ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բերքաբերից 850 հեկտար հող Ադրբեջանի հսկողության տակ է. տարածքների հանձնումը վտանգում է Տավուշից ելքն արտաքին աշխարհ. 168.am
18:07 22.03.2024

Բերքաբերից 850 հեկտար հող Ադրբեջանի հսկողության տակ է. տարածքների հանձնումը վտանգում է Տավուշից ելքն արտաքին աշխարհ. 168.am

Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը զգուշացրել էր, թե հնարավոր է՝ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։

Փաշինյանը հայտարարել էր նաև, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։

«…Դա նշանակում է՝ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել էր նա։

Այս հայտարարություններից ու զգուշացումներից հետո խոստացել էր, որ, օրինակ, եթե Այգեպար գյուղում բնակիչը տունը կառուցել է այն հատվածում, որը հատել է Ադրբեջանի սահմանը, նրան գումար են տալու ու ասելու են՝ դուրս գա, այլ հատվածում տուն կառուցի։

Երեկ խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանին տարածքներ չեն տալիս ու վերցնում, այլ սահմանազատում են ՀՀ թվարկված գյուղերի՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գյուղերի դիմացի սահմանները։

«Բաղանիս-Այրում, Աշաղի-Ասքիպարա, Խերեմլի, Կիզիլ Հաջիլի գյուղերը երբեք չեն եղել ՀՀ սուվերեն տարածքի գյուղեր, հետևաբար՝ ինչը մերը չէ, չի կարող մնալ»,- նշել էր Արթուր Հովհաննիսյանը։

Իշխանական մեկ այլ պատգամավոր՝ տավուշցի Վահե Ղալումյանը խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս անընդհատ կրկնում էր՝ Բարխուդարլու և Սոֆուլու գյուղերը հայկական չեն եղել։

168.am հետ զրույցում Այգեպար գյուղի ղեկավար Արկադի Յամուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չի եղել, սակայն լսել է նրան, և նրա հիշատակած տարածքները Նոյեմբերյանի տարածաշրջանում են։

«Մենք Բերդի տարածաշրջանում ենք, այդ տարածքները մտնում են Նոյեմբերյանի տարածաշրջանի մեջ։

Ես որևէ բան էլ չեմ մտածում, հանգիստ, նորմալ ապրում ենք, ամեն ինչ նորմալ է։ Էս անունը տվեցին, էն անունը տվեցին, ոչ մի բան էլ չկա, նորմալ է։

Ինքը մեր գյուղը լավ գիտի, անգիր գիտի, դրա համար խոսել է մեր գյուղի մասին»,- նշեց գյուղապետը։

Հարցին՝ այսինքն՝ Այգեպարում տուն կա, որ կառուցված է Ադրբեջանի տարածքո՞ւմ, Արկադի Յամուկյանը պատասխանեց՝ չկա այդպիսի տուն, բայց սահմանին կպած կա։

Սահմանամերձ Մովսես գյուղի ղեկավար Արմեն Փոլադյանի փոխանցմամբ՝ Սոֆուլու, Բարխուդարլու գյուղերը Մովսեսից մոտ 50 կմ հեռու են, բայց այն ճանապարհը, որը գյուղը կապում է  մայրաքաղաքի հետ, հիմնականում անցնում է այդ հատվածով։

«Նավուրից Թթուջուր ճանապարհը ձմռանը հիմնականում փակ է լինում, Իծաքարից- ճանապարհը նույնպես լավը չէ, ձմռանը փակ է լինում։ Այսինքն՝ եթե այդ գյուղերն անցան Ադրբեջանի հսկողության տակ, կարելի է ասած՝ մեր ճանապարհը փակվում է։ Այսինքն՝ մեր այլընտանքային երկու ճանապարհները նորմալ վիճակում չեն, ու այդ հանձնումը շատ վտանգավոր է։ Ձմռանը քամին է ճանապարհը փակում, ու փակելն էլ վայրկյանական է։

Հիմա ես չգիտեմ՝ կոնկրետ որ տարածքներն են հանձնում, որպեսզի կարողանամ հստակ պատասխանել հարցին։ Հիմա էլ է մեր գյուղը թշնամու կրակի տակ, այսինքն՝ ուղիղ նշանառության տակ է։ Իրենց դիրքերից գյուղի 80 տոկոսը դիտարկման տակ է»,- 168.am հետ զրույցում ասաց Մովսեսի գյուղապետը։

168.am հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Տիգրան Հարությունյանն ասաց, որ Բարխուդարլուի և Սոֆուլուի մասով խոսք չի լսել, գյուղերը, որոնց մասին խոսում են՝ նշված գյուղերի մասին չէ։

«Մեր գյուղին հարակից գյուղը ադրբեջանական Կիզիլ Հաջիլին է։ Մենք ունենք տարածքներ, որոնք գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ՝ մոտ 850 հեկտար վարելահող ու արոտավայր է։

Կիզիլ Հաջիլին այս պահին գտնվում է չեզոք հատվածում, մենք էլ մուտք չունենք, ադրբեջանցի զինվորականները որոշակիորեն մուտք ունեն։ Գյուղի հատվածից այն որոշակի հեռավորություն ունի, բայց կրկին սահմանը մեծանում է։ Այնպես չէ, որ գյուղը շահեկան վիճակում է  հայտնվում, այն տարածքները, որոնք Ադրբեջանի մոտ են, վերադարձնեն մեզ, գյուղն իրականում կունենա 850 հեկտար ավելի շատ հողատարածք, գյուղը շահեկան վիճակում կլինի այդ դեպքում»,- շեշտեց գյուղապետը։

Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում, որ Ադրբեջանը կվերադարձնի իր նշած տարածքները, Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց.

«Այս պահին հարցին չեմ կարող պատասխանել, բայց հույս ունեմ, որ դրան կհասնենք»։

Աղբյուրը՝ 168.am

18:07 22.03.2024

Ամենաշատ ընթերցվածները