ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Այստեղից ոչ թե հեռանում, այլ վերադառնում են
21:00 01.02.2019

Այստեղից ոչ թե հեռանում, այլ վերադառնում են

Գյուղի մասին

Լեռնաձորը Քաջարան խոշորացված համայնքի քաղաք Քաջարանից հետո երկրորդ մեծ բնակավայրն է. նախկինում՝ մինչև համայնքների խոշորացումը, այս համայնքը ընդգրկում էր ևս 9 բնակավայր: Պատմական աղբյուրներում Լեռնաձորը հիշատակվում է Քրդեկանց, Քյուրդիքյանդ, Դիլլաբ անուններով։ Լեռնաձոր է վերանվանվել 1920-ականներին։ Ըստ ավանդության՝ բնակիչների նախնիների մի մասը ներգաղթել է Պարսկաստանի Ղարադաղի շրջանի գյուղերից։ Ներկայիս գյուղը կառուցվել է 1958թ. նախկին գյուղից 2 կմ հարավ-արևելք, նախկին Դիլլար-Տիրնիկ գյուղատեղիում։ Գյուղի տարածքում կա երկու եկեղեցի, որից Սուրբ Աստվածածինը (18 դ.) կանգուն է, գյուղատեղիներ (Շլորուտ, Սարի Յուրդ, Դալուլար)։ Խորհրդային տարիներին՝ 1930 թվականից, կազմավորվել է «Կարմիր աշխատավոր» կոլտնտեսությունը, 1961 թվականից գործել է Լեռնաձորի սովխոզը, որը տարածաշրջանում գյուղմթերքների արտադրության առաջատար տնտեսություններից էր: Լեռնաձորում են ծնվել պատմաբան-աշխարհագրագետ, պրոֆ. Թ.Հակոբյանը, գրող Ս.Ումառյանը:

Լեռնաձորցին կառչած է իր հող ու ջրին

Դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող միջազգային նշանակության հիմնական ճանապարհն անցնում է նաև լեռներով ու անտառներով գրկախառնված Լեռնաձոր գյուղով: Այստեղ մտնելիս առաջին հայացքից արդեն զգացվում է, որ գյուղին դատարկվելու օրհասական խնդիրը չի սպառնում, քաղաքում ապրելու գայթակղությունը լեռնաձորցիները կարողացել են արհամարհել: Շուրջբոլորը հիմնականում երկհարհանի, վերանորոգված տներ են, որոնց պատերի ներսում կյանք կա: Գյուղն ունի 327 մշտական բնակիչ:

«Ի տարբերություն շատերի՝ լեռնաձորցիները, ովքեր Երևանում, Կապանում, Քաջարանում բնակարաններ ունեն, դռները փակել ու եկել են բնակություն հաստատել այստեղ», - ասում է բնակավայրի վարչական ղեկավար Ստեփան Պետրոսյանը:

Արդյունաբերական քաղաք Քաջարանին մոտ լինելն ամենամեծ խթանն է, որ գյուղից բնակչությունը չի հեռանում, ավելին՝ տարեցտարի մշտական բնակիչների քանակը ավելանում է: Բնակավայրի վարչական ղեկավարն ասում է, որ բնակչության մեծամասնությունն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում:  Գյուղն ունի 115 տնտեսություն: Չնայած որ նախկինում այստեղ սովխոզներ ու առաջավոր տնտեսություններ կային, այսօր քչերն են զբաղվում  անասնապահությամբ ու հողագործությամբ: Բնակավայրի ղեկավարը նշում է, որ  գյուղատնտեսական աշխատանքները Լեռնաձորում մեծ թափ ստացան 90-ականներին, երբ Արցախյան հակամարտության պատճառով կոմբինատը ոչ լիարժեք էր աշխատում, իսկ երբ սկսեց կրկին նոր թափով աշխատել, գյուղացիները պակասեցրին հողագործությունն ու գյուղատնտեսական ամենատարբեր աշխատանքները: Լեռնաձորում լուծված են նաև գազիֆիկացման, փողոցների լուսավորության, ջրամատակարման և բարեկեցիկ ապրելակերպ ունենալու մի շարք կարևորագույն խնդիրներ: Գյուղացիները փաստում են, որ կոմբինատի ներդրումը զգալի է գյուղը շեն պահելու և բնակեցման համար: Այստեղ միակ կարևորագույն խնդիրը մնում է գյուղամիջի ճանապարհների վերանորոգումը, որը վերջին անգամ բարեկարգվել են  խորհրդային տարիներին:

