ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Աղքատության մասին
21:00 13.11.2018

Աղքատության մասին

(Այս պատմությունը չէի պատմի, եթե չլիներ վարչապետի արտահայտած դիրքորոշումը աղքատության մասին և այդ մոտեցմանը սատարող արձագանքները)

2016թ․ օգոստոսի 16-ին «Հետքը» մի հոդված էր հրապարակել Սուրենավանում բնակվող, յոթ երեխաներով մի ընտանիքի մասին, որը ծայրահեղ աղքատության մեջ էր:

Այդ ժամանակ «Վերիտաս» ակումբով դեռ որոշակի գործունեություն էինք ծավալում: Մի քանի ընկերներով որոշեցինք այցելել ընտանիքին: Արդեն չեմ հիշում առաջին անգամ՝ ում հետ գնացի գյուղ: Մտանք գյուղ, ճշտեցի ընտանիքի տան տեղը, թակեցի երկաթե դարպասի դուռը: Այն բացեց սիրունիկ, փայլփլուն աչքերով, կեղտոտ դեմքով, արտաքինից 5-6 տարեկան մի աղջնակ: Ծնողները տանը չէին, ներս չմտա, և որոշեցինք սպասել: Այնժամ, երբ նրանից փորձում էի պարզել, թե ծնողները երբ կգան, հայացքս ուղղել էի բակում բացվող տեսարանին․ երեք կամ չորս երեխա՝ ցնցոտիներով, ոտաբոբիկ, կեղտոտ դեմքերով և մարմնով (մի քանիսը կիսամերկ էին), խաղում էին ցեխերի մեջ և առաջին հայացքից անհոգ էին ու երջանիկ: Տեսարանը դեռ երկար պետք է հիշեի. արդեն երկու տարի է անցել ու էլ չեմ հիշում այս երեխաների պայծառ և սիրունիկ դեմքերը:

Սպասեցինք, հայրը եկավ, քառասունն անց տղամարդ էր՝ փոքրամարմին, ժպտադեմ: Զրուցեցինք. պատմությունը շատ կարճ հետևյալն էր: Հայրը որևէ մասնագիտություն չուներ, նրա որևէ մասնագիտացում ստանալու տարիքը համընկել էր Սովետական Միության փլուզման, արդյունքում Հայաստանի տնտեսության, արդյունաբերության և սոցիալական ենթակառուցվածքների, այդ թվում՝ միջին մասնագիտական կրթության համակարգի (հատկապես շրջաններում) փլուզման հետ: Նրա ծնողները վաղ տարիքում էին մահացել, նա ընտանիքի փոքրն էր: Նա յոթ երեխա ուներ, յոթերորդին ունեցել էին, քանի որ կարծել էին, թե պետության կողմից տրամադրվող միանվագ նպաստը կուղղեին բանկին իրենց պարտքը մարելու համար: Պարտքը իր ասելով գոյացել էր այգի մշակելու նպատակով գյուղատնտեսական վարկ վերցնելու հետևանքով, բայց վատ եղանակային պայմանների պատճառով բերքը փչացել էր, և նա չէր կարողացել վերադարձնել պարտքը: Արդյունքում, նրա ասելով, միակ գործը, որ կարողանում էր անել, անասնապահությունն էր, և որպես հովիվ աշխատած չնչին գումարի մեծ մասը ստիպված էր լինում ուղղել բանկի պարտքը մարելուն:

Նրա հետ զրուցելուց հետո ես արդեն որոշել էի: Դրամական օգնություն չենք տալու, բանկի պարտքը չենք մարելու, սակայն անպայման օգնելու ենք: Օգնությունը հետևյալն էր: Ծախսեցինք շուրջ մեկ միլիոն դրամ, ընտանիքի համար ջուր քաշեցինք, բակում ջրհոր սարքեցինք, իսկ տանը` սանհանգույց և լոգասենյակ (ի դեպ, Հայաստանում գյուղական բնակավայրերում կեսից ավելի տները ծորակով ջուր չունեն): Օգնության ընտրության սկզբունքը երեխաների պայմանների բարելավումն էր: Երեխաներից երեքը դպրոցական տարիքի էր և դադարել էր դպրոց հաճախել, քանի որ չունեին հագուստ և պիտույքներ: Սրանով էլ օգնեցինք:

Ինչպես բոլոր երեխաները, նրանք էլ պայծառ էին/են, երազանքներով և կյանքով լեցուն:

Նրանք Հայաստանի աղքատների երկրորդ սերունդն են, և մեղավոր չեն իրենց վիճակի համար: Նրանք ուղղակի ծնվել էին աղքատի ընտանիքում:

