ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի մարզերում հայտնաբերվել են խաղողի տեղական՝ կորած համարվող կամ մինչև այժմ անհայտ սորտեր
14:00 13.11.2018

Հայաստանի մարզերում հայտնաբերվել են խաղողի տեղական՝ կորած համարվող կամ մինչև այժմ անհայտ սորտեր

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից կազմված գիտական արշավախումբը 4 մարզերում կատարած այցելությունների արդյունքում հայտնաբերել է  խաղողի տեղական՝ կորած համարվող կամ մինչև այժմ անհայտ մոտ 160 սորտ: Այս մասին նոյեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի փոխտնօրեն Ֆրունզ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ գիտական արշավախումբը այցելել է Արարատի, Արմավիրի, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր, իրականացրել ուսումնասիրություններ. «Մեր նպատակն է ապահովել խաղողի կենսաբազմազանության պահպանումը, հատկապես ֆիլոկսերայի վտանգի առկայության դեպքում և բացահայտել քիչ տարածված սորտերի ներուժը արժեքավոր գինեգործության համար»:

Ֆրունզ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում նման մասշտաբով առաջին անգամ են ուսումնասիրություններ իրականացնում, դրանք, ըստ նրա,  շարունակական կլինեն, հետագայում կընդգրկեն նոր շրջաններ:

Հիմնադրամի փոխտնօրենի խոսքով՝  նախատեսվում է հայտնաբերված սորտերը պահպանել ազգային կոլեկցիոն այգում: «Հետագայում նախատեսվում է այդ սորտերը միկրոգինեգորության միջոցով փորձարկել և հայտնաբերել դրանց ներուժը: Ի դեպ, հայտնաբերած սորտերից մի քանիսը յուրահատուկ են, մասնավորապես, գտել ենք երկու նոր սորտ, որոնցով արդեն իսկ հետաքրքրված են մասնավոր  ընկերություններ»,- ասաց Ֆրունզ Հարությունյանը:

Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մելյանն էլ նշեց, որ Հայաստանը հնուց ի վեր եղել է խաղողի սորտերի բազմազանությամբ աչքի ընկող  երկիր, ունի հարուստ գենոֆոնդ: Ըստ  նրա, մինչև 1992 թվականը  մեծ աշխատանք է տարվել խաղողի սորտերի հայտնաբերման ու ուսումնասիրության ուղղությամբ:

«Մինչև 1992 թվականը Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտում կար կոլեկցիոն այգի, որտեղ ընդգրկված էր խաղողի մոտ 900 սորտ, սակայն սեփականաշնորհումից հետո դրանք ոչնչացվեցին: 2016 թ-ին միայն ստեղծեցինք նոր կոլեկցիոն այգի, որտեղ ընդգրկված է խաղողի մոտ 300 սորտ»,- ասաց Գագիկ Մելյանը:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենետիկայի և իմունաբանության խմբի ղեկավար, ԵՊՀ Գենետիկայի բջջաբանության ամբիոնի դասախոս Քրիստինե Մարգարյանն էլ հայտնեց, որ Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ, վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել են եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում՝ խաղողի հայկական սորտերի գենոֆոնդի մանրակրկիտ ուսումնասիրություն՝ ներառելով գենոտիպային և ֆենոտիպային ուսումնասիրությունների արդյունքները: Քրիստինե Մարգարյանը վերջերս Գերմանիայում մասնակցել է նաև ուսումնասիրությունների, որոնց արդյունքները վկայում են՝  հատկապես Հայաստանում աճող վայրի խաղողի սորտերը մեծ պոտենցիալով են օժտված և դրանք միանշանակ կարելի է ներգրավել սելեկցիոն աշխատանքներում:

Նա նաև հայտնեց, որ Հայաստանը պետք է աշխատանքներ տանի, որպեսզի Խաղողի սորտերի միջազգային էլեկտրոնային բազաների ցանկում հայկական խաղողի սորտերի նկարագրությունում որպես ծագման վայր նշվի Հայաստանը: «Այդ տվյալների բազայում կան որոշ սորտեր, որոնց նկարագրությունում որպես բնօրրան նշված է Ադրբեջան՝ մասնավորապես, «Արենի», «Մսխալի»  և այլ սորտերի նկարագրությունում, բայց մենք գիտականորեն կապացուցենք, որ դրանք հայկական են և ամեն ինչ կանենք, որ նշվի՝ դրանք հայկական սորտեր են»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանում իր մեղավորություն  ունի հայկական կողմը,  ավելի պասիվ է եղել, հիմա սկսել են ակտիվ աշխատել և այդ թյուրիմացությունը կշտկեն:

Քրիստինե Մարգարյանը հայտնեց, որ 2019 թվականին առաջին անգամ կբացվի խաղողի սորտերի տվյալների բազա և այդ ուսումնասիրությունների արդյունքները կամփոփվեն միասնական էլեկտրոնային տեղեկատվական բազայում: Այդ նպատակով, ՀԽԳՀ-ի կողմից ձեռք է բերվել vitis.am դոմենը, որտեղ տեղակայված յուրաքանչյուր սորտ ունենալու է իր անձնագրավորված ամփոփ բնութագիրը՝ հայերեն և անգլերեն տարբերակով: Այս տվյալների բազան կընդգրկվի «Խաղողի սորտերի միջազգային էլեկտրոնային բազաների ցանկ»-ի մեջ, կապված կլինի նաև եվրոպական բազայի հետ, ինչը հնարավորություն կընձեռնի միջազգային հանրությանը ներկայացնել խաղողի հայկական սորտերի հարուստ բազմազանությունը և կօգնի բարձրացնել հայկական սորտերի ճանաչելիությունը:

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 13.11.2018

Ամենաշատ ընթերցվածները