ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Պարզաբանում www.syuniacyerkir.am լրատվական կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ
15:45 25.05.2017

Պարզաբանում www.syuniacyerkir.am լրատվական կայքում հրապարակված հոդվածի վերաբերյալ

Մայիս 25-ին ՀՀ Սյունիքիմարզպետարանի պաշտոնական կայքէջը տարածել է 24․05․2017-ին www.syuniacyerkir.am լրատվական կայքում հրապարակված «Կադրային խեղկատակություններ Սյունիքի բուժական հաստատություններում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ պարզաբանում, որում մասնավորապես կարդում ենք հետևյալը.

«Վերոհիշյալ հոդվածում Syuniacyerkir.am լրատվական կայքի խմբագիր Սամվել Ալեքսանյանը անհայտ բժիշկների և քաղաքացիների անունից բաց նամակով դիմել է ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին՝ մտահոգություն հայտնելով ՀՀ Սյունիքի մարզի «բուժական հաստատություններում» տեղի ունեցող կադրային փոփոխությունների վերաբերյալ։

Հրապարակումը պարունակում է մի շարք անճշտություններ, ինչպես նաև իրողությունն աղավաղող դրվագներ: Մասնավորապես․

  1. Առողջապահության նախարարին ուղղված նամակում ասվում է, թե ՀՀ Սյունիքի մարզպետարանում և մարզի բժշկական կենտրոններում «խստագույնս արգելված է լրատվամիջոցների հարցերին պատասխանել»։ Այս պնդումը որևէ աղերս չունի իրականության հետ, քանի որ ՀՀ Սյունիքի մարզպետարանը օրենքով սահմանված կարգով մշտապես պատասխանում է տեղեկատվություն ստանալու հարցմամբ մարզպետարան դիմած բոլոր լրատվամիջոցներին, բացի այդ, որևէ լրատվամիջոց առ այսօր դժգոհություն չի հայտնել մարզպետարանի հետ աշխատանքից: Մարզպետարանը յուրաքանչյուր ամիս տասնյակ հարցումների է պատասխանում և մշտապես բաց է լրատվամիջոցների հետ համագործակցության հարցում:
  2. Նամակում ասվում է.«Մայիս 23-ին Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի հերթական պաշտոնակատարին ներկայացնելիս հայտարարվեց, որ ՀՀ Կառավարության որոշմամբ Կապանի և Քաջարանի բժշկական կենտրոնները միավորվել են»։ Անհրաժեշտ ենք համարում նշել, որ սույն թվականի մայիս 23-ին Կապանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ներկայացնելիս չի արվել բժշկական կենտրոնների միավորման վերաբերյալ որևէ հայտարարություն, առավել ևս դա չի հիմնավորվել Կառավարության որոշմամբ։ Չցանկանալով մտածել, որ բաց նամակի հեղինակը դիտավորյալ ապատեղեկատվություն է տարածել, ինչպես նաև կարևորելով հանրության անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ խմբագրությանը խորհուրդ ենք տալիս հետայսու հիմնվել բացառապես պաշտոնական կամ բաց աղբյուրների կողմից տրամադրվող տեղեկության վրա։ 
  3. Անդրադառնալով Կապանի ԲԿ-ի տնօրենի՝ արդեն նախկին պաշտոնակատար Ռոմիկ Սարգսյանի ազատման պատճառներին, բաց նամակում նշվել է, որ «առանց որևէ պատճառաբանության նրան ազատում ենք զբաղեցրած պաշտոնից»։ Պետք է նշենք, որ Կապանի ԲԿ-ի տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին ներկայացնելիս հստակ նշվել է, որ Ռոմիկ Սարգսյանի ազատումը փոխադարձ համաձայնության արդյունք է, և որ վերջինիս աշխատանքային ունակություններն ավելի նպատակահարմար կլինի կիրառել վարչական աշխատանքում, ինչում Դուք առաջիկայում կհամոզվեք։ Ազատման պատճառի մասին տեղեկացվել են նաև այն լրատվամիջոցները, որոնք տեղեկատվություն ստանալու հարցմամբ դիմել են մարզպետարան: Ցավոք, Ձեր լրատվամիջոցից որևէ հարցում կամ պարզաբանում տրամադրելու դիմում մարզպետարանը չի ստացել:

    Նամակում բարձրացված «Գորիսում Սաշա Խաչատրյանին ազատում ենք և փոխարենը Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար նշանակում լավ վիրաբույժի և կազմակերպչի համբավ ունեցող Գագիկ Թունյանին», մտահոգությանն ի պատասխան պետք է նշենք, որ Սաշա Խաչատրյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն «այլ բնակավայր տեղափոխվելու» հիմնավորմամբ։ 

    Ինչ վերաբերում է Գորիսում հարգված բժիշկ և կազմակերպիչ Լևոն Հարությունյանին «մի քանի օր հետո աշխատանքից ազատելուն», ապա պետք է նշել, որ պարոն Հարությունյանին հանձնարարված է եղել կատարել բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունների մինչև այդ պաշտոնում համապատասխան նշանակում կլիներ։ Պարոն Հարությունյանը երբևէ նշանակված չի եղել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնում:
  4. «Սիսիանի հիվանդանոցում» տնօրենի փոփոխությանը վերաբերող հատվածում նշվում է, որ «Սվետլանա Իսախանյանը ստիպված է լինում դիմում գրել և հեռանալ»։ Այս դիտարկման վերաբերյալ պետք է նշենք, որ տիկին Իսախանյանն ազատվել է Սիսիանի ԲԿ տնօրենի պաշտոնից՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ և շարունակում է իր մասնագիտական գործունեությունը նույն բժշկական կենտրոնում որպես բժիշկ։

Ցանկանում ենք հավելել, որ Ռոմիկ Սարգսյանի ղեկավարման ընթացքում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կարգադրությամբ և անմիջական մասնակցությամբ իրականացվել են մի շարք քայլեր հիվանդանոցի աշխատանքի թափանցիկությունն ու սպասարկման որակը բարձրացնելու ուղղությամբ: Վստահեցնում ենք, որ իրականացվող կադրային փոփոխությունները բացառապես պայմանավորված են ՀՀ Սյունիքի մարզի բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելու և բուժհաստատության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ռազմավարությամբ: 

Մի շարք այլ անճշտություններից բացի Ձեր կայքի հրապարկման մեջ առկա են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին հասցեագրված անհիմն մեղադրանքներ, որոնց պատասխանելու ցանկությունն ինքնին չեզոքանում է դրանց էության խիստ սուբյեկտիվ և իրականության հետ աղերս չունենալու փաստի հետևանքով։

Կրկին վերահաստատում ենք լրատվամիջոցների հետ օրենքով սահմանված կարգով համագործակցելու մեր մշտական պատրաստակամությունը»,- ամփոփված է պարզաբանման մեջ։

Լուսանկարը՝ Syunik.mtad.am-ի

15:45 25.05.2017