ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ամեն ինչ ընթանում է իր հունով
19:30 04.10.2018

Ամեն ինչ ընթանում է իր հունով

Ալեքսեյ Հակոբի Պետրոսյան (Լյոխա)

Ծնվել  է  1961թ․ նոյեմբերի  2-ին Կապանում,  ծառայողի  ընտանիքում: 1969-1976թթ. սովորել  է  Կապանի  թիվ  3 միջն.  դպրոցում,  որից  հետո  ընդունվել  Կապանի  պրոֆտեխուսումնարանը,  որտեղ  ստացել  է  վարորդի  մասնագիտություն: Ուսման  զուգահեռ  աշխատել  է  նաև  հակաժանտախտային  կայանում՝ որպես  դեզինֆեկտոր:  1980թ․ զորակոչվել  է խորհրդային բանակ և ծառայությունն անցկացրել  Աֆղանստանում: Ծառայության  ժամանակ  բազմիցս արժանացել  է  պարգևների,  պատվոգրերի, ունի  հոբելյանական  մեդալ:

1987թ․  աշխատանքի  է  անցել  Կապանի  սարքաշինական գործարանում:

1992թ․  որպես աֆղանական պատերազմի վետերան  մտնում  է  Կապանի  գումարտակ՝ մասնակցելով սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական գործողություններին։ Ղարաբաղի տարածքն ազատագրելուն զուգահեռ Հայաստանի հարավարևելյան սահմաններից՝ Գորիսից ու Կապանից աշխարհազորային ուժերը ու հատուկ ջոկատայինները կռիվներով հասան Հորադիզի մերձակայքը։ Հորադիզի կայարանը անընդհատ ձեռքից ձեռք էր անցնում, բաց դաշտում մղվող մարտերում շատ զոհեր եղան։ Ի վերջո, հետագայում զոհերից խուսափելու համար մերոնք ամրապնդվեցին Հորադիզ բնակավայրում՝ կառուցելով ինքնապաշտպանական գիծ։ Հորադիզի մարտերի ժամանակ էլ՝ 1994թ․ ապրիլի 22-ին, խրամատներից  մեկում ականի պայթյունից զոհվեց Ալեքսեյ Պետրոսյանը։

Հետմահու պարգևատրվել է «Արիության» և այլ մեդալներով։

Նադյա տատն ապրում է իր հուշերով

Ալյոշայի մորը՝ Նադյա տատին, հանդիպեցինք նրա բնակարանում, որտեղ կոկիկ դասավորված իրերը վկայում էին տարիքով կնոջ՝ մաքրության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը։ Ազգությամբ բելոռուս կինը կյանքի մեծ մասը անց է կացրել Կապանում։ Պատից կախված լուսանկարները առավել քան խոսուն էին․ առանց հարցնելու էլ պարզ էր՝ շատ դժբախտություններ է տեսել։ Զիլ ձայնն ու խորշոմների տակ թաքնված կնոջ դիմագծերը մատնում էին երիտասարդ տարիների առույգությունն ու գեղեցկադեմ արտաքինը։

«Ամուսինս ծառայում էր Բելառուսում, 1956թ․ գնացքում ենք ծանոթացել, չնայած շատ երկրպագուներիս, ծնողներս համաձայնեցին իմ ձեռքը տալ միայն Հակոբին։ 1959թ․ ամուսնացանք, հետո տեղափոխվեցինք Կապան, ունեցանք երեք որդի, աշխատեցինք, ստեղծեցինք մեր անկյունը, և մինչ օրս այստեղ եմ ապրում», - պատմում է Նադյա տատը։ Սեղանին դրված են ծոռնիկների նկարած նկարները, իսկ պահարանում խնամքով պահվում են զոհված որդու, ամուսնու փաստաթղթերը, պարգևները և նոթատետրը, որտեղ խնամքով գրի է առել զավակների, թոռների ծննդյան օրերը, հեռախոսահամարներ․․․

Հեռավոր երկրից Կապանում հաստատված կինը չի դժգոհում մենակությունից, ասում է՝ պետք է ինձ թաղեն ամուսնուս կողքին, վաղուց արդեն սա իմ հարազատ երկիրն է դարձել։ Մինչ որդու կյանքի պատմությունը ներկայացնելը նա մանրամասն պատմեց իրենց ընտանիքի մասին՝ նշելով, որ Պետրոսյանների ընտանիքը Պարսկաստանում գերությունից հետո է Կապան տեղափոխվել։

Ամուսինը մահացել է երկարատև հիվանդությունից, իսկ փոքր որդին՝ Կոլյան՝ դժբախտ պատահարից՝ շմոլ գազով թունավորումից։ Ավագ որդին՝ Արկադյան, 1992թ․-ից ընտանիքով տեղափոխվել է Ռոստով՝ Տագանրոգ քաղաք։ Կոլյայի ընտանիքը նույնպես ապրում է այնտեղ։

