ԱՎԵԼԻՆ

Մամուլ

#Խելքով vs #դուխով
18:00 04.09.2018

#Խելքով vs #դուխով

Նոր իշխանությանը օգնելու միտումով վերջերս մի անդրադարձ կատարեցի և տեսա, որ կառավարության 100 օրը լրանալուն պես հրապարակել եմ մի շարք քննադատական, լրագրողական հոդվածներ: Առաջին հայացքից նորմալ է թվում. քննադատելը մեր՝ լրագրողներիս սուրբ պարտքն է, ինչի համար մեզ կոչում են չորրորդ իշխանություն: Չորրորդ իշխանությունն է, որ միշտ աչալրջորեն հետևում է գործընթացներին և վերլուծելով՝ գնահատում դրանք, ստեղծելով յուրատեսակ մթնոլորտ, որը, խոստովանեք, կարող է վեր խոյացնել ոմանց, իսկ որոշներին՝ գցել անդունդը: Ինչևէ, չշեղվենք: Այո, հեղափոխությունը մարմնավորող դուխով բառը ոչինչ է, եթե չկա խելքով հանգամանքը:

Եվ այսպես, տիկնա՛յք և պարոնա՛յք, #խելքով օգնենք մեր վարչապետին դուրս գալ այն ցունգցվանգային իրավիճակից, որում նա հայտնվել է: Այսօրվա #խելքով vs #դուխով խորագիրը վերաբերում է անհաղթ մոնոպոլիստ ընկերությունների վարքին:

Ովքե՞ր են անհաղթ մոնոպոլիստները

Հայաստանում կան մի շարք ընկերություններ, որոնց թիկունքին կանգնած են մեծ տերություններ, և նրանց դեմ դժվար է պայքարել:

1․ «Վեոլիա ջուր» ընկերությունը վերջին տասը տարում ջրի մոնոպոլիստ է և պաշտոնապես 74 տոկոս կորուստ է ձևակերպում, իսկ մյուս 26 տոկոսի համար այնպիսի գին է սահմանում, որ շահութաբեր ընկերություն է: Ոչ մեկը չկարողացավ դեմն առնել, քանի որ մեջքին կանգնած է Ֆրանսիա անունով պետությունը:

2․ «Հայկական էլեկտրացանցեր» ընկերությունը վերջերս նույնպես բարձրացրեց կիլովատի սակագները։ «Էլեկտրիկ Երևանը» հարց չլուծեց, ինչ կուզեն, կանեն, կրկին թիկունքին կանգնած է մեր ռազմավարական գերտերություն Ռուսաստանը: Չեմ ճանաչում մեկին, ով կհամարձակվի այս ընկերության սահմանած գները նվազեցնելու խոսակցություն սկսել:

3․ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մասին խոսելիս նայեք կետ 2-ը:

4․ Բրիտանական օֆշորում գրանցված «Լիդիան Արմենիա» ընկերություն, որը չար լեզուների հավաստմամբ շուտով դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան և Հայաստանից պահանջելու է 1-2 մլրդ դոլար՝ իր ակնկալած եկամուտների դիմաց: Բրիտանական տերության մասին խոսելն ավելորդ է, ԱՄՆ դեսպանատունը սատարում է Լիդիանին: Այնպես որ անգլոսաքսոնական բանակը նույնպես հզոր է:

Իրավիճակի գնահատում

Հայաստանի ղեկավարների ամենամեծ թերությունն աստղային հիվանդությունն է: Բոլորն իշխանությունը ստանձնելուն պես էլ ոչ մեկի խորհրդի կարիքը չեն ունենում: Այն, որ Սերժ Սարգսյանին սխալ էին զեկուցել, պարզ էր, բայց այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանին ճիշտ են զեկուցում, ինքն էլ ամեն ինչ ընդունում է: Օրինակ, վարչապետը պետք է խոստովանի, որ Հայաստանի Հանրապետությունը, ունենալով զինանշան, դրոշ և հիմն, տնտեսապես անկախ պետություն չէ: Ով չի հավատում, կարող է վերընթերցել նախորդ 4 մոնոպոլ ընկերությունների կարճ նկարագրությունը: Եվ ուրեմն, սիրելի, հպա՛րտ վարչապետ և քաղաքացիներ, եկե՛ք հանրայնորեն խոստովանենք սա և ձևակերպենք որպես խնդիր: Հարկային արտոնությունների մասին լավ-լավ խոստումները չեն կարող աշխատել, եթե էներգակիրները մոնոպոլիստների ձեռքում  են, և նրանք սահմանել են չարդարացված բարձր գներ բիզնեսի և ժողովրդի համար: Այսօր ձկնաբուծարանների տերերը 1խ/մ խմելու ջրի համար 50 լումա են վճարում, իսկ մենք՝ բնակիչներս, 180 դրամ: Սե լյա վի՞, թե՞ այնուամենայնիվ պետք է մի բան անել: Անկախ ամեն ինչից, սկզբից պետք է սա խոստովանել, նոր մի բան անել:

Ի՞նչ անել այս դառը ճշմարտության հետ

Այս ենթավերնագիրը գրվում է այն մարդկանց համար, ովքեր վերոգրյալ տեքստին ծանոթանալուց հետո արդեն մի 10 անգամ հասցրին ասել հետևյալ ֆրազը. «Դե որ տենց խելացի ես, դե ասա, ի՞նչ անենք»:

Պատասխանեմ․ շատ պարզ: Եթե ես լինեի վարչապետ և նույն անելանելի վիճակում հայտնվեի (համենայն դեպս մոնոպոլիստների և նրանց վարած քաղաքականության հարցում այն միանշանակ անելանելի է), ապա, խնդիրը հստակ ձևակերպելով, աշխարհազոր կհայտարարեի ամբողջ աշխարհով մեկ: Այո, հենց այդպես: Հիշո՞ւմ եք՝ ինչ արեց Վազգեն Սարգսյանը 1992 թվականին: 500 մահապարտ հավաքագրելու կոչով դիմեց: Եկեք հիշենք այն․

«Հարկավոր է և՛ս մի արթնացում, և՛ս մի հարված: Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից՝ փորձառուներից, որոնք գնալու և կռվելու են ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և ապրելու հավանականությունը 50/50 է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և կարողացանք 500 հոգանոց Մահապարտների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք», - ասել էր սպարապետը։

Վերաձևակերպենք սա մեր հոդվածի տրամաբանությամբ:

«Հարկավոր է և՛ս մի արթնացում, և՛ս մի հարված: Մենք կքած ենք մոնոպոլիստների սահմանած անքննելի սակագների տակ, մեզ պետք են հին տղաներից՝ փորձառուներից, որոնք կռվելու են ամենադժվարին հատվածում՝ տնտեսության ազատականացման համար, նորից եմ ասում, սակագների տակ կքած մնալու և ապրելու հավանականությունը 50/50 է: Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք և կարողացանք 50 հոգանոց խելքով տնտեսագետների գումարտակ ստեղծել, ուրեմն դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք», - գուցե ասի Նիկոլ Փաշինյանը։

Արման Սուլեյմանյան

 

18:00 04.09.2018

Ամենաշատ ընթերցվածները