ԱՎԵԼԻՆ

Մամուլ

DWeb․ ինչ է ապակենտրոնացված ինտերնետը և ինչ կփոխի
14:00 07.10.2018

DWeb․ ինչ է ապակենտրոնացված ինտերնետը և ինչ կփոխի

«Գարդիանը» պատմում է ինտերնետի նոր մոդելի, նրա առավելությունների ու թերությունների մասին

Անցած ամսվա սկզբին Google-ը իբրև կրկին որոշել է համագործակցել չինական իշխանությունների հետ և գործարկել իր որոնողական համակարգի գրաքննվող վարկածը։ Այս լուրը, որը տեխնոլոգիական հսկան ո՛չ հաստատել է, և ո՛չ էլ հերքել, ի հայտ եկավ բավականաչափ հետաքրքիր պահի։ Նույն օրը Սան Ֆրանցիսկոյում հավաքվել էր վեբ մշակողների և այլ մասնագետների 800 հոգանոց մի խումբ, որի մեջ էր նաև Թիմ Բեռներս-Լին՝ համացանցի ստեղծողը՝ քննարկելու Google-ի և Facebook-ի նման միջնորդներին շրջանցելու պատվախնդիր գաղափարը։ Միջոցառումն անվանել են «Համացանցի ապակենտրոնացման համաժողով», և տևել է հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը։

Այսպես կոչված ապակենտրոնացված ցանցի (DWeb) կողմնակիցները ուզում են ստեղծել նոր ցանց, որում մոլորակի բնակչությունը կարող է տվյալներ փոխանակել՝ չապավինելով խոշոր ընկերություններին, որոնք հավաքում են մեր տվյալները շահույթ ստանալու նպատակով և կառավարության համար հեշտացնում վերահսկողության իրականացումը։ Նախաձեռնության կողմնակիցները ունեն իրենց նախագծերը և հավելվածները, որ արդեն սկսում են գործել, ֆինանսավորումը, որ ավելանում է, և սոցիալական աջակցություն։ Սնոուդենի և Cambridge Analytica-ի շուրջ ծագած սկանդալների լույսի տակ լրտեսության և գաղտնիության առիթով հասարակական անհանգստությունն աճել է։ Եվ ավելի շատ մարդ է լսել DWeb-ի մասին «Սիլիկոնային հովիտ» հեռուստատեսային կոմեդիայի շնորհիվ, որի գլխավոր հերոսը նոր թողարկում է ստեղծել, որպեսզի փորձի կառուցել նույնատիպ «նոր համացանց»։

Ինչ է ապակենտրոնացված ցանցը

Ենթադրվում է, որ այն նման է ձեր իմացած ցանցին, բայց չի ապավինում կենտրոնացված օպերատորներին։ Համաշխարհային սարդոստայնի գոյության արշալույսին, որ տեսանելի դարձավ 1989թ․, մարդիկ կապվում էին բարեկամների հետ անմիջապես սեղանին դրված համակարգչի միջոցով։ Սակայն 2000թ․-ից սկսած web 2․0-ի հայտնությամբ մենք սկսել ենք հաղորդակցվել ու տեղեկություններ փոխանակել կենտրոնացված ծառայությունների միջոցով, որ տրամադրում են Google, Facebook, Microsoft, Amazon խոշոր ընկերությունները։ Հիմա դուք կապվում եք ընկերների հետ Ֆեյսբուքի հարթակում։

«Մեր դյուրակիր համակարգիչը ուղղակի դարձել է էկրան։ Նա չի կարող օգտակար որևէ բան անել առանց ամպի», - ասում է Մունյեբ Ալին՝ Blockstack-ի ապակենտրոնացված հավելվածի հարթակի համահիմնադիրը։ DWeb-ը ենթադրում է ապակենտրոնացում, որպեսզի մենք կախվածություն չունենանք այդ միջնորդներից։ Դրա փոխարեն օգտատերերը կվերահսկեն իրենց տվյալները և կարող են միանալ, փոխգործակցել ու հաղորդագրություն փոխանակել մյուս օգտատերերի հետ անմիջականորեն։

