ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ծառահատումների գործով 10-ը անձի մեղադրանք է առաջադրվել
13:00 19.09.2018

Ծառահատումների գործով 10-ը անձի մեղադրանք է առաջադրվել

Սյունիքի մարզում գտնվող «Սյունիք», Լոռու մարզի՝ «Դսեղ», «Ստեփանավան», «Եղեգնուտ», Տավուշի մարզի` «Իջևան», «Նոյեմբերյան», «Սևքար», «Արծվաբերդ», անտառտնտեսություններում իրականացված ծառահատումների գործով 10-ը անձի մեղադրանք է առաջադրվել:

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռքբերվել առ այն, որ 2016-2017թթ. անտառտնտեսություններից ապօրինի հատվել են տարբեր տեսակի և տրամագծի 16.514 ծառեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է 820.924.083 ՀՀ դրամի վնաս:

Այսպիսով, որոշում է կայացվել 10 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրանցից մեկի նկատմամբ, ով հանդիսանում է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալը՝ հետախուզում է հայտարարվել:

Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի պետի տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (3 դրվագ) և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ինչ վերաբերում է նույն տեսչության անտառների վերահսկողության և կենսաբազմազանության բաժնի պետական 5 տեսուչներին, ապա նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի, և 312 հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) և խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Եվս երկու անձի էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի 1-ին մասով, նրանցից մեկին 2 դրվագով, մյուսին 7 դրվագով:

ՔԿ-ից նաև տեղեկացրել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում 3 մեղադրյալ կատարել են ընդհանուրը 1.100.000 ՀՀ դրամ գումարի նյութական վնասի փոխհատուցում: 
Հայտնի է նաև, որ քրեական գործով կալանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքի վրա:

Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիք», «Դսեղ», «Ստեփանավան», «Եղեգնուտ», «Իջևան», «Նոյեմբերյան», «Սևքար», «Արծվաբերդ», անտառտնտեսություններից ապօրինի ծառահատում կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, վերջիններիս, ինչպես նաև անտառնտեսությունների պահպանության համար պատասխանատու անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նշենք, որ քրեական գործի համար հիմք հանդիսացած նյութերը ստացվել են ԱԱԾ-ից, հարուցվել են մի քանի քրեական գործեր, որոնք միացվել են մեկ վարույթում և քննվում են Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում:

Աղբյուր` Փաստինֆո

13:00 19.09.2018

Ամենաշատ ընթերցվածները