«Որդուս անունը Ալեքսեյ դրեցի, բայց Ալյոշա էինք ասում՝ ի պատիվ հոր ձեռքին գրված անվան։ Երբ մենք Մինսկում ծանոթացանք, նրա ձեռքին այդ անունն էր դաջված, և սկզբնական շրջանում գիտեի, թե նրա անունն է, միայն հետո իմացա, որ Հակոբ էր իսկական անունը», - տարիների կծիկը հետ տալով՝ պատմում է Ալյոշայի մայրը։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատել է մայրիկի և հայրիկի աշխատավայրում՝ հակաժանտախտային կայանում, զորակոչվել բանակ, վերադառնալով՝ կրկին անցել աշխատանքի։ «Բնավորությամբ շատ շփվող չէր, չէի ասի, որ շատ ընկերներով էր շրջապատված», - բնութագրեց մայրը։

Եղբայրը՝ Արկադյան, հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ եղբորը հարգում էին շրջապատում, մարտական ոգի ուներ, բայց դժվարացավ նրա մարտական ուղուց խոսել, քանի որ այդ տարիներին ինքն արդեն Հայաստանում չէր․ «Միայն կարող եմ ասել, որ երբ մարտական գործողությունների դադարի ժամանակ գալիս էր տուն, հենց մի կրակոց էր լսում, զենքը վերցնում, տնից դուրս էր թռչում, ասելով՝ ինչպե՞ս կլինի, որ ես տանը նստեմ, այնտեղ տղաները կռվեն»։

Որդին նույնպես ՌԴ-ում է

Ալյոշայի կինը՝ Սիրուշը Սիսիանի Թասիկ գյուղից է։ Ամուսնու հետ ծանոթացել է Կապանում ուսանելու տարիներին․ նույն բակում էին ապրում։ Մինչ նրա պատերազմ գնալը ընտանիքում անախորժություն էր եղել, ինչպես տեղեկացրեց Սիրուշը, զագսով չէ, բայց բաժանված էին արդեն։ «Հետո ես նորից ամուսանացա և մեր համատեղ որդուն՝ Սուրենին, հանձնեցի տատիկ-պապիկի խնամակալությանը։ Բայց առաջին ամուսնուս ընտանիքի հետ մինչ օրս էլ կապս պահում եմ։ Որդիս Ռուսաստանում է աշխատում, Երևանում Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան էր ընդունվել, բայց կիսատ թողեց ուսումը», - պատմում է տիկին Սիրուշը։

Նադյա տատի խոսքերով՝ թոռանը աչքի լույսի պես են պահել, սպայական ուսման տվել, բայց «չգիտեմ՝ ուսանելու ժամանակ ով էր նրան ասել՝ հայրդ զոհվել է, դու էլ ես ուզու՞մ գնալ զոհվել։ Դրանից հետո մի տեսակ վախ էր զգացել և փախել վարժարանից։ Ամուսինս՝ Հակոբը, դժվարությամբ ընդունեց նրա որոշումը, քանի որ ցանկանում էր, որ թոռն այս կյանքում մի բանի հասնի», - պատմում է Նադյա տատը։ Հաճախակի չեն խոսում հեռախոսով, բայց երբ տատն այցելում է Ռուսաստան՝ Արկադյայենց տուն, հանդիպում են։ 81-ամյա կինը և՛ պատմում է, և՛ շտապ քայլերով գնում բերում թոռան նվիրած գլխաշորը, որ խնամքով է պահում։

«Ինչպես ամեն մարդ, բնավորության լավ կողմեր էլ ուներ, վատ էլ։ Նախանձ չէր, սիրտը շատ բաց էր, մեր ընտանիքում նրան շատ էին սիրում, - կարճ բնութագրում է Ալյոշային և հավելում՝ լավ կռվող էր։ - Մի անգամ եկավ զինվորական գլխարկը դրեց որդու գլխին՝ ասելով՝ կուզեր՝ որդին էլ զինվորական դառնար»։

Հորեղբայրը մշտական կապի մեջ է Սուրենի հետ, ասում է՝ աշխատում է Կրասնոդարում, Ստավրոպոլում։

Ինչպես ասում են, ժամանակն իրերը դասավորում է այնպես, ինչպես ինքն է կամենում։ Պետրոսյանների ընտանիքում էլ ամեն ինչ իր հունով ընթանում է, բայց միայն մոր սիրտը գիտի, թե ինչ գնով։ Նադյա տատին թողեցինք իր բնակարանում՝ հուշերի հետ․․․ Իսկ Արկադյան ասաց, որ ոչ մի կերպ չի կարողանում մայրիկին իր մոտ մշտական բնակության տանել, հենց գալիս է, մեկ-երկու ամիս հետո ասում է՝ ինձ իմ տուն տարե՛ք․․․

Ալյոշայենց բակում Նադյա տատը եղևնիներ է տնկել, որոնց մշտադալարությունը, կարծում ենք, դեռ շատ երկար կհիշեցնի մարդկանց այս ընտանիքի պատմությունը։

Արմինե Հարությունյան

19:30 04.10.2018

Ամենաշատ ընթերցվածները