Ինչու է մեզ այլընտրանք պետք

Գոյություն ունեցող ցանցի օգտատերերի բոլոր տվյալները կենտրոնացված են մի քանի ընկերության ձեռքում, և դա բարձրացնում է տվյալների գողության ռիսկը։ Դա կառավարության համար դյուրացնում է վերահսկողության և գրաքննության իրականացման գործը։ Եվ երբ այդ կենտրոնացված օբյեկտներից մեկը փակվում է, ձեր տվյալները և կապերը կորչում են։ Կա նաև գաղտնիության խնդիր՝ կապված շատ ընկերությունների բիզնես մոդելների հետ, որ գործածում են մեր տրամադրած անձնական տեղեկատվությունը, որպեսզի հրամցնեն մեզ իրենց գովազդը։ «Դա սոսկալի է, որ այդ ծառայությունները այդքան շատ գիտեն ձեր մասին», - ասում է Internet Archive-ի հիմնադիր Բրուստեր Կալեն։

DWeb-ը մարդկանց ընտրություն է առաջարկում․ նույն ծառայությունները, սակայն ապակենտրոնացված և ոչ սարսափելի։ Նա խոստանում է հսկողություն ու գաղտնիություն, և տվյալներն ու հիշողության պարունակությունը չեն կարող անսպասելի անհետանալ, որովհետև ինչ-որ մեկը որոշել է, որ այդպես է պետք։ Dweb-ում չինական կառավարության համար դժվար կլիներ շրջափակել կայքը, որը նրան դուր չգար, որովհետև տեղեկատվությունը կարող է ստացվել այլ տեղերից։

Ինչն է տարբեր Dweb-ի աշխատանքում

DWeb-ի աշխատանքում երկու մեծ տարբերության կա համացանցի համեմատ, բացատրում է Protocol Labs-ի ծրագրերի մենեջեր Մեթ Զումվալտը, ով Dweb-ի համար մշակում է համակարգեր և գործիքներ։ Նախ, դա մի աստիճան կապ է որտեղ ձեր համակարգիչը ոչ միայն ծառայությունների հարցում է անում, այլև տրամադրում։ Երկրորդ, տեղեկատվությունը պահպանվում և քաղվում է այլ կերպ։ Այժմ մենք համացանցի տեղեկատվության նույնականացման համար գործածում ենք http և https վկայակոչումները։ Դրանք ցույց են տալիս տեղեկատվության գտնվելու տեղը, համակարգչին հրահանգում են որոնել և քաղել այդ տեղանքից http արձանագրության միջոցով։ Իսկ DWeb-ի արձանագրություններում ընդհակառակը, գործադրվում են այն վկայակոչումները, որոնք տեղեկատվությունը նույնականացնում են ոչ թե գտնվելու տեղի, այլ բովանդակության հիման վրա։ Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տալիս վեբ կայքերը և փաթեթները պահպանել կամ փոխանցել համակարգչից համակարգիչ և ոչ թե ապավինել տեղեկատվության փոխանակման միակ խողովակին։

«Ավանդական ցանցում մենք մատնանշում ենք այդ տեղը և ձևացնում, թե տեղեկատվությունը առկա է միայն մի տեղ, - ասում է Զումվալտը։ - Դրանից էլ բխում է ամբողջ այդ մենաշնորհը․․․ որովհետև նա, ով հսկում է տեղադիրքը, հսկում է տեղեկատվության հասանելիությունը»։

Դա կապվա՞ծ է բլոկչեյնի հետ

Բլոկչեյն տեխնոլոգիան անվտանգ, գաղտնագրված տեխնոլոգիա է, որի շնորհիվ գործում են կրիպտոարժույթներ բիտկոյնը և Ethereum-ը։ Այն ապահովում է գործարքների ապակենտրոնացված հրապարակային թվային գրանցումը և հուսալիորեն պաշտպանում սեփականության իրավունքը։ Թեև առաջին բլոկչեյն հավելվածները նախատեսվել են թվային արժույթով գործարքների համար, սակայն հիմա այդ տեխնոլոգիան կիրառություն է գտնում DWeb-ի մշակման մեջ, ներառյալ տվյալների շարժի գրառումը, օգտատերերի հազվագյուտ անունների գրանցումը և նույնիսկ տվյալների պահպանությունը։

