեծ դժվարությամբ կառուցվել է 700մմ տրամագծով նոր բաժանարար կոլեկտոր: Նախկինում թաղամասի լիազորի կողմից ներկայացված նամակով բնակիչները և բանավանի լիազորը պարտավորվել էին նախկին՝ բաց կոլեկտորից, խողովակներն անցկացնել և միացնել նոր կառուցված բաժանարար կոլեկտորին բնակիչների ուժերով: Սակայն ջրաբաշխիչի կառուցումից հետո, անհայտ պատճառներով վերջիններս հրաժարվեցին նախնական պայմանավորվածությունից և պահանջեցին, որ այդ աշխատանքներն իրականացնի «Վեոլիա Ջուր» ընկերությունը և իրենց տրամադրվի մոտ 1500 գծամետր 25մմ տրամագծով պոլիէթիլենային նոր խողովակ: Թաղամասը ջրազրկված չթողնելու համար «Կապան» տեղամասի աշխատակիցներն ստիպված եղան հաջորդ օրը հին կոլեկտորը միացնել նորին:

Խնդրի լուծում

Մնում է ավելացնել, որ Վաչագան բանավանի ջրամատակարարման հարցը միշտ եղել է խնդրահարույց, դեռ 2005 թ․-ից՝ Հայջրմուղկոյուղի ՓԲԸ ժամանակ ամեն տարի «Կապան» տեղամասի կողմից ահազանգվել է այդ խնդիրների մասին, սակայն դրանց վերջնական լուծում տալու համար անհրաժեշտ են կապիտալ ներդրումներ Վարձատուի՝ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի կողմից՝  նշված թաղամասում արտաքին և ներքին ցանցի կառուցման համար:

Աղբյուրը՝ Hetq.am

14:00 22.08.2018

Ամենաշատ ընթերցվածները