ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գ․Մահարի․ «Ծաղկած փշալարեր»
20:00 22.09.2018

Գ․Մահարի․ «Ծաղկած փշալարեր»

Անցյալ դարի 30-ական թվականներին խորհրդային անծայրածիր կայսրությունում «ժողովուրդների հոր» կամքով «մարդամթերումն» էր մոլեգնում։ Պլան էր, որ կատարում ու գերակատարում էին։ Մարդկանց որսում էին գործարաններում, կրթօջախներում, այգիներում ու տներում։ Խտրություն չկար․ կուսակցական աշխատողներ, պետական գործիչներ, զինվորականներ, բանվորներ, գյուղացիներ, արվեստագետներ․․․ Գուրգեն Մահարուն տարան սրճարանից, որտեղ կոնյակ էր վայելում Վահրամ Փափազյանի ու Հրաչյա Ներսիսյանի հետ։ Այդպես սկսվեց առաջին աքսորը, որի գեղարվեստական պատմությունը գրողը շարադրել է «Ծաղկած փշալարեր» վիպակում։

Կալանավորներից մեկը՝ վաթսունամյա ականավոր գիտնականը, այն կարծիքին էր, որ հազիվ 2-3 տարվա կյանք ունի։ Բայց քսանհինգ տարվա ազատազրկման դատավճիռը ստանալուց հետո փոխեց կարծիքը․ «Անկասկած, պետությունը մի բան գիտե, որ նրան քսանհինգ տարի է տվել․ այդ նշանակում է, որ նա պարտավոր է այդքան էլ ապրել՝ պետությանը պարտք չմնալու համար»։

Իսկ պետությունը այդ մասին առանձնապես չէր էլ մտածում։ Պարզապես ամբողջ թափով  գործի էր դրել մահաբեր մեքենան։ Օրը ցերեկով Երևանի կենտրոնում կանգնում էին ծածկած թափքերով բեռնատարները՝ լցված կալանավորներով։ Մարդկանց տանում էին առանց դատ ու դատաստանի։ Հեղինակը շտապում է հայտնել իր զգացողությունը․ «Այդպես տանում են գողացած ապրանքը։ Գողացած ապրանք չենք, ի՞նչ ենք։ Գողացել են մեզ մեր տներից, մեր հարազատներից, մեր ժողովրդից»։ Կալանավորների խուց նետված նախկին բանտապետը «լուսավորում» է բոլորին՝ տեղեկացնելով, որ այդ օրերին Հայաստանում 40 հազար մարդ պետք է նստի․ «Դրանց մի մասը կմահանա, մի մասը կգնդակահարվի, իսկ մեծ մասին կքշեն հյուսիս՝ համակենտրոնացման ճամբարներ»։ Հարցաքննում, ավելի ճիշտ՝ ծեծում ու ջարդում էին բոլորին, խոստովանություն կորզում։ Կալանավորներից ոմանք տեղեկանում են, որ իրենք, ասենք, միաժամանակ մի քանի երկրի լրտեսներ են։

Բանտում հայտնված դերասանն էլ իր խոստովանությունն է անում․ «Սա մի ահավոր, սպանիչ լինելու չափ ձգձգված, բայց խորապես շեքսպիրյան ողբերգություն է․․․ Ե՞րբ, ե՞րբ վերջապես պիտի իջնի վարագույրը»։ Իսկ վարագույրը համառորեն չէր իջնում։ Երբ «Կապիտալի» առաջին թարգմանչին՝ պրոֆեսորին, քննիչները՝ իր նախկին սաները, տանջում են, նա փորձում է զգաստացնող խոսքեր ասել․ «Ի՞նչ եք անում, տղանե՛ր, ինչու՞ հեռու չեք նայում, ախր պատմություն կա, պատասխանատվություն կա․․․»։ Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով պրոֆեսորի ճակատին և ասել․ «Քանի մենք կանք, պատմությունը չի լինի, իսկ երբ պատմությունը լինի, մենք չենք լինի»։

Կալանավորներից մեկը այս ամենը բնական ու բանական է համարում․ «Մեր առաջնորդը մարդուն համարում է ամենաթանկ կապիտալը և դրա համար էլ յոթ կողպեքի տակ է պահում այդ գանձը»։

Հեղինակին ներկայացված մեղադրանքն էլ է վերջապես հայտնի դառնում․ մի քանի գրողներով գաղտնի ժողովներ են գումարել և գիշեր-ցերեկ մտածել Հայաստանը Ռուսաստանից անջատելու մասին։ Հիմա նա այն «երջանիկներից» է, ով չի գնդակահարվել և մյուսների հետ ապրանքատար վագոններով քշվում է հյուսիս։ Ճանապարհին էլ տանջանքները անպակաս են։ Կալանավորներին նույնիսկ աղի ձուկ են տալիս, իսկ ջուր՝ ոչ։ Ով ապրեց, ապրեց։

Նույն անմարդկային պայմաններն են համակենտրոնացման ճամբարներում։ Փախուստի փորձեր, իհարկե, կատարվում են։ Բայց ու՞ր փախչես անծայրածիր տայգայից։ Շատերը կորցնում են մարդկային դեմքը․ «Նրանք քծնում են, լիզում իրենց ոտնակոխող սապոգները, ասում են խոսքեր, որոնք իրենցը չեն, կատարում են գործողություններ, որոնց հետ համաձայն չեն, բայց կատարում են, որովհետև արդարությունը հիվանդ է, չի կարող նրանց կարգի բերել»։

Տղամարդիկ էլ, կանայք էլ կորցրել են իրենց դիմագծերը։ Հիմա բոլորը պարզապես կալանավոր են։ Կալանավոր, ով մտածում է միայն գոյությունը մի կերպ քարշ տալու մասին։ Ի՜նչ կին, ի՜նչ բան․ «Կինն այն էր, ինչ աշխատող չարքաշ եզի համար Չայկովսկու Երրորդ սիմֆոնիան։ Հաց․ ահա թե ինչով էր զբաղված նրա ուղեղը։ Ամենից առաջ հաց, մեծ քանակությամբ հաց, որ ուտի այնքան, որքան ցանկանում է»։

Այսքանից հետո, սակայն, որքան էլ զարմանալի է, կին տեսնելու հնար գտնում էին։ Նույնիսկ երեխաներ էին ծնվում։ Ճիշտ է, շատերը չէին ապրում, իսկ եթե համառում ու ապրում էին, միևնույն է, մոր կամ հոր երես չէին տեսնում։ Անմիջապես համարակալվում էին, և նրանց մասին գրավոր ոչ մի տվյալ չէր պահպանվում։

Բայց Մահարին մտադիր չէր բավարարվել միայն այս սարսափները նկարագրելով։ Բանտ, համակենտրոնացման ճամբար, տաժանակիր աշխատանք և հանկարծ՝ սեր աքսորավայրում՝ բրուտանոցում։ Քանդակագործ-նկարչուհի Լյուդմիլա Շարթը, ով ձերբակալվել էր միայն այն պատճառով, որ գերմանուհի էր ու եղել էր Բեռլինում, և կառապան Մամոն սիրում են իրար։ Նաև նրանց սիրուց են ծաղկում փշալարերը։ Այս կերպ Մահարին հիշեցնում է․ եթե սիրում ես, ուրեմն ապրում ես, ուրեմն մարդ ես։

Արթուր Իսրայելյան      

20:00 22.09.2018

Ամենաշատ ընթերցվածները