Բացի դրանից DWeb-ի զարգացման համար հատուկ ստեղծվում են որոշ կրիպտոարժույթներ։ Օրինակ, Protocol Labs-ը անցյալ տարվա օգոստոսին թողարկեց Filecoin-ը՝ նախագծի համար հավաքելով 205 մլն դոլար։ Գաղափարն այն է, որ խթանվի տվյալների պահպանության ապակենտրոնացված ցանցի ստեղծումը բաց շուկայի միջոցով։ Եթե դուք հիշողության սարքում ունեք ավելորդ ծավալ, ապա կարող եք այլ օգտատերերի տվյալներ պահպանել և վաստակել «ֆայլկոիններ»։ Իսկ եթե ուզում եք պահպանել լրացուցիչ տվյալներ, ապա ցանցում կարող եք գտնել որևէ մեկին և պահպանության համար վճարել «ֆայլկոիններով»։ Գործարքները գրանցվում են բլոկչեյնում։

Ինչպես կփոխվի վեբի օգտագործման առօրյա փորձս

Նվիրյալների կարծիքով եթե ամեն ինչ ճիշտ իրականացվի, դուք կամ փոփոխություն չեք զգա, կամ ավելի լավ կլինի։ Այն, ինչ ամենայն հավանականությամբ կփոխվի, ինչ-որ բաների համար ստիպված կլինեք ավելի վճարել, որովհետև DWeb-ում գովազդային բիզնես մոդելը չի գործի։ Ուզու՞մ եք լսել երգեր, որ ինչ-որ մեկը ձայնագրել և տեղադրել է վեբ կայքում։ Մետաղադրամը նետեք կրիպտոարժույթի արկղիկը, ստացեք ապակոդավորման բանալին և լսեք։

Եվս մի տարբերությունն այն է, որ նշանաբան-գաղտնաբառերի մեծամասնությունը կանհետանա։ Առաջին բաներից մեկը, որ ձեզ պետք կգա DWeb-ից օգտվելիս, կլինի ձեր սեփական ինքնատիպ, անվտանգ նույնականացուցիչը, ասում է Blockstack-ից Ալին։ Դուք կունենաք իրապես մի երկար և վերականգնման չենթարկվող պայմանաբառ՝ հայտնի միայն ձեզ, բայց որը DWeb-ում կաշխատի ամենուր և որով կարող եք միանալ ուզածդ ապակենտրոնացված հավելվածին։ Կորցնելով ձեր եզակի պայմանաբառը՝ դուք կկորցնեք մուտքի հնարավորությունը։

Համոզեցիք․ որտե՞ղ կարելի է գրանցվել

Ապակենտրոնացված ցանց առայժմ գոյություն չունի, բայց կան ապակենտրոնացված մոդելի հավելվածներ և ծրագրեր։ Դրանցից շատերը փորձնական են, մի քանիսն էլ բավականաչափ լավ են զարգացած, ներառյալ OpenBazaar-ը (ապակենտրոն շուկա), Graphite Docs-ը (Google Docs-ի այլընտրանք), Textile Photos-ը (DWeb-ում լուսանկարների պահպանման, կառավարման և համատեղ օգտագործման այլընտրանք Instagram-ին), Matrix-ը (Slack-ի և Whats App-ի այլընտրանք) և DTube-ը (YouTube-ի այլընտրանք): Գոյություն ունի նոր անկախ փորձնական բրաուզեր Beaker Browser անվամբ՝ միաստիճան ցանցում աշխատելու համար։ Internet Archive-ը ոչ առևտրային կազմակերպություն է, որը արխիվացնում է համացանցը՝ վեբ էջերի և այլ ԶԼՄ-ների բացվածքների միջոցով միավորելով շատ տեխնոլոգիաներ՝ կատարել է իր վեբ կայքի ապակենտրոնացման առաջին փորձը։

Իսկ թերություններ կա՞ն։ Ի՞նչ կարող է ընթանալ այլ կերպ

Առանց խոշոր օնլայն միջնորդների, որ հսկողություն են իրականացնում, կարող են ծագել օնլայն հետապնդումներ և ատելության տարածման հնարավորություններ։ «Ինչպես լավ, այնպես էլ վատ մարդկանց գրաքննություն իրականացնելը ավելի բարդ կլինի, - ասում է  Կելեն։ - Եվ երբ տեղեկատվությունը պահպանվի ապակենտրոնացված, ապա ինչպե՞ս կարելի է ազատվալ այն տեղեկատվությունից, որը դուք այլևս չեք ուզում տեսնել համացանցում։ Դա կարող է խնդիր լինել եվրոպական «մոռացության իրավունքի» համար»։

