ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Պատերազմից հետո հարկավոր չեղանք»
19:00 22.09.2018

«Պատերազմից հետո հարկավոր չեղանք»

Մարտական ուղին

Պահեստի սերժանտ Կառլեն Սահակյանը ծնվել է 1960 թվականին Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում: 1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում: Սահակյանը 1990թ․  նոյեմբերի 11-ից հայ-ադրբեջանական սահմանի լարվածության պատճառով զինծառայության է անցել ՀՀ ՆԳՆ կից հատուկ գնդի Կապանի վաշտում որպես հրաձիգ: Մասնակցել է սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը: Դավիթբեկ գյուղի ինքնապաշտպանության ժամանակ՝ 1991թ․ ապրիլի 7-ին, վիրավորվել է և բուժվել Կապանի հիվանդանոցում: 1993թ․ հոկտեմբերի 10-ից անցել է զինծառայության ՀՀ զինված ուժերում և մինչև 1994թ. մայիսի 10-ը մասնակցել հարավարևելյան սահմանների մարտական գործողություններին: 1996թ․ հոկտեմբերին զորացրվել է պահեստազոր: Ծառայության ընթացքում աչքի է ընկել հայրենիքին իր նվիրվածությամբ, ճիշտ և ժամանակին է կատարել հրամանատարների հրամանները, վայելում է մարտական ընկերների սերն ու հարգանքը:  3-րդ խմբի հաշմանդամ է:

Զորամասի «Տրիվոգան»

Կառլեն Սահակյանին շատերը անունով գուցե չճանաչեն, պատերազմի թոհուբոհի մեջ նրան ընկերները «Տրիվոգա» անունը կնքեցին:

«Մի անգամ՝ հերթափոխի ժամանակ, ոստիկանության պետ Էդիկ Բարսեղյանը զանգահարում է զորամաս, թե՝ տղաներին տագնապ տվեք, Եղվարդ գյուղից թուրքերը գյուղացիների անասունները տանում են, ես էլ այդ պահին խառնվեցի ու ահազանգի փոխարեն «тревога» կանչեցի, այդպես էլ մնաց կեղծանուն», - ժպիտով ասում է ազատամարտիկը:

Կառլեն Սահակյանը Արծվանիկ գյուղի միջնակարգ դպրոցում էր աշխատում, երբ գյուղի տղաներով որոշեցին ջոկատ կազմել ու միանալ սահմանին կանգնած զինվորներին։ Ուղևորվեցին մայրաքաղաք, այնտեղ զինվորական պատրաստություն անցան, երդում տվեցին՝ ուխտելով հայրենիքի պաշտպանության համար չխնայել անգամ կյանքը:

«Մենք արտասովոր ոչինչ չենք արել, ուղղակի ծառայել ենք, մեր ուժերի չափով հայրենիք պաշտպանել», - ասում է ազատամարտիկը, իսկ անցած ռազմական ուղու ու հերոսական ոգու մասին համեստորեն լռում է:

«Կառլենին մանկուց եմ ճանաչում, մի գյուղում ենք մեծացել, միասին մանկություն ապրել, իսկ մարտի դաշտում մի ընտանիք դարձել: Ազնիվ ու կամեցող մարդու տեսակ է, ընկերների համար պատրաստ ամեն զոհողության: Երբ լսում էինք, որ թշնամին գյուղացիների անասուններն է տարել կամ որևէ ոտնձգություն կատարել, առաջինն էր հասնում ու հետ վերցնում գողացածը, օգնության հասնում բոլորին: Մեր Տրիվոգան, իր մականվանը հակառակ, համեստ զինվոր էր. անտրտունջ ծառայել է,  բազմաթիվ անգամ կյանքի ու մահվան հետ կռիվ տվել, բայց մնացել է նույն համեստ մարդը՝ երբեք իրեն հերոս կամ կարևոր մարդ չհամարելով», - հիշում է մարտական ընկերը՝ Հարություն Հարությունյանը: Ընկերոջ խոսքով՝ նա ծառայության մասին մտածում էր անգամ հիվանդանոցում, երբ վիրավորվելուց հետո պետք է կազդուրվեր:

1991թ․ ապրիլի 7-ին հակառակորդը Կապանի ուղղությամբ հերթական հարձակումը սկսեց: Այդ օրը Կառլենը հերթափոխը հանձնել ու պատրաստվում էր տուն գնալ, սակայն լուր հասավ, որ տղաներին վառելիք ու բուժօգնություն է հարկավոր։ Նա առաջինը նստեց մեքենան ու շարժվեց առաջնագիծ: Հետդարձի ճանապարհին հակառակորդը կրակ է բացում մեքենայի վրա, որի պատճառով Կառլեն Սահակյանը ոտքից ծանր վիրավորում է ստանում ու մի շարք վիրահատություններ տանում: Բուժվելուց հետո կրկին կանգնում է ընկերների կողքին, կռվում մինչև հրադադարի օրը:

«Պատերազմից հետո 20 տարի շարունակ երազիս մեջ կռվի դաշտում էի, դժվար է մոռանալ այդ ամենը, պատերազմի մասին մի ֆիլմ, մի դրվագի հանդիպելիս անմիջապես վերապրում եմ այդ օրերը։ Ծանր էր, հայրենիքի պաշտպանության զոհասեղանին ընտիր տղաներ դրեցին, նրանց չապրած տարիների համար ափսոսանք ու ցավ եմ ապրել», - ասում է նա: Չնայած պատերազմը մինչ այսօր իր հետքը թողել է նրա կյանքում, սակայն վստահեցնում է, որ յուրաքանչյուր պահ պատրաստ է կանգնել զինվորի կողքին, իր փորձը փոխանցել նրանց:

Տվեց, բայց չստացավ

«Պատերազմից հետո ես ու ինձ նման հազարավոր ազատամարտիկներ ոչ մեկին հարկավոր չեղանք», - ասում է ազատամարտիկն ու հատիկ առ հատիկ ցույց տալիս ծառայության համար տրված հուշամեդալները, պատվոգրերը, որոնք ոչնչով չօգնեցին նրա հետագա կյանքը կարգավորելու, ընտանիքի բարեկեցությունը ապահովելու հարցում: Ասում է, որ պատերազմից հետո այդպես էլ մշտական աշխատանք չունեցավ։ «Բազմաթիվ դիմումներ եմ հասցեագրել տարբեր հիմնարկություններ, բայց մինչ այսօր առանց աշխատանքի եմ մնացել: Իսկ երբ փորձեցի գոնե պահակի աշխատանք կատարել, դրա համար էլ մերժում ստացա, այն պատճառաբանությամբ, թե պատերազմում ստացած կոնտուզիան կարող է վնասել իրենց աշխատանքի ընթացքին», - նշում է արցախյանի մասնակիցը:

Երկու աղջիկ է մեծացրել, կինը Կապանի Ալ․Շիրվանզադեի անվան թատրոնի դերասանուհի Գայանե Զաքարյանն է, կնոջ մասնագիտական ուղիով շարունակեցին նաև աղջիկները՝ Լիլիթն ու Վիկտորյան: «Մենք հպարտանում ենք մեր հայրիկով, տանը պատերազմից ընդհանրապես չի խոսում, բայց մանկուց մեր մեջ դաստիարակել է ազնվություն, հայրենասիրություն, նպատակասլացություն։ Ամեն սեղան նստելիս խմում է զոհված ազատամարտիկ ընկերների կենդանի կենացը։ Իհարկե հասկանում եմ, թե նա ինչ զոհողությունների գնով է իր բաժին ներդրումն ունեցել անկախության ձեռքբերման գործում։ Հպարտ եմ, որ նեղ անձնական խնդիրների մասին չի մտածել, այլ ավելի բարձր արժեքի՝ հայրենիքի հոգսով է ապրել», - ասում է ավագ դուստրը՝ Լիլիթը, ով նույնպես աշխատում է Կապանի դրամատիկական թատրոնում։ Ընտանիքը ապրում է զինվորական թոշակով ու կնոջ աշխատավարձով, երեխաներին մեծ դժվարությամբ ուսման է տվել՝ այդպես էլ որևէ օգնություն չստանալով:

Պատերազմի դաշտում հաշմանդամ դառնալը փոխեց կյանքի ուղին, առողջական վիճակի պատճառով չկարողացավ ընտանիքի համար բարեկեցիկ ապագա ապահովել, սակայն դեռ մինչև այսօր հույս ունի, որ կկարողանա որևէ աշխատանք ունենալ՝ գոնե ինչ-որ չափով ընտանիքի, աղջիկների հոգսերը հոգալ:

«Երբեք ոչինչ չեմ պահանջել պետությունից՝ մտածելով, որ մենք մեր հողն ենք պաշտպանել, ու այսօր էլ, եթե անհրաժեշտ լինի, առանց մտածելու կգնամ սահման, բայց պետությունը գոնե փոքր-ինչ ուշադրություն պետք է դարձնի ինձ ու ինձ նման տղաներին», - նշում է Կառլեն Սահակյանը:

Արփինե Հարությունյան

19:00 22.09.2018

Ամենաշատ ընթերցվածները