Այս ընթացքում շուրջ յոթ անգամ գյուղ գնացի և կուզեմ մի դեպք էլ պատմել: Մի անգամ մտա տուն, տեսա երեխաներից մեկի ոտքը վնասված էր, մեխին էր կանգնել: Ծնողները բժշկի չէին տարել, բժիշկ չէին կանչել, քանի որ կարծում էին` քերծվածք է կանցնի: Ես առաջարկեցի, որ տանենք բժշկի` հիմնավորելով, որ ժանգոտ մեխից հնարավոր է վարակ ստանալ: Հետո հասկացա, որ խուսափում էին բժշկական ծառայություններից ոչ միայն դրա կարևորությունը չգիտակցելու պատճառով, այլև, որ կարծում էին, թե առաջնային բուժօգնության համար պետք է վճարեն:

Այս պատմությունը պատմում եմ, քանի որ սրա տարբեր դրվագներում թաքնված են այս ընտանիքի ծայրահեղ աղքատության պատճառները: Դրանք են.

Պետական համակարգը փլուզվել էր, և անցում էր կատարվել կոմունիստական, այսինքն՝ պետության ներգրավվածությամբ տնտեսական և սոցիալական կառավարման համակարգից դեպի շուկայական տնտեսության վրա խարսխված` պետության քիչ կամ սահմանափակ ներգրավվածությամբ համակարգի: Այս նոր պայմաններում պետության ենթակառուցվածքները դադարել էին գործել, քանի որ անցում էր կատարվել նոր մոդելի, որի կառավարման փորձը ոչ ոք չուներ, և պետությունը ձախողումների շրջան էր մտել, որ հետագայում վերածվելու էր հոռի շրջանի… Սրան գումարված էլ պետությունը պատերազմի մեջ էր:

Այս պայմաններում մի ամբողջ սերունդ խեղվեց, և այս մարդկանցից շատերը դարձան աղքատ, ընչազուրկ և անօգնական: Սրանք լինելու էին հետագա տարիներին աղքատների բանակի վերարտադրության աղբյուրը:

Նման պայմաններում շատերի վիճակը էլ ավելի էր սրվել, քանի որ իշխանությունը ուզուռպացվել էր մի խումբ մարդկանց կողմից, որոնք կորզող հաստատություններ էին կառուցել, որը որևէ հնարավորություն չէր տալիս այս մարդկանց ներգրավվելու զարգացման որևէ գործընթացի, արժեք ստեղծելու և սեփական բարեկեցությունը ապահովելու:

Այս կորզող հաստատությունների մաս էր, և շարունակում է այդպիսին մնալ բանկային համակարգը, որը, նման մարդկանց վարկեր տալով և պարտքերի մեջ խեղդելով, ծայրահեղ աղքատության է հասցնում:

Աղքատության հոռի շրջանը կոտրելու համար մարդկանց պետք է օգնել դուրս գալու դրանից, և այդ օգնությունը պետք է հետևյալը լինի: Պետությունը պարտավոր է կառուցել ներառական սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքներ: Ինչը նշանակում է՝ կրթական և բժշկական ծառայություններից պետք է կարողանան օգտվել բոլորը` առանց խտրականության: Պետությունը պետք է կառուցի տնտեսական ենթակառուցվածքներ մարզերում` էլեկտրոէներգիա, ճանապարհներ, ոռոգման և խմելու ջուր: Պետությունը պետք է փոխի կորզող համակարգը՝ դարձնելով այն ներառական, ներառյալ բանկային հաստատությունները և աշխատանքի շուկայի կարգավորումները: Պետությունը պետք է կարողանա պաշտպանել իր քաղաքացու իրավունքները և ստեղծել իրական ազատ և մրցակցային շուկա և տնտեսություն: Այս ամենը իրականացնելուց հետո միայն մենք կկարողանանք ստեղծել պայմաններ այս մարդկանց աղքատությունից հանելու համար: Սա հեշտ չի լինելու, բայց սա նաև չի կարող իրականություն դառնալ առանց պետության միջամտության:

Այո՛, երեխաների հայրը միգուցե մեղավոր է, որ չի կարողացել ուժեղ գտնվել և դիմակայել պետության փլուզման և համակարգի փոփոխման պայմաններում: Այո՛, նա միգուցե մեղավոր է, որ չի ձգտել կրթություն և արհեստ ունենալ:

Սակայն աղքատների երկրորդ սերունդը՝ նրանց երեխաները, մեղավոր չեն, և պետությունը պարտավոր է հանել նրանց աղքատության ճիրաններից։

Հովհաննես Ավետիսյան

21:00 13.11.2018

Ամենաշատ ընթերցվածները