ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կանչը առաջինն ենք ստանում, հասնում՝ վերջինը
18:00 30.08.2018

Կանչը առաջինն ենք ստանում, հասնում՝ վերջինը

Հուլիսի 31-ին Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրում բռնկված հրդեհի հետևանքով այրվեց յոթ գոմ, 4750 հակ խոտ, ընտանի կենդանիներ, 1000 կգ գարի, ջերմահարվեցին նաև մոտակա բնակելի շենքերի պատուհանները: Վնասի չափը, Սիսիանի համայնքապետարանի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառած վնասները գնահատող հանձնաժողովի» տվյալների համաձայն, կազմում է մոտ 11 մլն դրամ: Հրշեջ փրկարարների հավաստմամբ՝ հրդեհը կանխելը գրեթե անհնար էր, քանի որ բռնկվել էր տանիքներում կուտակված խոտը: Սակայն բնակիչներն այլ կարծիքի են, ասում են, եթե հրշեջ մեքենաները սարքին լինեին, միգուցե հնարավոր լիներ վնասը գոնե կիսով չափ նվազեցնել:

Այս դեպքից հետո Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի հասցեին ուղղված քննադատությունները ստիպեցին մեզ պարզել՝ որքանո՞վ են դրանք հիմնավորված, ի՞նչն է խանգարում որակյալ սպասարկմանը, ի՞նչ խնդիրներ ունի արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատը:

Դարն ապրած շենքը գուցե վերանորոգվի

Իրականում խնդիրներն այնքան շատ են, որ դժվար է նույնիսկ ըստ կարևորության և առաջնահերթության դասակարգելը: Նշենք միայն, որ ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանը խնդիրների վերաբերյալ անհամար զեկուցագրեր է ուղարկել և՛ վարչություն, և՛ նախարարություն, վերջին զեկուցագիրը հասցեագրված էր Սյունիքի մարզի փրկարարական վարչության նորանշանակ պետ Լեոնիդ Գրիգորյանին:

Սիսիանի փրկարարական ջոկատը տեղակայված է 1953թ․ կառուցված շենքում, որը գտնվում է անմխիթար վիճակում և հիմնանորոգման կարիք ունի:  Այս խնդրի վերաբերյալ օգոստոսի 6-ին՝ Սյունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում, իր կարծիքն է հայտնել նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: Նա տեղեկացրել է մի շարք դրամաշնորհային ծրագրերի մասին, որոնք միտված են լինելու մարզում ոլորտի աշխատանքների, Մեղրու և Սիսիանի փրկարարական ջոկատների շենքային պայմանների բարելավմանը: Ցավոք, շենքային պայմանների բարելավմամբ Սիսիանի ՀՓՋ-ի խնդիրները կլուծվեն միայն մասամբ:

Ջոկատը մարտունակ է, սակայն․․․

Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատը սպասարկում է Սիսիանի և Գորայքի խոշորացված  համայնքները, իրականացնում է հրդեհաշիջման, ջրափրկարարական աշխատանքներ, արձագանքում ճանապարհատրանսպորտային պատահարների և այլ կենցաղային կանչերի:

«Սիսիանի ՀՓՋ անձնակազմն ունի գիտելիքների ու մարտական պատրաստվածության բարձր մակարդակ: Եթե տեխնիկապես ապահովված լինենք, ունենանք նոր մեքենաներ, համապատասխան պարագաներ, համոզված եմ, որ կկարողանանք լիովին արդարացնել մեր օգնությանն ապավինող քաղաքացիների հույսերը», - ասում է հրամանատար Գարիկ Հովսեփյանը:

Անտեսելով բազմաթիվ խնդիրներ՝ անձնակազմը նվիրվածությամբ ու մեծ պատասխանատվությամբ է կատարում իր պարտականությունները. կազմակերպվում են վարժանքներ համայնքի տարբեր հիմնարկներում, ուսումնական հաստատություններում, բնակիչներին փոխանցվում են  համապատասխան գիտելիքներ, արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ: Հերթափոխի պետերը ամեն տարի ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցնում են տարատեսակ վերապատրաստումներ:

Խնդիրները՝ կետ առ կետ․․․ անունը կա, ամանում չկա

Սիսիանի ՀՓՋ երկու մեքենայից մեկը օգոստոսի 1-ից անսարքության պատճառով հանվել է մարտական հերթապահությունից: Նոր մեքենաների ձեռքբերումը առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է, թեպետ այս դեպքում էլ հարկավոր կլինի ունենալ ջեռուցվող կայանատեղի:

Անձնակազմը չունի նոր համազգեստ, համապատասխան քանակի մարտական և ձմեռային հանդերձանք: Վառելիքի ուշացման պատճառով հրատապ կանչերի ժամանակ անձնակազմը ստիպված է լինում լիցքավորման կետերից պարտքով լիցքավորել մեքենաները:

Սպասարկման նման մեծ տարածք ունեցող ջոկատը չունի արագընթաց փրկարարական մեքենա. «Թեպետ ահազանգերն առաջինը մենք ենք ստանում և հաղորդում հիվանդանոց ու ոստիկանություն, սակայն բոլորից ուշ մենք ենք տեղ հասնում: Արագընթաց մեքենան շատ խնդիրներ կլուծի», - ասում է Սիսիանի ՀՓՋ հրամանատրի տեղակալ Համլետ Պողոսյանը:

Փրկարարական ջոկատը ունի նաև պատրաստված ջրասուզակներ, սակայն, ցավոք, չունի ջրասուզակի հանդերձանք ու պարագաներ, եղածը հնամաշ է և անսարք, կիրառման համար անպիտան:

Ամբողջովին նորացման կարիք ունեն նաև ռադիոկապը և փրկարարական մի շարք պարագաներ՝ պարան, լուսարձակներ, շնչառական սարքեր և այլ:

Փոփոխությունների ակնկալիքով

Հոդվածը պատրաստ էր, և մտածում էի, թե ինչ վերջաբան պետք է գրեմ, որ այսչափ տխուր նոտայով չավարտեմ, երբ լսեցի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի պաշտոնավարման 100 օրվա ամփոփ ելույթը:

Նախարարը նշեց, որ, ուսումնասիրելով և գնահատելով արտակարգ իրավիճակների ոլորտի խնդիրները, ձեռնարկվել է արդիականացնել համակարգը: Ավարտական փուլում են կառուցվածքային փոփոխությունները, որոնք կնպաստեն աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանը: Խնայված գումարներով սկսվել է փրկարար ծառայության համազգեստի բազայի թարմացումը, փրկարարական ջոկատների մասնաշենքերում՝ վերանորոգման աշխատանքները:

Հետևողական աշխատանք է իրականացվել միջազգային համագործակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ Հայ-ռուսական հումանիտար կենտրոնի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի և արդեն իսկ ամուր համագործակցության փուլ թևակոխած այլ գործընկերների հետ: Այս համագործակցությունների շրջանակում նյութատեխնիկական բազան վերազինելու նպատակով գույքի տեսքով կլինի 10 մլն դոլարի օգնություն, Հայաստան կբերվի 40 միավոր տեխնիկա:

Հուսանք, որ Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատը դուրս չի մնա նորացման և արդիականացման գործընթացներից...:

Անի Սիմոնյան

18:00 30.08.2018