ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սեփականատիրոջ խախտված իրավունքը
17:00 14.09.2018

Սեփականատիրոջ խախտված իրավունքը

Անտեր խողովակաշար

Կապանցի Իգոր Գևորգյանը 2011թ․ Մելիք-Ստեփանյան 4/2 հասցեում գրասենյակային տարածք էր գնել, բայց մինչ այժմ չի կարողանում ծառայեցնել նպատակին։ Սեփականատերը գույքը ձեռք բերելուց հետո պարզել է, որ տարածքի ամբողջ երկայնքով  անցնում է  խմելու ջրի ընդհանուր ջրագիծ, որը ջուր է մատակարարում ինչպես տվյալ շենքին, այնպես էլ հարակից շինություններին։ Քաղաքացին այդ մասին տեղեկացել է, երբ խողովակը վնասվել է, ու ջրերը անարգել սկսել են հոսել՝ լցվելով շենքի հիմքերը։ Իգոր Գևորգյանը մի քանի անգամ սեփական ուժերով փորձել է ջրի դեմն առնել՝ վերացրել է վթարը, սակայն հնամաշ խողովակաշարը դարձյալ իր մասին հիշեցրել է։ «Երրորդ տարին է՝ ջրերը հոսում են, այս շենքն էլ կառուցվել է 1962թ․, խոնավությունից հիմքերը  քայքայվում են, վերևի հարևանը բազմիցս դժգոհել է», - ասում է Գևորգյանը։ 

Ներգրավել է փաստաբանի

Գործարարը իր իրավունքները պաշտպանելու նպատակով դիմել է փաստաբան Հրայր Խաչատրյանին և նրան լիազորել զբաղվել խնդրով։

Սեփականատերը իրավունք ունի գույքը տիրապետել, օգտագործել և կառավարել, բայց ջրագծի խնդրի պատճառով չի կարողանում իրացնել իր՝ որպես սեփականատիրոջ, իրավազորությունները։ Հրայր Խաչատրյանը նշում է․ «Եթե խողովակաշարը վնասված է, այստեղ հարց է առաջանում․ 1-ին՝ շրջակա հողը, աղբը միախառնվում են ջրին և ըստ երևույթին մատակարարվում այս ջրագծից օգտվող բաժանորդներին, 2-րդ՝ երբ ջուրը լցվում է հիմնապատի տակ, գուցեև շենքի սեյսմակայունության հարց է առաջանում, 3-րդ՝ այստեղ կա սեփականատիրոջ և ջրամատակարարի սահմանազատման կետի վերաբերյալ խնդիր»։

Ստեղծված իրավիճակի նկարագրությամբ դիմումները փաստաբանը ուղարկել է իրավասու մարմիներին։ Մասնավորապես ՝«Վեոլիա ջուր» ՓԲԸ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն, Սյունիքի մարզպետարան, Կապանի համայնքապետարան, տվյալ շենքը ներառող՝ «Գետափ» համատիրություն։

Մեկ ամսից ավելի է, ինչ վերը նշված մարմինների միջոցով փաստաբանն ու Իգոր Գևորգյանը փորձում են խնդիրը լուծել՝ առաջարկելով նաև հնարավոր տարբերակներ, սակայն չի հաջողվում։ Իսկ դիմումների և գրությունների ստացված պատասխանները լույս չեն սփռում գործի վրա։ 

««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից մեզ պատասխանել են, որ դա շենքի բնակիչների խնդիրն է, և համատիրության միջոցով նրանք պետք է լուծեն։ Բայց մենք պնդում ենք, որ այդ ջրագիծը ընդհանուր ջրագիծ է, ոչ միայն տվյալ շենքինը, այլև հարակից շենքերինը, գուցե նաև հետնամասում գտնվող այլ տնտեսվարող սուբյեկտներին ջուր մատակարարող։ Պատասխանում նաև նշված էր, որ տանք կոնկրետ հասցե, և իրենք ջրից նմուշառում կանեն և փորձաքննության կենթարկեն։ Բայց գրության մեջ նշել էի հասցեն։ Հետևաբար ջրամատակարար ընկերությունը կարող էր գալ և ցանկացած բաժանորդի ծորակից նմուշառման համար ջուր վերցնել», - ասում է փաստաբան Հրայր Խաչատրյանը։  

