ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կկազմվի Գուրոսի լուսանկարների ալբոմ
16:00 20.09.2018

Կկազմվի Գուրոսի լուսանկարների ալբոմ

Ինքնուս լուսանկարիչ, գեղանկարիչ,  ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Գուրոսի (Գուրգեն Պարոնյան) Սյունիքի մասին պատմող ֆոտոխրոնիկան գիտահետազոտական, փաստավավերագրական  նշանակություն  ունի։  Դրանց մի զգալի հատված՝ բնօրինակ սևանկարներ պահպանվում  է  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն»  ՊՈԱԿ-ում։

ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Գուրոսի Սյունիքին նվիրված լուսանկարների ալբոմ ստեղծելու միտքը հղացել է դեռ երկու տարի առաջ, երբ ՊՈԱԿ-ի կինոօպերատոր, լուսանկարիչ Աշոտ Մովսեսյանը սկսել է ապակե  սևանկարները  բաձրորակ թվայնացնել, ապա մանրակիտ մշակեց ավելի քան 1000 լուսանկար։

ՊՈԱԿ-ի գիտաշխատող, ազգագրագետ Խորեն Գրիգորյանը Գուրոսի լուսանկարների ալբոմի տեքստերը պատրաստելուց առաջ որոշել է նախ մեկնել Գուրոսի հայրենի Գորիս և տեղում հասկանալ, թե ինչ նպատակով է նա ստեղծել  ֆոտոշարքը (բնապատկերներ, դիմանկարներ)։

Գուրոսի ալբոմի նախապատրաստական աշխատանքներով զբաղված ստեղծագործական խումբը փորձել է փնտրել ու գտնել այն բնակավայրերը,  փողոցներն ու շենքերը, որոնք 1920-1932 թթ․ լուսանկարել է Գուրոսը։ Լուսանկարիչ Աշոտ Մովսեսյանը փորձել է ստեղծել Գուրոսի այս կամ այն լուսանկարի այսօրվա պատկերը՝ ճիշտ նույն տեսանկյունից։ Նպատակը` այսօրվա Գորիսի մասին տեղեկություն փոխանցելն է, թե որքան է փոխվել այն գրեթե 100 տարի անց։
Լուսանկարիչ  Աշոտ Մովսեսյանը նկատել է, որ Գորիսի քաղաքային պատկերը  գրեթե չի փոխվել։ Այդ մասին վկայում են նաև հին ու նոր լուսանկարները։

Ազգագրագետ  Խորեն Գրիգորյանն ասել է, որ Գուրոսի լուսանկարները կարծես Ակսել Բակունցի Կյորիսի պատկերազարդումը լինեն։ Ալբոլի հիմքում` հենց այդ միտքն է:

Աղբյուր՝ panorama.am

16:00 20.09.2018

Ամենաշատ ընթերցվածները