ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Ադրբեջանցի իրավապաշտպանին Ադրբեջանը մեղադրում է հայերի հետ ընթրելու մեջ
16:00 14.09.2018

Ադրբեջանցի իրավապաշտպանին Ադրբեջանը մեղադրում է հայերի հետ ընթրելու մեջ

Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկել է ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովը, որին մասնակցում են բազմաթիվ պատվիրակություններ, ՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ ու իրավապաշտպաններ։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, քննարկումներին մասնակցել է նաև ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, ով կարողացել էր փախնել Ադրբեջանի բռնաճնշումներից 2015թ.-ին՝ Բաքու ժամանակ Շվեյցարիայի բարձրաստիճան պաշտոնյայի ինքնաթիռով։

Հուսեյնովը, ով հանդես է գալիս Ալիևի ռեժիմի քննադատությամբ, պայքարում երկրում մամուլի ազատության սահմանափակման դեմ, ելույթ է ունեցել Վրաշավայում, հանդիպումներ ունեցել ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սակայն միջազգային հարթակներում «մուլտիկուլտուրալիզմ, հանդուրժողականություն» քարոզող Ադրբեջանը նկատել է, թե Հուսեյնովը «միջոցառման կուլիսներում ակտիվորեն շփվել է Լեհաստանում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև խորհրդակցույթուններ անցկացրել հայկական հասարակական կազմակերպությունների հետ։ Հայերի հետ բանակցությունները շուտով տեղափոխվել են խոսուն անուն ունեցող ռեստորան՝ Golden Apricot, որը Վարշավայում հայերի սիրելի վայրն է»։

Այս «բացահայտումից» հետո չի բացառվում, որ Հուսեյնովը մեղադրվի նաև «պետական դավաճանության» մեջ, ինչպես արվեց իրավապաշտպան Լեյլա Յունուսի դեպքում, ով հանդես էր գալիս Հայաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջև շփումների օգտին։ 

Աղբյուր` Panorama.am

16:00 14.09.2018