ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Տոնոյան. Հունիսից սկսած՝ մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ
21:00 26.01.2019

Տոնոյան. Հունիսից սկսած՝ մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ

«Մեր ամենակարևոր խնդիրը մեր անվտանգության մարտահրավերների սպասարկումն է: Մեր քաղաքական շեշտադրումը հետևյալն է, և այդ շեշտադրման մեջ որևէ նորություն չկա. Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը Հայաստանի Հանրապետության զինված ուժերն են և Արցախի պաշտպանության բանակը»,- այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՊՆ ղեկավար կազմի և ՀՀ ԶՈՒ բարձրագույն  սպայակազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ։

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է 2018 թ. պաշտպանության համակարգում արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև 2019 թ. հիմնական առաջնահերթությունները:

«Նախորդ տարիների համեմատ 2018 թվականին, հատկապես հունիսից սկսած, մենք ունեցել ենք բավական հանգիստ առաջնագիծ՝ պայմանավորված առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության ջանքերով և ամրագրված մեր զինված ուժերի հստակ մարտավարությամբ ու գործողություններով: Այս առումով ցանկանում եմ վերահաստատել Ձեզ, որ մեր բանակն այսօր իր պատրաստությամբ և կարգապահությամբ պահպանելու է թե՛ քաղաքական պայմանավորվածությունները, և թե՛ անհրաժեշտության դեպքում համապատասխան գործողություններով հակառակորդին պարտադրելու է մեզ համար նպաստավոր պայմաններ»- ասել է Դավիթ Տոնոյանը:

Նախարարը նշել է, որ շարունակվել է արդյունավետ համագործակցության զարգացումը ՀՀ դաշնակիցների և գործընկերների հետ ոչ միայն գործող պայմանագրերի շրջանակում, այլև նոր պայմանավորվածությունների ձեռքբերմամբ: Նրա խոսքով՝ նաև ավարտին են մոտենում բանակի կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները:

«Ընթացքի մեջ են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կոչված են բարելավելու, դյուրացնելու և արդյունավետ դարձնելու կառավարման համակարգը, գնումների գործընթացները, բարձրացնելու զինված ուժերի մարտունակությունը, բանակը դարձնելու առավել թափանցիկ ու հաշվետու», - նշել է նախարարը:

Ներկայացնելով 2019 թ. հիմնական անելիքները՝ պաշտպանության նախարարը ասել է, որ կարևոր առաջնահերթություններից է ժամկետային պարտադիր և պայմանագրային ծառայության կազմակերպման փոխլրացնող համակարգի շարունակական բարելավման քաղաքականությունը։

Դավիթ Տոնոյանը հավելել է, որ Հայաստանի պաշտպանության ոլորտի 2019թ. առաջնահերթություններից են նաև ռազմարդյունաբերության խթանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շարունակական զարգացումը:

Խորհրդակցության ընթացքում ոլորտի պատասխանատուները վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային ընթացիկ ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության և հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: ՀՀ վարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Աղբյուրը՝ Panorama.am

21:00 26.01.2019

Ամենաշատ ընթերցվածները