Այն նույն տեխնոլոգիաները, որ DWeb-ում օգտատերերին կարող են պաշտպանել կենտրոնացված վերահսկողությունից, նրանից կարող են օգտվել հանցագործները, օրինակ, տարածել երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատկերներ։ Եթե DWeb-ը մարդկանց հնարավորություն է տալիս ֆայլերը և տվյալները լիարժեք կոդավորված պահպանել, որ ոչ ոք չտեսնի, դա նշանակում է, որ նրանց կարող են պահպանել նաև արգելված պատկերներ և փոխանակումներ անել։ Textile-ի համահիմնադիր Սանդեր Պիկի խոսքով այդ խնդիրը միայն DWeb-ի համար չէ․ մեզ համար սովորական դարձած համացանցում էլ օրինազանցները օգտագործում են կոդավորման տարբեր մեթոդներ և անանուն ցանցեր, որպեսզի թաքնվեն։

Ինչ խնդիրների է բախվում DWeb-ը, ինչ է խանգարում նրա զարգացմանը

Նախ, տեխնիկապես ավելի բարդ է ապակենտրոնացված ցանց ստեղծելը, որովհետև ամեն ինչ մի տեղ չի հավաքված։ Հետո, պետք է ներգրավել դրանից պգտվել ցանկացող մարդկանց։ «Ներկայումս մարդկությունն ապրում է Facebook-ում», - ասում է Mozilla Foundation-ի նախագահ Միտչել Բեյքերը։ Այստեղ կարող էր օգնել killer upp-ը, որ բոլորն են ուզում, բայց դեռ չկա։ Դրանից չպետք է զարմանալ կամ համարել անհաջողություն․ քանի որ նախագիծը ստեղծման ամենավաղ փուլում է։ Շատ հավելվածներ առայժմ անհարմար ու բարդ են օգտագործման համար, և հարկավոր է կատարելագործել օգտատերերի հետ համագործակցությունը։

DWeb-ի շարժումը պետք է կենտրոնանա իր իրական առավելությունների վրա, այն բանում, որ կենտրոնացված համակարգերը չեն կարող անել, ասում է Խուանբենետը՝ Protocol Labs-ի հիմնադիրը։ Դրանցից մեկը արագությունն է։ Քանի որ DWeb-ը գործում է այլ կերպ, քան ներկայիս ցանցը, դրա շնորհիվ նա պետք է ավելի արագ լինի։ Բայց այդ ուղին երկար է։

Լուրջ խնդիրներ կան նաև կառավարման ոլորտում, որ հարկավոր է լուծել, ասում է Պրիմավերա դե Ֆիլիպին, որ Փարիզի ազգային գիտական հետազոտությունների կենտրոնում և Հարվարդի համալսարանի համացանցի կենտրոնում ու Բերկման Կլյայնի ընկերությունում ուսումնասիրում է ապակենտրոնացված տեխնոլոգիաների իրավաբանական և կազմակերպական հիմախնդիրները։ Ինչպե՞ս ապակենտրոնացված ցանցը կդառնա մի մարմին, եթե ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխանատու չէ։ Եվ ինչպե՞ս կարելի է վստահ լինել, որ կրկին կենտրոնացում չի իրականանա, և համակարգը իրեն չի վերարտադրի, հատկապես հաշվի առնելով, որ կան ընկերություններ, որ ուզում են փող աշխատել։

Նմանապես դեռ նոր պիտի տեսնենք, թե որքանով են օնլայն ընկերությունները զիջելու իրենց դիրքերը։ «Շատ ուժեր կնետվեն ստատուս քվոն պահպանելու համար», - ասում է Կալեն։ DWeb-ը նոր և ձևավորվող երևույթ է, բայց այն ամենևին էլ անխուսափելի չէ։

www.theguardian.com

Թարգմանեց Սլավիկ Նավասարդյանը

14:00 07.10.2018

Ամենաշատ ընթերցվածները