ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Վ․Սարոյան․ «Պատերազմ է հայտարարվել»
19:00 23.12.2018

Վ․Սարոյան․ «Պատերազմ է հայտարարվել»

«Ատե՛ք չարությունն ու ստորությունը, բայց ոչ չար ու ստոր մարդուն» Վիլյամ Սարոյանի ձևակերպումն է։ Իր գրվածքներով նա եկավ՝ կրկին ասելու, որ բոլոր ժամանակներում էլ ամենակարևոր խնդիրը մարդ մնալն է։ Առաջին հերթին՝ բարությամբ։ Համաշխարհային գրականության բարի հսկայի հերոսները նաև խենթ ու խելառ են, բայց ոչ թույլ ու խեղճ։ «Պատերազմ է հայտարարվել» պատմվածքը գուցե այնքան էլ հայտնի գրվածքներից չէ։ Սակայն այստեղ էլ սարոյանական ոճը փայլում է իր ամբողջ ճոխությամբ։

1939-ի սեպտեմբերին Եվրոպայում արդեն մոլեգնում էր պատերազմը։ Երկրորդ աշխարհամարտի առաջին օրերն էին։ Ամերիկացի սափրիչի խանութ է մտնում տասնմեկամյա մի տղա և ասում․ «Եվրոպայում պատերազմ է հայտարարվել»։ Սանրն ու մկրատը ընկնում են սափրիչի ձեռքերից։ Սափրվելու եկած մարդը զրույցի բռնվելու փորձ է անում, բայց սափրիչը դուրս է հրավիրում։ Նախ՝ տղային, հետո՝ հաճախորդին, որը, պարզվում է, գրող է։

Տղայի դուրս գալուց հետո տարօրինակ խոսակցություն է ծավալվում հենց այս երկուսի միջև․ «Ես չեմ ուզում, որ հիմար մարդիկ գան այստեղ», - դուրս հրավիրելը այսպես է բացատրում սափրիչը։ Գրողի արդարացումները նա չի ուզում լսել։ Չի ուզում մազերը հարդարելու գործն ավարտել, կիսատ արվածի համար առաջարկված գումարից էլ հրաժարվում է․ «Արածս թող նվեր լինի Ձեզ։ Ես տալիս եմ մարդկանց։ Չեմ վերցնում։ Ես մարդ եմ, ոչ թե հիմար»։ Սափրիչի հենց այս խոսքերն են «մատնում» այն խենթուխելառությունը, որ բնորոշ է Սարոյանի հերոսներին։

Աստիճանաբար բացահայտվում է նաև գրողը։ Նա էլ կարծես հեռու չէ այդ խենթուխելառությունից․ կարող էր դուրս գալ խանութից, միայն թե ոտքը կախ է գցում՝ համոզված լինելով, որ սափրիչի ուզածը իր հետ խոսելն է։ Բայց գրողը շատ շուտով առաջին հայացքից հազիվ ուրվագծվող սահման է գծում իր և սափրիչի միջև․ գլուխ է գովում։ «Ես ունեմ հասկանալու կարողություն, որ սովորականից բարձր է, երբեմն նույնիսկ ահավոր։ Ես հասկանում եմ բաներ, որ ուրիշ մարդիկ այս կամ այն պատճառով չեն կարող հասկանալ»։ Ենթադրությունը ճիշտ է դուրս գալիս․ սափրիչը զայրացել է և իսկապես ուզում է խոսել․ «Նրա ասելիքն ուղղված է աշխարհին»։ Գրողը պատրաստ է լսելու այդ ասելիքը, միաժամանակ շարունակում է երկինք հանել սեփական անձը․ «Եթե հազարավոր մղոններ էլ ճամփորդեր, նա չէր կարող գտնել մի մարդ, որ պատրաստ լիներ լսելու նրա ասելիքը և հաղորդելու աշխարհին»։

