ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսությունը բնակիչներին 2300 խմ վառելափայտ կհատկացնի. նախարար
16:00 18.09.2018

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսությունը բնակիչներին 2300 խմ վառելափայտ կհատկացնի. նախարար

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ։

Էրիկ Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է մարզային այցի նպատակները, Սյունիքի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ընթացքը, իրականացվող ու նախատեսվող ծրագրերը եւ ցանկություն հայտնել մարզային իշխանությունների հետ քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Սյունիքի մարզպետը բարձրացրել է «Շիկահող» պետական արգելոցի հարակից համայնքների եւ սահմանամերձ գյուղերի բնակչությանը վառելափայտով ապահովելու խնդիրը, ինչին ի պատասխան նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սյունիքի անտառտնտեսության կողմից բնակիչներին կհատկացվի 2300 մ³ վառելափայտ,  բայց առաջնային է համարել նմանատիպ խնդիրներին երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով արդեն մեկնարկած ծրագրերի արդյունավետ իրականացումը։

Բնապահպանության նախարարը նաեւ շեշտել է, որ ուժեղացվելու է ապօրինի հատումների դեմ պայքարը եւ այդ նպատակով տարածքային ստորաբաժանումները հագեցվում են տեխնիկական միջոցներով։ Մեղրիի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի՝ մասնավորապես «Արեւիք» ազգային պարկի աշխատակիցներին՝ պահպանվող տարածքների հարակից հատվածներում բռնկված հրդեհների մարմանն ակտիվ մասնակցելու համար, ինչի արդյունքում դրանք արագ շիջվել են եւ հիմնականում չեն վնասել պահպանվող տարածքները։

Այցի առաջին օրը նախարար Էրիկ Գրիգորյանը եւ KfW գերմանական բանկի բնապահպանական ծրագրերի ղեկավար Ալվարո Բեռիելին «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի եւ Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Կապանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեններին են հանձնել «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) դրամաշնորհային ծրագրի միջոցներով գնված մեքենաների սեփականության վկայականներ։

Բնապահպանության նախարարության աշխատանքային խումբը, մարզպետի եւ փոխմարզպետի հետ միասին հանդիպել է մարզային հասարակական կազմակերպությունների եւ համայնքների բնակիչների հետ։ Ծավալված շահագրգիռ քննարկման ժամանակ նախարար Գրիգորյանը պատասխանել է ներկաների բարձրացրած հարցերին։ Խնդիրների մի մասի վերաբերյալ հանձնարարականներ են տրվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ պարզաբանելու ճշգրտման կարիք ունեցող հարցերը եւ պատասխանների մասին տեղեկացնելու քաղաքացիներին։

ՊՏԱԾ-Հ ծրագրի միջոցներով  նախատեսվում է գնել շինություն, որտեղ տեղակայվելու են բնապահպանության նախարարության Սյունիքի տարածքային բոլոր ստորաբաժանումները։ Աշխատանքային խումբը շրջայց է կատարել նաեւ վերոհիշյալ շինությունում, ծանոթացել առաջարկվող պայմաններին։

Էրիկ Գրիգորյանը նաեւ աշխատանքային քննարկում է անցկացրել Բնապահպանության նախարարության տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմերի հետ, որի ժամանակ ներկայացվել են ստորաբաժանումների աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերը։ Բնապահպանության նախարարը կարեւորել է պահպանման ռեժիմի ուժեղացումը՝ ինչին միտված է ստորաբաժանումներն ամենագնացներով ապահովելու եւ կարողությունների մեծացման միջոցառումները։ Նշվել է, որ տրամադրված տրանսպորտային միջոցների մի մասը հագեցվելու են նաեւ հակահրդեհային միջոցներով, ինչը հնարավորություն կստեղծի հրդեհների դեմ պայքարել դժվարամատչելի տեղանքներում։

Միջոցառմանը մասնակցել են նաեւ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, փոխմարզպետներ Հերմինե Համբարձումյանը, Նարեկ Բաբայանը, Կապանի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը եւ Կապանի հանրակրթական դպրոցների աշակերտները։

Աղբյուր՝ news.am

16:00 18.09.2018