Գյուղ, որտեղ գործարան կա

Նախկինում կոշիկի, կարի արտադրամասերի գործունեությունը հանրապետության շատ բնակավայրերում սովորական երևույթներ էին, բայց այսօր նման կառույցները շրջաններում հազվադեպ են: Լեռնաձորում հանդիպեցինք ուրախալի մի փաստի. արդեն մեկ տարի է, ինչ այստեղ գործարկվել է   Լեռնաձորի տրիկոտաժի ֆաբրիկան: Կարի մեքենաների չկանգնող աշխատանքային ձայներն ու կուտակված բազմագույն կտորներն ապացույցն են այն ամենի, որ արտադրամասը կարճ ժամանակահատվածում կարողացավ իր տեղը գտնել շուկայում: Դեռևս 15 մշտական աշխատակից ունի արտադրամասը, ովքեր և՛ գյուղից են, և՛ հարևան բնակավայրերից: Նրանք և՛ աշխատում են, և՛ զուգահեռ մասնագիտանում ոլորտում, ինչու չէ՝ լուծում նաև սոցիալական խնդիր:  

Դպրոցն ու մանկապարտեզը

Լեռնաձոր մտնելիս կողք կողքի 2 կարևոր շինություն ես հանդիպում՝ նախակրթարանն ու դպրոցը: Վերջիններիս գոյությունն ու գործունեությունը գյուղի խոստումնալից ապագայի ապացույցն են: Կոկիկ, հարմարավետ պայմաններ, գեղեցիկ խաղահրապարակ, ամենակարևորը՝ ջեռուցվող նախակրթարան, որը վերանորոգվել է 2007 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ: Նախակրթարանը կազմավորվել է 1988 թվականին,  սկզբում գյուղի դպրոցի մասնաշենքում՝ որպես դպրոց-մանկապարտեզի մաս, իսկ 1995 թվականին կրկին առանձնացել ու ստացել է ինքնուրույն կարգավիճակ: Ներկայումս 3-6 տարեկան երեխաների մեկ խառը խումբ է գործում:

Մանկապարտեզի վարիչ Նունե Առաքելյանը, ով երկար տարիներ է, ինչ աշխատում է այստեղ, ասում է, որ չնայած դպրոցն ու մանկապարտեզն առանձին կառույցներ են, այնուամենայնիվ աշակերտները՝ հատկապես ցածր դասարանների, դեռևս կապված են մանկապարտեզին: Գյուղական մանակապարտեզի առավելությունն այն է, որ սաները ավարտելուց հետո անգամ չեն մոռանում նախակրթարանը:

«Դպրոցի դասամիջոցներին կամ դասն ավարտելուց հետո աշակերտները հաճախ են հյուրընկալվում մեզ, հետաքրքվում, թե ով է իրենց անկողնում պառկում, կարոտում մանկապարտեզի ճաշերը», - ասում է վարիչը:

Լեռնաձորն ունի նաև մեկ կարևորագույն այցեքարտ՝ գյուղի հիմնական դպրոցը, որի մասին, շնորհիվ երկարամյա մանկավարժ, բանահավաք, հրապարակախոս Ռոբերտ Էջանանցու (Գրիգորյան), շատերն են լսել, ծանոթ են նրա գործունեությանը, այստեղ ստեղծված յուրահատուկ ավանդույթներին: Նա 1964 թվականից աշխատել է այստեղ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1984-ից շուրջ 32 տարի ղեկավարել է կրթօջախը: Դպրոցի մուտքն արդեն իսկ հրապուրում է առաջին անգամ այնտեղ ոտք դնողին, այստեղ յուրաքանչյուր դետալ ցույց է տալիս, որ գյուղական դպրոցում ես, կա թանգարան, բնակավայրի ծառ ու ծաղկի, քար ու հուշարձանի մասին պատմող ուղեցույցներ, որոնք Էջանանցու երկարամյա տարիների աշխատանքի արդյունքն են: Չնայած այսօր վաստակաշատ մանկավարժն  այլևս չկա, այնուամենայնիվ այստեղ դեռ պահպանվել են դասավանդելու, ուսման նկատմամբ անբացատրելի սիրով վարակող Էջանանցու մոտեցումները: Դպրոցում սովորում է 48 աշակերտ:  Սակայն, ի  տարբերություն նախակրթարանի բարեկարգ վիճակի, դպրոցը դեռևս վերանորգված չէ, այն ևս գյուղի հրատապ խնդիրների լուծման շարքում է:  

Գյուղից հեռանալիս երկար ժամանակ լսվում էին ինչպես զուտ գյուղական, այնպես էլ շինարարական եռուզեռի ձայներ, որոնք ևս վկայում են, որ կյանքն այստեղ շարունակական է լինելու, ու ուրախալի է, որ երիտասարդները իրենց ապագան այստեղ են տեսնում։

Արփինե Հարությունյան

21:00 01.02.2019

Ամենաշատ ընթերցվածները