Սովորաբար գրողն է փորձում տպավորություն գործել նույնիսկ առեղծվածային պահվածքով։ Իսկ սափրիչը, իր գործն անելուց բացի, կարող է զբաղեցնել հաճախորդին սիրալիր զրույցով։ Մինչդեռ այստեղ զբաղեցնողի դերում գրողն է։ Նա նույնիսկ «առանձնաշնորհում» է թույլ տալիս սափրիչին, որը անսովոր և, ինչպես հետագայում է պարզվում, «պետքական» դատողություններ ու ընդհանրացումներ է անում․ «Չկա պատերազմ։ Ես սափրիչ եմ։ Չեմ սիրում հիմար մարդկանց։ Հնացած բան է այս ամբողջ աղմուկը։ Ուզում եմ իմանալ՝ դեռ հիմա՞ր են մարդիկ։ Այո՛, հիմար են։ Մարդիկ երբեք այսքան հիմար չեն եղել։ Տղան վազում գալիս է այստեղ և ասում՝ Եվրոպայում պատերազմ  է հայտարարվել, իսկ Դուք խոսում եք նրա հետ։ Քաջալերում եք։ Նա շատ շուտ է հավատում ամեն ինչի, Ձեզ նման»։

Գրողը նաև համոզվում է, որ սափրիչը մտադիր չէ շարունակել կիսատ գործը։ Հիշեցնում է, որ ուրիշ սափրիչներ կարող են հարդարել իր մազերը։ Սափրիչը չի առարկում, բայց ինքն էլ հիշեցնելու բան ունի․ «Չկա պատերազմ։ Էստեղ-էնտեղ պրոպագանդա անելով մի՛ զբաղվեք»։ Այսպես է սափրիչն ավարտում աշխարհին ուղղված ասելիքը։ Գրողն արդեն վստահ է, որ թափանցել է մարդու «զայրույթի խորքը» և ինքնատիպ նյութ քաղել։ Ի վերջո, սափրիչը կիսատ է թողել գործը, իսկ գրողն ավարտել է․ հասել է նպատակին և կարող է հեռանալ։ Նա այդպես էլ վարվում է։

«Զգում եմ, որ նյութն արդյունավետ օգտագործեցի, դրանից ձևեցի մի գործ, որ ավելի կմեծացնի իմ արդեն իսկ մեծ համբավը»․ գրողի այս խոսքերով է ավարտվում պատմվածքը։ Բայց յուրաքանչյուր քիչ թե շատ արժեքավոր պատմվածք, առավել ևս Սարոյանինը, չի կարող ավարտվել վերջակետի հետ միաժամանակ։ Բնականաբար, շարունակվելու է ընթերցողի մտքում։ Իսկ ընթերցողը խորհելու քիչ բան չունի։ Եթե սկզբում նրա համակրանքը թերևս այս պատմությունն անողի՝ գրողի կողմն է, ապա վերջում նժարը կարծես թեքվում է։ Պատճառը նախևառաջ գրողի ինքնահավանությունն է կամ, եթե կուզեք, հավակնոտությունը, ով ավելի շատ մտածում է ամեն գնով «թարմ ու ինքնատիպ նյութ քաղելու», այսինքն՝ իր շահը պոկելու մասին։

Խենթությունից հիմարություն կես քայլ է։ Հիմարության տիրույթում կարող են հայտնվել նրանք, ովքեր համակերպվում են պատերազմին։ Իսկ ահա սափրիչին այդ վտանգը չի սպառնում։ Պարզ ու հասարակ այդ մարդը գուցե գրողի պես խելացի չէ, բայց ամբողջ էությամբ դեմ է պատերազմին։ Ճիշտ է, նրա զայրույթը անսովոր դրսևորում է ստանում։ Սակայն դա չի խանգարում մտածելու, որ աշխարհի հոգսերը իրենը համարողը հենց այս սափրիչն է։ Սահմանները վերջնականապես ճշգրտվել են։

Արթուր Իսրայելյան            

19:00 23.12.2018

Ամենաշատ ընթերցվածները