ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կապան․ արտահերթ ընտրությունից առաջ
19:00 06.10.2018

Կապան․ արտահերթ ընտրությունից առաջ

Հոկտեմբերի 21-ին կարգված ենք Կապան խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության: Եվ գլխավորը հարցը, որ հուզում է յուրաքանչյուրիս, այն է՝ ընտրությունից ի՞նչ կշահեն Կապան բազմաբնակավայր համայնքն ու կազմում ընդգրկված 37 վարչական շրջանները, ինչպիսի՞ մտավոր և ինտելեկտուալ կարողություններով օժտված համայնքի ղեկավար կունենանք, ով անվերապահորեն կլծվի առկա պրոբլեմները լուծելու գործին:

Ժամանակը ցույց կտա

Նախորդ ժամանակներում և այսօր շարքային գործազուրկ կապանցին կանգնած է «կոտրած տաշտակի» առաջ:  Հարցին՝ ինչպիսի՞ համայնք ունենք այսօր, կարելի է երկու բառով ասել՝ աղքատիկ ու հոգսաշատ, ինչը շնորհիվ նախկին քաղաքապետերի անհագուրդ ախորժակի: Ինչպես հայ մեծ գրող Հովհ. Թումանյանն է ասում՝ մարդն իր գործով է ապրում անդադար: Փորձեցինք մեր համայնքի նախկին ղեկավարներին հիշել իրենց արած գործերով, ավա՜ղ, հիմնականում միայն չարած գործերը հիշեցինք: Եվ ամենում մեղքի բաժինն ունի ամեն մի բնակիչ, որ համայնքի ղեկավարի կողմից անձնական նկրտումներով պաշտոնեական դիրքի, պետական լծակների օգտագործմանն անկարող է եղել արգելք հանդիսանալ: Եվ, բնականաբար,  «մարդկային ախորժակը» համայնքում կատարվող կամ իրականացվող ամեն մի գործարքում, ծրագրում իր բաժինն ուներ: Արդյունքում ունենք այն, ինչ այսօր ունենք՝ արտագաղթ, գործազրկության բարձր ցուցանիշ, անբարեկարգ ճանապարհներ, Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած բարոյապես ու ֆիզիկապես մաշված բնակելի շենքեր, ենթակառուցվածքներ, քարուքանդ արված գործարաններ, և, ի վերջո, ապօրինի ճանապարհով հարստացած չինովնիկներ: Մի խոսքով՝ սեփական հայրենիքից արտագաղթելը ավելի ողջամիտ տարբերակ է շատերի համար, քան հայրենի եզերքում չարչարանքով ապրելը:

Ինչևիցե, հավատով լցվենք, որ իշխանափոխության գաղափարակիրներս հուսախաբ չենք լինի, և պետական կառավարման ապարատը, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, կաշխատի ի նպաստ պետության զարգացման, ի նպաստ Հայաստանի Հանրապետության ամեն մի բնակչի. այլ տարբերակ չկա:

Նախընտրական տխուր տրամադրություններ

Նախկին իշխանությունների ձեւավորած նախընտրական ադաթը՝ ընտրակաշառք բաժանելը, որ այլեւս պատմության էջում պետք է մնա, կարծես թե տխուր տրամադրությունների տեղիք է տալիս: Անցորդներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պարզապես ասաց. «Առանց ընտրակաշառքի էլ ինչ ընտրություն»: Բանն այն է, որ իշխանության ներկայացուցչից մի մազ պոկելով՝ ոչ ոք փորացավ չէր ունենում եւ չի ունենա: Այդ է պատճառը, նաեւ սոցիալապես անապահով լինելը, որ կաշառք բաժանող բակային «տասովշիկից» 1 ձայնի համար 10 հազար դրամ վերցնելը քվեարկողի համար օգուտ էր: Տեղին է նաեւ ընտրակաշառք տվողի եւ վերցնողի մասով նշել, որ վերջին օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է՝ ընտրակաշառք ստանալու համար 500 հազար դրամից 700 հազար դրամ տուգանք կամ 1-3 տարի ազատազրկում, ընտրակաշառք տալու համար 2.5 միլիոն դրամից 3 միլիոն դրամ տուգանք կամ 2-6 տարի ազատազրկում:

Խնդիրներ՝ սկիզբ ու վերջ չունեցող

Ստացվել է այնպես, որ Կապանում առկա խնդիրների ուրվականն ընտրությունից ընտրություն է երկնակամարում հայտնվում: Այսինքն՝ պետական օղակի դրվածքն այնպիսին է, որ քաղաքապետը ոչ թե կլոր տարին է համայնքի հոգսերով ապրում, այլ ընտրությունից ընտրություն ինչ-որ կիսատ-պռատ գործեր անում: Այդ է պատճառը, որ ընտրազանգվածի մի զգալի մասը ընտրությունների (ՏԻՄ, խորհրդարանական, նախագահական) ժամանակ է փորձում խնդիրներ բարձրաձայնել, դրանց լուծմանը սպասել: Փորձեցինք շոշափել կապանցիների տրամադրություններն առաջիկայում սպասվող Կապան բազմաբնակավայր համայնքի ղեկավարի ընտրության առթիվ, նաև այն մասին, թե ինչպիսի փոփոխություններ են ուզում տեսնել մեր համաքաղաքացիները ընտրությունից հետո կամ, ընդհանրապես, տեղյա՞կ են առաջիկայում կայանալիք ընտրությունից:

40-ամյա Լուսինե Օհանջանյանը, ով բնակվում է Կապանի Դավիթ Բեկի 8/23 հասցեում, ասում է, որ տեղեկացված է առաջիկայում կայանալիք ընտրությունից և ակնկալում է, որ իրենց շենքի վերելակը, որ մոտ չորս ամիս է՝ չի աշխատում, համայնքի ղեկավարը նորոգելու համար միջոցներ կձեռնարկի:
Լիլիթ Առաքելյանը Հունան Ավետիսյան 30/6-ում է բնակվում: Ամուսնացած է, ունի երկու դուստր: Չորս տարի է, ինչ Կապանի N զորամասում որպես բուժքույր է աշխատում: Գարնան, ամռան, աշնան ամիսներին Շղարշիկի վարչական համայնքում են բնակվում, հողամաս մշակում: «Քաղաքից Շղարշիկ տանող ճանապարհն անմխիթար վիճակում է: Տեսնես ի՞նչ են մտածում մեր քաղաքային ու մարզային իշխանությունները: Մինչեւ ե՞րբ պիտի այսպես անհարմար ու դժնդակ կյանքով ապրենք: Պարտաճանաչ մասնակցել ու կմասնակցեմ ընտրություններին, խղճի մտոք քվեարկություն կատարել եմ ու կկատարեմ: Մեր համայնքապետը, ով էլ որ լինի, ամեն մի որոշում ընդունելիս պետք է հաշվի նստի ծայրամասում բնակվող յուրաքանչյուր բնակչի հետ: Մի որոշ ժամանակ ղեկավարելուց հետո մարդկային արժանիքները չկորցնի, ինչը յուրահատուկ է մեր իշխանավորներին»: 

Բաղաբերդի թիվ 22 շենքի բնակիչները մեզ հետ զրույցում գոհունակությամբ փաստեցին, որ վերջերս Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը եղել է թաղամասում, և իրենց բարձրացրած հարցերը՝ հին աղբամանները նորերով փոխելը, Երևան-Մեղրի միջպետական՝ Բաղաբերդի թիվ 22, 23, 24, 25 շենքերին զուգահեռ ճանապարհի հատվածում արագաչափ տեղադրելը, տրանսպորտային միջոցների կայանմանը կից հետիոտնի համար անցում նախատեսելը արդեն իսկ լուծում են ստացել:

Առկախ է առանց համայնքապետարանի թույլտվության ավտոտնակներ կառուցած տարածքների հարցը, նաև շենքերին կից կան անօրինական ցանկապատված տարածքներ, որտեղ մարդիկ բանջարաբուծությամբ են զբաղվում, իսկ երեխաները խաղալու համար հարմարավետ հրապարակ չունեն:
67-ամյա Գուրգեն պապիկին հանդիպեցինք Արամ Մանուկյան փողոցում: Ո՛չ համայնքի ղեկավարի ընտրության օրը գիտեր, ո՛չ էլ ուզում էր իմանալ: Ձեռքը մարզադաշտին մեկնելով՝ ասաց, որ հուսով է՝ Կապանի ապագա համայնքապետն օրակարգային խնդիր կհամարի այն կապանցիներին վերադարձնելը, իսկ թե ով կզբաղեցնի համայնքի ղեկավարի պաշտոնը, իր համար միևնույն է: «Վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, եթե չեմ սխալվում, որ այսուհետ Բաղրամյան 26-ի շենքը հասանելի կլինի շարքային մարդկանց: Եթե մեր վարչապետը նման մի որոշում էլ Կապանի մարզադաշտի մասով կայացնի, շատ ուրախ կլինեմ: Քայլել եմ ուզում, մարզվել այնտեղ, մեր երիտասարդները պետք է ֆիզիկական կուլտուրայով զբաղվեն, չէ՞»,- ասում է Գուրգեն պապը:

Որպես վերջաբան

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին (ՀՀ սահմանադրություն, գլուխ 1, հոդված 2): Յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ իշխանության ներկայացուցիչը, ով էլ որ լինի, համայնքում արած-չարածի համար պատասխանատու և հաշվետու է իր առաջ, որ վերջինս իշխանության է եկել իր ցանկությամբ, և բոլորով հանդերձ՝ պարտավորված կերպով տիրոջ վերաբերմունք ցուցաբերենք համայնքում առկա խնդիրների կամ երևույթների նկատմամբ:

Սաթինե Գևորգյան

 

19:00 06.10.2018

Ամենաշատ ընթերցվածները