Նա նշում է, որ սեփականատերը առանց ջրամատակարար ընկերության թույլտվության չի կարող իրականացնել ջրագծի ապամոնտաժում, քանի որ այդ դեպքում մյուս բաժանորդները կզրկվեն ջրից, մյուս կողմից էլ, հաշվի առնելով, որ առկա է ջրամատակարարի և բաժանորդի սահմանազատման կետ և դրանով իսկ պայմանավորված՝ կողմերի իրավունքների և պարտականությունների ու պատասխանատվության բաշխում: Վարելով իր փոքրիկ հետաքննությունը՝ քաղաքացի Իգոր Գևորգյանը պարզել է, որ խնդրի լուծման հնարավոր տարբերակներ կան։ Կարելի է սեփական տարածքից հանել ջրագիծը և շրջանցող ջրագիծ անցկացնել դրսի կողմից։ Այդ դեպքում հնարավոր է դառնում շենքին ջուր մատակարարել հետնամասից, մյուս տարբերակն էլ՝ տարածքում առկա այլընտրանքային ջրագծից խողովակ անցկացնել, բերել մինչև շենքի հետնամասը և ջուր մատակարարել բաժանորդներին։

Համբերության բաժակը լցվել է

Օգոստոսի 22-ին քաղաքացի Իգոր Գևորգյանը դադարեցրեց Մելիք-Ստեփանյան 4/2 հասցեում գտնվող շենքի ջրամատակարարումը: Պատճառը մեկն էր, քանի որ ոչ մի պատկան մարմին չի ցանկանում պատասխանատվություն կրել վնասված խողովակի համար, իսկ իր տնօրինման տակ գտնվող տարածքն էլ գնալով ավելի անմխիթար վիճակում է հայտնվում, այլ ելք չգտավ։ Այդ քայլին գնալուց առաջ նա շենքի մուտքերում փակցրել էր հայտարարություններ՝ նախապես տեղեկացնելով  բնակիչներին այդ քայլին գնալու պատճառները։ «Ծայրահեղ այդ քայլին գնալուց հետո ակնկալում եմ, որ առնվազն պատկան մարմինները ականջալուր կլինեն», - նշել էր Իգոր Գևորգյանը։ Մի քանի ժամ դադարեցնելով շենքերի ջրամատակարարումը՝ քաղաքացին ստիպված եղավ վերականգնել այն, քանի որ փոքրիկ երեխաներ ունեցող ընտանիքներ կային։

Դիմել են վարչապետին

Սեփականատիրոջը պատճառված վնասի փոխհատուցման հայցով դատարան դիմելը կլինի վերջին կաթիլը, բայց, փաստաբանի խոսքով, նախընտրել են մինչև այդ քայլին գնալը դիմել ՀՀ վարչապետին։ Օգոստոսի 28-ին քաղաքացի Իգոր Գևորգյանը և փաստաբան Հրայր Խաչատրյանը այս մեկ ամսվա իրենց քայլերի հաջորդականության մասին վկայող փաստաթղթերով դիմում-խնդրանք են ուղարկել վարչապետին։ «Դիմումատուի տարածքն այնքան է վնասվել ու խոնավացել, որ հնարավոր չէ իր նպատակային նշանակությամբ օգտագործել՝ վարձակալության տալ կամ գործունեություն ծավալել և եկամուտ ստանալ։ Որևէ տեղից չստանալով գործնական աջակցություն և քայլերի ձեռնարկում՝ դիմում ենք Ձեզ՝ ակնկալելով Ձեր հանձնարարականները խնդրի լուծման կապակցությամբ», - մասնավորապես նշվել է դիմումում։

Սեպտեմբերի 7-ի դրությամբ դեռ պատասխան չէին ստացել։

Նելլի Միրզախանյան

17:00 14.09.2018

Ամենաշատ ընթերցվածները