ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ինչ կա-չկա Շվանիձորում
20:00 19.09.2018

Ինչ կա-չկա Շվանիձորում

Պատմական ակնարկ

Մեղրի համայնքի բարեկարգ և զարգացող գյուղերից է 5184 հա տարածք զբաղեցնող և 82 ընտանիք ունեցող Շվանիձոր գյուղը: Արաքսի ձախ ափին փռված այս գյուղը ուշ միջնադարյան պատմամշակութային հուշարձանների բազմազանության յուրօրինակ բնակատեղի է: Դրանցից հատկապես նշանավոր է գյուղի հարավարևմտյան եզրին գտնվող 17-րդ դարի ջրանցույցը. ինժեներական այս ինքնատիպ կառույցը միաթռիչք է՝ կառուցված սրբատաշ բազալտով: Ակվեդուկը (կամուրջ-ջրատար) ծառայել է ոռոգման ջուրը մի ձորից մյուսը տեղափոխելու նպատակով, որի մասին իր ճանապարհորդական  հուշագրություններում զարմանքով է խոսում 19-րդ դարի նշանավոր հնագետ, ճանապարհորդ Դյուբուա դը Մոնպերեն:

Գյուղի մյուս նշանավոր կոթողը 1879 թվականին կառուցված Սբ. Աստվածածին եռանավ բազիլիկ եկեղեցին է, շրջակայքում՝ ավերված գերեզմանոցներ, հնձան, միհարկանի և երկհարկանի տներ՝ առանձին նեղ բակերով, թոնրատներով, մարագներով:

Ջրային պաշարների սակավությամբ աչքի ընկնող այս գյուղը, ինչպես ժամանակին պարսկական տիրապետության տակ գտնված շատ բնակավայրեր, ունեն ստորգետնյա ջրամատակարարման մի յուրօրինակ համակարգ՝ «քահրիզներ» (պարսկերենից թարգմ.՝ ջրաղբյուր): Դրանք այժմ մասամբ մաքրվել են, վերագործարկվել:

Շվանիձորի տարածքում են գտնվում «Վերին շեն», «Թեղուտ», «Շվանիձոր» բնակատեղիները և 17-րդ դարի Բաբա Հաջի անունը կրող պարսկական ուխտատեղին:

Գյուղն այսօր

135 տարվա պատմություն ունի Շվանիձորի միջնակարգ դպրոցը, որի հիմնման գործում իր նպաստն է բերել հայ մեծ պատմավիպասան Րաֆֆին: Այսօր դպրոցում սովորում է 37 աշակերտ, առաջին դասարան հաճախում է երեք սան: Մեզ հետ զրույցում դպրոցի նորընտիր տնօրեն Ալեն Ավետիսյանը գոհունակությամբ նշեց, որ դպրոցը վերանորոգված է, տեխնիկապես՝ հագեցած, ուսուցիչների բացարձակ մեծամասնությունը իրենց նախկին սաներն են, ովքեր մայրաքաղաքում բարձրագույն կրթություն ստանալուց հետո վերադարձել են գյուղ և անցել աշխատանքի:

Գյուղից արտագաղթ չկա: Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ մասնավորապես թզի, նռան և արքայանարնջի կուլտուրաների մշակումը, իրացումը հիմնականում կատարվում է տեղում, հաճախ՝ փոխանակման տեսքով: Բայց գյուղացին դարձյալ  դժգոհում է. տեղում բերքը  վաճառում է ցածր գներով, մայրաքաղաքից հեռավորությունը դժվարացնում է դրսի շուկայում նորմալ գներով իրացումը:

Գյուղի երկու տասնյակից ավելի երիտասարդ պայմանագրային ծառայության է անցել հայոց բանակում:

