ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բանակը կյանքի խտացված գույներն է
19:00 16.09.2018

Բանակը կյանքի խտացված գույներն է

Հայկական միջավայր, հայկական մտածողություն, հայ կնոջ և հայ տղամարդու ավանդական կերպարներ, սրանք լոկ բառակապակցություններ չեն, այլ յուրաքանչյուրը գիտական աշխատանքի առանձին մի թեմա, դե իսկ հայ կնոջ կերպարին վերաբերող աշխատությունը կարող է անգամ հատորներով գրվել: Կինը և այն էլ հայ կինը ունի քարացած կերպարային ընկալում, որից մեկ միլիմետր շեղումն անգամ հակասությունների պատճառ կարող է դառնալ: Կին քաղաքական գործիչ, կին քաղաքապետ կամ գյուղապետ, կին վարորդ, կին ազատամարտիկ, ընդունել ենք ու սովորել, բայց, արի ու տես, դեռ նոր-նոր պետք է սովորենք կանանց տեսնել բանակում ծառայելիս՝ սպայի կոչումով, զինվորական շարքի առջև հրամաններ տալիս:

Մեր հոդվածի հերոսուհին փորձում է կոտրել հայ կնոջը վերագրվող քարացած կարծրատիպերը: Նա Սիսիանի N զորամասի 120մմ ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մանուշակ Օհանյանն է:

Ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա

29-ամյա Մանուշակ Օհանյանը ծնունդով Սիսիանի տարածաշրջանի Անգեղակոթ գյուղից է: Վեց տարեկան էր, երբ ընտանիքը տեղափոխվեց Մասիսի Հայանիստ գյուղ: Մայրը ուսուցչուհի է, հայրը՝ վարորդ: Գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը, կարմիր դիպլոմով՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցել է սպայական մեկամյա դասընթացներ՝ ստանալով հրետանավորի մասնագիտություն։ «Դեռ մանկուց միշտ լիդեր եմ եղել, ամեն ինչում սիրել եմ կարգուկանոն: Համալսարանն ավարտելուց հետո հասկացա, որ զինվորական դառնալու բոլոր նախադրյալները իմ մեջ կան, և որոշեցի, որ պետք է ծառայեմ զինված ուժերում», - ասում է Մանուշակը:

Թյուր կարծիք կա, որ զինծառայության ուղին հիմնականում ընտրում են ֆինանսական կարիքից ելնելով: Մանուշակի տարբերակը այլ է, նրա ընտանիքը ապահովված է, ունեն մեծ տնտեսություն, ընտանեկան բիզնես, ինքն էլ ամուսնացած չէ և այդ քայլին գնացել է բացառապես սրտի թելադրանքով՝ համարելով, որ դա է իր կյանքի ուղին: «Գիտակցում էի, որ իմ անվան շուրջ բամբասանքները շատանալու են, իմ ընտրությունը միանշանակ չի ընդունվելու, բայց, ինչպես ասում են՝ ջուրը մտնողը թրջվելուց չի վախենա, ժամանակի ընթացքում կարողացել եմ շատ կարծրատիպեր կոտրել»:

Օրիորդ, տիկին, երբեմն նաև պարոն

Մանուշակը իսկական հեղափոխություն էր Սիսիանի զորամասում: Երկու տարի է անցել, սակայն ծառայության առաջին օրերի հիշողությունները, կարծում է, երբեք չի մոռանա։ «Դեռ աչքիս առջև են զինվորների շփոթված հայացքները՝ տեսնելով փոքրամարմին մի աղջնակի, ով իրենց հրամանատարն է, և ում հրամանները պետք է կատարվեն: Իսկ թե ինչպես դիմեն, մինչ օրս չեն էլ կողմնորոշվել,  տիկին, օրիորդ, ընկեր, երբեմն նաև, մանավանդ նորեկները, պարոնով են դիմում», - ծիծաղելով պատմում է Մանուշակը: Շնորհակալ է ճակատագրից, որ զինվորական ուղին սկսվեց հենց Սիսիանից, այստեղ նրա գործընկերները ստեղծեցին բոլոր պայմանները՝ բանակն ու բանակային կյանքը սիրելի դարձնելու համար: Ծառայության սկզբնական շրջանը բավականին բարդ էր, անկեղծանում է նա, նախ պետք է  հաղթահարվեր իր և զինվորների միջև ստեղծված արգելապատնեշը․ «Ասացի, տղանե՛ր, իմ ասածը ընդունեք որպես խնդրանք, ընդունեք, որ ձեր քույրն եմ»: Մանուշակի այս խոսքերը կախարդական էին, հետզհետե անտեսանելի պատնեշի քարերը մեկ առ մեկ ընկան, ու տղաները նրան թույլ տվեցին մտնել իրենց աշխարհ:

Տղայական ընկալում

Ի վերջո, այս վիճակը շատ բնական է հայ տղայի համար, դեռ մանկուց նրանց մեջ սերմանվում է այն միտքը, որ աղջիկները թույլ են, նրանց պետք է պաշտպանել, որ քույրիկին չնեղացնեն, մաման պապային երբեք հրամաններ չի տալիս, բակում աղջիկների հետ խաղալն ամոթ է, աղջկա խոսքը անցողիկ չէ և այդպես շարունակ: Ու հանկարծ գալիս ես բանակ, որտեղ պարզվում է, որ հրամանատարդ կին է, քեզ հրաման տվողը կին է, ընկերոջդ հետ կռվի վերջնական լուծում տվողը կին է, քեզ կյանքի դասեր տվողը կին է, ի՞նչ անել, ենթարկվե՞լ,  թե՞ ոչ: Մանուշակի զինվորների համար շատ կարճ ժամանակ է պահանջվում այս հարցին պատասխանելու համար, շատ արագ աղջիկ-տղա հարաբերությունը փոխարինվում է սպա-շարքային հարաբերությամբ:
«Տղաներին հասկանալու համար փորձում եմ նրանց նման մտածել, իրավիճակը տղայական տեսանկյունից գնահատել: Զինվորներիս հետ հավասար մասնակցում եմ ֆիզիկական վարժանքներին, նրանց հետ ինձ հավասարը հավասարի պես եմ պահում, սակայն թույլ չեմ տալիս ընկերական հարաբերությունները չարաշահել, ես էլ իմ կողմից եմ իմ ու նրանց միջև անտեսանելի գիծ գծել», -ասաց Մանուշակը:

Կանայք՝ որպես զսպաշապիկ

Սիսիանի N զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Ալիկ Բաբայանի կարծիքով, կանանց դերը մեծ է զորամասում, նրանք զինծառայողների մեջ ձևավորում են զսպվածություն, մաքրություն, կարգուկանոն, երբեմն նաև լրացնելով մայրական ջերմության պակասը:

Մանուշակն իսկապես կարողացել է փոխել զինակից ընկերների առօրյան, տղամարդկանց հատուկ պոռթկուն ու բարձրաձայն խոսակցությունները, երբեմն շաղախված հայհոյանքներով, զսպվել են նրա  ներկայությամբ:
 «Բարեխղճորեն և սիրով է կատարում իր ծառայողական պարտականությունները, ունի պատասխանատվության մեծ զգացում, կարողանում է ղեկավարել և ուսուցանել իր ենթակա զինծառայողներին», - ասաց Ալիկ Բաբայանը:

Եթե լինի զորամասի հրամանատար․․․

Մանուշակը որոշել է՝ հաստատ շարունակելու է ծառայել զինված ուժերում, երեքամյա պայմանագիրն ավարտվել է, Սիսիանից կտեղափոխվի Երևան և կշարունակի ծառայել: Երազում է նաև ստանալ զինվորական բարձրագույն կրթություն և հասնել առավել մեծ բարձունքների: «Իսկ ի՞նչ կփոխեր  բանակում, եթե, օրինակ, օրերից մեկ օր զորամասի հրամանատար դառնար» հարցին նա պատասխանեց. «Զինվորը պետք է պարապ չմնա, նրա ազատ ժամանակը պետք է լցնել: Կարելի է զորամասում լեզվի խմբակներ ունենալ, զինվորը չպետք է մոռանա դպրոցում կամ համալսարանում սովորածը: Կարծում եմ նաև, որ սպայական կազմը պետք է լինի առավելագույնս կրթված և գրագետ»:

Ի՞նչ տվեց բանակը

«Բանակը կյանքի խտացված գույներն է, այն նաև յուրօրինակ կատալիզատոր է, որը արագացնում է բոլոր ռեակցիաները: Այստեղ սկսեցի ճանաչել մարդկանց, գնահատել կյանքը, տարբերակել չարը բարուց, լավը՝ վատից: Սկսեցի գնահատել ազնվությունը, ատել՝ սուտը», - ասաց Մանուշակը:
Մեր հերոսուհին համոզվել է՝ ճիշտ ուղի է ընտրել, զինված ուժերում նա գտել ու հաստատել է իրեն: «Իսկ կյանքում լիարժեք երջանկությունը ինձ համար ամուր ու կայուն ընտանիք ունենալն է», - մեր զրույցը եզրափակում է Սիսիանի N զորամասի 120մմ ականանետային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Մանուշակ Օհանյանը:

Անի Սիմոնյան

19:00 16.09.2018