ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բուրավետ բիզնեսը Կապանում
17:00 16.09.2018

Բուրավետ բիզնեսը Կապանում

Ծաղիկները ուղևորի կարգավիճակում

Երևան, «Հրազդան» մարզադաշտ. ծաղկի մեծածախ շուկայից 320 կմ մինչև Կապան շաբաթական մի քանի անգամ ծաղիկ է տեղափոխվում։ Տարվա այս ժամանակահատվածում 70-80սմ երկարությամբ վարդերի մեկ խմբաքանակը (20 հատ) մինչև 6 հազար դրամ արժե։

Ձմռանը արդեն կապի գինը հասնում է 7-8 հազարի։ Էկվադորյան վարդերը միայն տոն օրերին են Կապան հասնում։ Ռիսկային է, թանկ արժե․ մեկ վարդի գինը կարող է հասնել 3000-4000 դրամի, և միայն մարտի 8-ին կամ փետրվարի 14-ին է, որ կապանցիները իրենց սիրելիներին գոհացնելու համար այդպիսի շռայլություն կարող են թույլ տալ։

«Ծաղիկները Երևանից Կապան հասցնելու համար մեկ արկղի դիմաց տաքսիներին վճարում ենք 3000 դրամ։ Մեկ վարդի գինը Կապանում արդեն հասնում է 400-500 դրամի։ Ե՛վ Երևանից բերվածը, և՛ տեղի ջերմոցների վարդերը վաճառում ենք նույն գնով։ Խոսքը Կապանում և Սիսիանում գործող ջերմոցների մասին է», - ծաղկի բիզնեսի տեղական գաղտնիքներ է բացահայտում զրուցակիցս, ով ցանկացավ անանուն մնալ։

Մայրաքաղաքից առաքվող վարդերը զիջում են տեղում աճեցվողներին։ Վաճառողները ասում են, որ նկատել են՝ Սիսիանի վարդերի որակը շատ բարձր է։ Ինչքան մեղմ պայմաններում են աճում վարդերը, այնքան ցողունը հաստ է լինում, բնականաբար, ծաղիկը երկար կյանք է ունենում։ Ծաղկավաճառի խոսքով՝ իրենք նույնպես ցանկանում են տեղում գործունեություն իրականացնող ջերմատների հետ համագործակցել, բայց չի ստացվում։ Առաջինը՝ մեծ խմբաքանակ շատ դեպքերում չեն կարողանում ապահովել, երկրորդն էլ՝ որակն է։ Մարզի ջերմատները նաև տարվա ոչ բոլոր եղանակներին են գործում։ Օրինակ, Կապանում գործող Վիգեն Հովհաննիսյանի ջերմոցը ձմռանը չի ջեռուցվում, քանի որ գազի սակագինը բարձր է, ձեռնտու չէ: «Երկու սեզոն փորձել ենք աշխատել, բավականին մեծ վնասներ ենք կրել։ Մեկ ամսվա ընթացքում ծախսվեց մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամի գազ, իսկ որպեսզի ծաղիկը իր ծաղկմանը հասնի, պետք է ջեռուցել նոյեմբերից մինչև ապրիլի վերջ, եթե ցուրտ է լինում», - ասում է ջերմոցի տերը։

Խանութի սեփականատիրոջ պնդմամբ՝ 2,5 տարի է՝ աշխատում են, եթե դիտենք որպես բիզնես, դժգոհ չեն ստացվող եկամուտից, բայց միայն ծաղկի խանութից ստացված եկամուտով չեն ապրում, նաև այլ աշխատանք ունեն։ Ծաղիկը շուտ փչացող ապրանք է, քիչ չեն դեպքերը, երբ ստիպված են ծաղիկները դեն նետել։ Վերջին 2 տարում Կապանում մեկը մյուսի հետևից ծաղկի խանութներ են բացվել։ Քաղաքի կենտրոնում և Շահումյան փողոցում ամեն քայլափոխի մեկ ծաղկի խանութ կարող ես հանդիպել։ Այս դեպքում, իհարկե, մրցակցային դաշտ է ստեղծվում, սակայն յուրահատուկ և գեղեցիկ կոմպոզիցիաներ մատների վրա հաշված խանութներ են գնորդին առաջարկում։

Բիզնեսի հաջողակ օրինակ

Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան համայնքը ոչ միայն ազնվամորու մշակության համար է նպաստավոր, այլև այստեղ ծաղիկների թագուհի վարդն է իրեն լավ զգում։ Երիտասարդ բիզնեսմեն Վահագն Ավագյանը վարդի 15 ջերմոց է հիմնել, ավելացրել տեսականին։ 5 տարի առաջ Արտաշատից Աշոտավան տեղափոխվելով՝ Վահագնը, ջերմոցային տնտեսությունը ընդարձակելով, 600 քառակուսի մետրից այժմ հասցրել է 3000-ի։ Պատմում է, որ մինչև հիմա ինչքան օգուտ է ստացել, ներդրել է գործի մեջ, նպատակը տնտեսությունը ընդլայնել էր։ Հասցրել է մշտական հաճախորդներ ունենալ, ծաղկման սեզոնին կարող է օրական 3000-4000 վարդ քաղել։

Տարբեր գունային երանգների 10 տեսակի վարդեր են աճեցվում այստեղ։ Վահագնը արդեն հասցրել է սպառման շուկան ուսումնասիրել, հասկանալ մարդկանց նախասիրությունները։ Ասում է՝ Սյունիքում, օրինակ, կարմիր վարդերի կողմնակիցներն են շատ, Երևանում՝ սպիտակի։ Այս տարի ավելացրել են դեղին վարդը։ «Մի ժամանակ ասում էին, որ դեղինը լավ նշան չէ, և չէին նվիրում, բայց հիմա պահանջարկը կա», - ժպիտով պատմում է զրուցակիցս։ Խոսելով գնային քաղաքականության մասին՝ վստահեցնում է, որ գինը որոշվում է որակով ու ծաղկի չափով։ Խանութներին ծաղիկ են մատակարարում 100-400 դրամից սկսած։ «Փշոտ բիզնեսը կարող է շատ փող բերել, եթե դրանից, ինչպես հարկն է, գլուխ հանես», - սեփական օրինակով ասում է Վահագնը։ Գնային քաղաքականությունը տոն օրերին, ճիշտ է, փոխվում է, բայց, այդ ամենով հանդերձ, չգրված օրենքներ էլ կան։ «Ծաղիկը չես կարող պահել, որ գինը բարձրանա, թանկ վաճառես, եթե հասունացել է, պետք է տվյալ պահի գնով վաճառես, հակառակ դեպքում ոչ թե կշահես, այլ կձախողես», - ծաղկի լեզուն ու բնավորությունը հասկացած Վահագնը եզրափակում է խոսքը։

Նելլի Միրզախանյան

17:00 16.09.2018

Ամենաշատ ընթերցվածները