Խոշորացման արդյունքները

2016 թվականին իրականացված համայնքների խոշորացման արդյունքում, ի տարբերություն մյուս գյուղերի, այստեղ դրական փոփոխություներն ակնհայտ են. գործում է տրանսպորտային ամենօրյա ուղևորափոխադրում, իրականացվում է գիշերային լուսավորություն՝ 42  կետով, գյուղում կատարվում է մշտական աղբահանություն, հիմնամաքրվել և վերացվել են մոտ 15 աղբանոցներ, համայնքապետարանի աջակցությամբ գյուղը անվճար ստացել է 40 տոննա ցեմենտ, որից օգտվել է շուրջ 65 տնտեսություն, ջրի խնդիրը մեղմելու նպատակով վարչական ղեկավար Ալիկ Թումանյանի անմիջական ներգրավվածությամբ վերանորոգվել են գյուղի՝ ավելի քան 30 տարի չշահագործված ջրահավաք ավազանները: Իսկ մեկ շաբաթից Գեղագիտության ազգային ինստիտուտի Մեղրու մասնաճյուղի մասնագետները շաբաթական երկու անգամ գյուղում կիրականացնեն պարի և կերպարվեստի անվճար դասընթացներ:

Գյուղը գտնվում է արշավականների, տուրիստների ուշադրության կենտրոնում, որոնց հետաքրքրում է ոչ միայն միջնադարյան վերոնշյալ հուշարձանները տեսնելը, այլև սահմանապահ հայ գյուղացու կացութաձևը, կենսակերպը, որի մեջ ավանդականը, հինը իրենց դիմագիծը այնուամենայնիվ  պահպանել են: Սակայն, ինչպես ողջ համայնքում, այստեղ նույնպես չկան ոլորտի զարգացման առաջնահերթ ենթակառուցվածքներ, սպասարկման կետեր, և կարող ենք ասել՝ բնության ընձեռած շռայլությունը ճիշտ չի ուղղորդվում, չի կապիտալիզացվում:

Գյուղի երիտասարդությունը ակտիվ է, ստեղծարար. երրորդ տարին է, ինչ ամռանը տասն օրով Շվանիձորում «Թաքնված ճանապարհ» նախաձեռնության կամավորական խումբը «Ամառային ճամբար» է իրականացնում՝ կարիերայի ուսուցման խթանում, անգլերեն, արվեստ, լրագրություն, լուսանկարչություն, պար՝ այս թեմաներն են ընկած ճամբարի հիմքում: Գյուղի կենտրոնական մասում օրերս տեղադրված մանկական խաղահրապարակի կարուսելները հենց այս նախաձեռնության նվերն են:

Գյուղի հիմնախնդիրները

Գյուղի վարչական ղեկավարը, ով նվիրումով, առաքելության գիտակցությամբ է մոտենում հանձնարարականներին, նշում է գյուղի հիմնախնդիրներից երկուսը՝ ոռոգման խնդիր, նախադպրոցական կրթության բացակայություն: Գյուղն ունի հիմնորոգման կարիք ունեցող մանկապարտեզի շենք, որն ավելի քան 20 տարի չի շահագործվում: Ուրախությամբ նշեց, որ համայնքի ներկայացրած սուբվենցիոն ծրագրերից մեկն է նաև գյուղում մանկապարտեզ ունենալու հարցը, ինչը նոր կառավարությունը հաստատել է, և մոտ ապագայում կլինի: Իսկ ոռոգման հարցը շարունակում է մնալ հիմնախնդիր, որին ծանոթ են նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը, մարզպետը, համայնքի ղեկավարը: Այն այս տարի մեղմվել է քահրիզների, ջրահավաք ավազանների բարեկարգման շնորհիվ, սակայն վերջնականապես լուծված չէ:

Այս է Շվանիձորը՝ իր բարեկարգ, մաքուր, ասֆալտապատ փողոցներով, արարող, աշխատասեր, իր հողը սիրող մարդկանցով, արևահամ մրգերով, ակտիվ երիտասարդներով և համեմատաբար քիչ և լուծելի խնդիրներով ու հոգսերով…

Մարիամ Ծատրյան

20:00 19.09.2018

Ամենաշատ ընթերցվածները