ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Նախարարը՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման մասին
19:00 01.09.2018

Նախարարը՝ մանկավարժների աշխատավարձի բարձրացման մասին

Սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզը անցնել է համընդհանուր ներառման: Այս մասին այսօր Սարդարապատ գյուղի դպրոցում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ես կարծում եմ, որ այն հասարակությունը, որը լավագույնս անցնում է այս համակարգին, անցնում է համընդհանուր ներառման, զարգացման մի այլ մակարդակի է բարձրանում, որտեղ կան միանգամայն այլ առաքինություններ: Համակեցությունը, փոխադարձ հարգանքը, սերը միանգամայն այլ մակարդակի են բարձրանում: Երկրորդ պատճառը՝ սրանով ուզում եմ հստակ շեշտել, որ ԿԳՆ-ի համար ոչ միայն Երևանը, այլև մարզերը լինելու ենշատ կարևոր: Այդ ճանապարհին ջանք չենք խնայելու»,- նշեց նախարարը:

Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին, թե դպրոցները պատրա՞ստ են ներառական կրթությանը։

«Հարմարեցումների առումով, կարծում եմ՝ ոչ: Դա բնորոշ է ոչ միայն Արմավիրին, այլև բոլոր մարզերին: Նաև կան ուսուցիչների, կրթության կառավարիչների, ծնողների վերապատրաստման հետ կապված խնդիրներ: Այս փուլում առաջ եկած խնդիրները մենք քայլ առ քայլ լուծելու ենք և մի քանի տարի հետո ունենալու ենք շատ լավ համակարգ», -պատասխանեց նախարարը։
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ներկայումս մի քանի մարզ է անցել ներառականության՝ Սյունիքի մարզը, Տավուշի մարզը, Արմավիրն է հիմա անցնում, հաջորդ փուլերում կլինեն Շիրակը Արագածոտնը։

Նշենք, որ այսօր Սարդարապատ գյուղի դպրոցի առաջին դասարանցիներն ընտրեցին իրենց ուսուցիչներին ու ապագա համադասարանցիներին վիճակահանությամբ, որին ներկա էր նաև նախարարը։

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հաջորդ տարվանից այս մոդելը պետք է նաև Երևանում ներդրվի. «Այս մոդելի շնորհիվ դպրոցներում չեն լինի արտոնյալ դասարաններ, այլ կլինի հավասար բաշխվածություն և հավասար հնարավորություններ»։

Լրագրողների դիտարկմանը, թե անկախ վիճակահանությունից, այս դպրոցում ծնողները կարծես փորձում էին մոտենալ և կրկին փոխել երեխայի դասարանը, նախարարն ասաց. «Դուրս գալուց ցուցակները անպայման կստուգեմ»։

Մեկ այլ հարցին, թե ուսուցիչների աշխատավարձի բարձրացում սպասվու՞մ է, թե՞ ոչ, նախարարը պատասխանեց. «Պետք է հասկանանք, թե տնտեսական առումով ինչ հնարավորություններ կունենանք հաջորդ տարի ուսուցիչների աշխատավաձը բարձրացնելու համար: «Ուսուցիչ» ծրագրով հաջորդ տարի նախատեսում են մանկավարժների վերապատրաստում, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա: Այսինքն մենք ստեղծել ենք մի համակարգ, երբ վերապատրաստման և որակի բարձրացման արդյունքում ուսուցչի աշխատավարձը բարձրանալու է»։

Աղբյուրը՝ Panorama.am

19:00 01.09.2018