ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հոկտեմբերի 21-ին 5 համայնքում արտահերթ ընտրություն կանցկացվի
18:00 15.09.2018

Հոկտեմբերի 21-ին 5 համայնքում արտահերթ ընտրություն կանցկացվի

Հանրապետության ևս 5 համայնքում հոկտեմբերի 21-ին արտահերթ ընտրություն կանցկացվի: Համայնքներից չորսում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, իսկ Մեծաձորում՝ ավագանու անդամի ընտրություն:

Մասնավորապես՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի Լոռու մարզի Ձորագյուղ, Սարահարթ համայնքներում: Ձորագյուղի ղեկավար Սուրեն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն 2018թ. օգոստոսի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն` 2016-ի հոկտեմբերի 2-ի ընտրությամբ Սարահարթ համայնքի ղեկավար ընտրված Վասիլ Փիլոյանը այս տարվա օգոստոսի 20-ին  հրաժարական է ներկայացրել:

Հոկտեմբերի 21-ին Արմավիրի մարզի Խանջյան և Հայթաղ համայնքներում ևս համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն է անցկացվելու:

2016 թվականի սեպտեմբերի 18-ին Հայթաղի համայնքապետ ընտրված Սամվել Վարդանյանը այս տարվա օգոստոսի 10-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ առողջական վիճակի վատթարացման և բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ:

Իսկ Խանջյանի համայնքապետ Սամվել Ավագյանն այս տարվա օգոստոսի 9-ին մահացել է:

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում ավագանու արտահերթ ընտրություն է անցկացվելու: Ավագանու 3 անդամներ ընտրվել են 2018 թվականի հունիսի 24-ի ընտրության արդյունքում, սակայն ավագանու անդամ Ռուզաննա Խուդոյանը, առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, հուլիսի 26-ին հրաժարական է ներկայացրել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն կանցկացվի նաև Արմավիրի մարզի Դալարիկ, Գեղարքունիքի մարզի Երանոս, Սարուխան, Կոտայքի մարզի Արզնի, Գեղաշեն, Մրգաշեն համայնքներում, Սյունիքի մարզի Կապան քաղաքում։

Աղբյուր՝ hetq.am

18:00 15.09.2018