ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հաղորդակցման բարելավում Սյունիքի մարզի խուլ համայնքի հետ
12:00 14.09.2018

Հաղորդակցման բարելավում Սյունիքի մարզի խուլ համայնքի հետ

Խուլերի մշակույթը պատկերացումների, վարքագծի ռազմավարության, արվեստի, պատմության, մշակույթի արժեքների ամբողջականություն է, որտեղ մարդկանց գերակշիռ մասն ունեն լսողության խանգարում եւ շփման համար օգտագործում են ժեստերի լեզուն։ Ոչ բոլոր խլերն են տիրապետում ժեստերի լեզվին, իսկ դրան տիրապետելը սովորաբար հանդիսանում է խուլերի՝ մշակույթ մտնելու հիմնական պայմանը:

Սեպտեմբերի 10-ից Կապանում մեկնարկել է «Սյունիքի մարզի խուլ համայնքի հետ հաղորդակցման բարելավում» ծրագրի շրջանակում կազմակերպվող հայերեն ժեստերի լեզվի ուսուցման երկրորդ փուլը: Առաջին խումբը նախատեսված է Կապան համայնքի լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար: Դասընթացի ընթացքում երեխաները կծանոթանան հայերենի այբուբենի համարժեք ժեստերին, որոնք ամրապնդվելու են հետաքրքիր խաղերի միջոցով, իսկ երկրորդ խմբում են Կապանի բժշկական կենտրոնի շտապ օգնության, Սյունիքի մարզի փրկարարական վարչության, ներառական կրթություն իրականացնող հաստատությունների աշխատակիցներ եւ այլն:

«Կապան եւ Քաջարան քաղաքներում գրանցված մոտ 50 լսողության խանգարումներ ունեցող բնակիչներ կան: Ժեստերի լեզուն նրանց մայրենի լեզուն է, սակայն փաստացի նրանք զրկված են եղել այդ հնարավորությունից: Ծրագիրն իսկապես անհրաժեշտ էր մեր մարզի համար: Ուրախ կլինենք, եթե շարունակական լինի»,-նշում է «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ տնօրեն Վիկտորյա Աղաբեկյանը:

Քաջարանից Լեռնուհի Թաթոյանն, ով 70%-ով զրկված է լսողությունից, միշտ երազել է տիրապետել ժեստերի լեզվին: Ծրագրի առաջին փուլում նա հասցրել է սովորել եւ կիրառել այն, երկրորդ փուլում ինքն է դասավանդում: Գործընկերոջ՝ Ինգա Թեւանյանի հետ նրանք մասնակիցներին սովորեցնում են հայերեն ժեստերի լեզվի պատմությունը, այբուբենը, ցուցադրում սոցիալական գովազդներ եւ տեսահոլովակներ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից:

Կապանի խուլերի եւ համրերի կենտրոնը հիմնվել է Երեւանում Գերմանիայի դեսպանության «Փոքր դրամաշնորհային ծրագրի» միջոցներից ցուցաբերած աջակցությամբ: Այս հաստատությունը ծառայում է որպես ցերեկային կենտրոն՝ Սյունիքի մարզի խուլերի եւ համրերի, ինչպես նաեւ նրանց հարազատների համար։

Հեղինե Սարգսյան

Լուսանկարները՝ «Զարգացման նախաձեռնություններ» ՀԿ-ի

Աղբյուրը՝ Asparez.am

12:00 14.09.2018

Ամենաշատ ընթերցվածները