ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Փողոցային շները՝ առօրյայի մաս
18:00 20.09.2018

Փողոցային շները՝ առօրյայի մաս

Վերջերս Կապանի ակտիվ հասարակությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում քննարկման թեմա էր դարձրել փողոցային շների դեմ պայքարը: Առիթը Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 4-ին հրապարակված «Քնած ճամփորդողները» վերտառությամբ լուսանկարն էր, ինչն օգտատերերի բացասական մեկնաբանություններին արժանացավ: «Քնած ճամփորդողները» լուսանկարին արձագանքել է նաև օգտատեր Տիգրան Նազարեթյանը, ով գրել է, որ գիշերը՝ 2.50-ից սկսած, քաղաքապետարանի մերձակա տարածքում շների սպանություն է իրականացվել:

Շունը տիրոջից խելո՞ք

Առավոտյան եռուզեռում փողոցային շների պատկերում փորձենք: Բնության գրկում խոյացած Կապանը գեղեցիկ է տարվա բոլոր ժամանակներում, իսկ աշունը աստիճանաբար բարձրանում է սարեր: Առավոտյան աշխատանքի շտապող մարդկանց, դպրոց հաճախող երեխաների համայնապատկերում փողոցային շների թիվը, կարելի է ասել, կլորիկ է: Իրենցից ազատված տերերը մահճակալին հանգիստ քուն են առնում, իսկ նրանք հոտի հետքերով... Շների ուղեկցությամբ դպրոց հաճախելը սովորական երեւույթ է: Շներն էլ դպրոցականներին ընկերացած՝ կանուխ աջուձախ են անում, իրար հետ խաղեր տալով՝ զուգավորվում, բազմանում: Մարզպետարանի առջև կոմունալի աշխատակիցներն իրենց ամենօրյա գործն են կատարում, իսկ մարդն իրավունք ունի մտածել՝ ի՞նչ է, Կապան բազմաբնակավայր համայնքը սահմանափակվում է միայն մարզպետարանի Գ.Նժդեհի անվան հրապարակո՞վ, որ ամեն օր այդ հատվածի մաքրությունն են կատարում՝ մաքրում, հետ մաքրում: Առաջացած փոշու միջով արեւի ճառագայթներն ընկնում են անցորդների, փողոցային շների վրա: Սյունիքի մարզպետարանի և հարակից փողոցներում տեղադրված աղբամանների մոտ լքված շները թափված աղբն են դնչով քչփորում, ճանապարհով, մայթով՝ զբոսնում, հոտոտում, պոչերը վերուվար անելով անցորդներին քսում, տիրոջ հոտի հետքերով թափառում... Շուն բառի հետ է զուգակցվում հավատարմությունը: Հավատարմությունն այդ արժեք չունի, և մարդու հավատարիմ բարեկամները մոլորված թափառում են... Բազմաբնակավայր համայնքի պատասխանատուների համար դժվար, անչափ դժվար աշխատանք է նրանց մասով մարդկայնորեն որոշում կայացնելը. շները դա էլ են զգում:

Ինչպես վարվել փողոցային շների հետ

Շների էկոլոգիայի ուսումնասիրության խորհրդատվական զեկույցում (Ժնեւ, 1988., էջ 11) մասնավորապես ասվում է, որ շների ոչնչացում խորհուրդ չի տրվում: Ոչնչացումը ծախսատար է, ազդում է կատաղության դեպքերի ավելացման վրա: Թափառող շների հիմնախնդրի լուծման երեք տարբերակ կա՝ 1) Ոչնչացնել ամեն էգ շուն, ինչը գործնականում անհնարին է, 2) Ոչնչացնել սննդի աղբյուրները, դրանով իսկ կանխել կենդանիների կերակրումը և վերացնել ամբողջ աղբը, որպեսզի շները սովամահ լինեն, ինչը ևս գործնականում անհնարին է, 3) «Բռնել, ամլացնել, վերադարձնել» ծրագիրը: «Բռնել, ստերջացնել, վերադարձնել» ծրագրի կողմնակիցն են Առողջապահության համաշխարհային, Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունները, միջազգային կենդանապաշտպան հանրությունը: Այն ոչ այնքան ծախսատար ծրագիր է (համեմատած ՀՀ-ում հայտնի մեթոդի՝ շնաորսի, որն ավելի ծախսատար է և անարդյունավետ) և 5-8 տարի է պահանջում, որպեսզի փողոցային շների հիմնախնդիրը վերջնական լուծում ստանա:

Սաթինե Գևորգյան

18:00 20.09.2018