ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հին Գորիսը աստիճանաբար վերականգնվում է
19:00 02.02.2019

Հին Գորիսը աստիճանաբար վերականգնվում է

«Գորիսը այն քաղաքներից է, որ շատ խելացիորեն է կառուցված, միահյուսված է տեղանքին»այսպես է նկարագրել կարմիր տանիքների քաղաքը ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

Ի սկզբանե Գորիսը քարանձավային քաղաք է եղել։ Մարդիկ ժայռերը փորել ու բնակություն էին հաստատել դրանցում։ Այդ ամենը կարելի է տեսնել՝ այցելելով Հին Գորիս թաղամաս։ Պատմամշակութային ժառանգությունը համայնքային իշխանությունը որոշել է խելացիորեն օգտագործել։ Տարիներ շարունակ անուշադրության մատնված քարանձավներից մեկը վերականգնել են։ Գաղափարի հիմքում զբոսաշրջության զարգացումն է, իսկ դրան հասնելու համար այստեղ  հետաքրքիր ծրագրեր են մշակում։ Մտահղացումներից մեկն էլ հենց վերակառուցված քարանձավը եզակի  տեղեկատվական կենտրոն դարձնելն է։ «Ծրագրում ենք այստեղ զբոսաշրջային տարբեր ծառայություններ մատուցել, կլինեն քարանձավային արվեստանոցներ, արհեստանոցներ, որտեղ  Գորիսի հետաքրքիր մշակույթը, ավանդույթները կներկայացվեն։ Հետագայում  նաև հյուրատներ կունենանք։ Սա շատ խոշոր ծրագիր է, որ  տարբեր դոնորների հետ կփորձենք  գլուխ բերել։ Ցանկանում ենք թաղամասի վերականգնման միջոցով այն դարձնել Հայաստանի զբոսաշրջային վայրերից ամենահետաքրքիրը», - ասում է համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը։

«Քարանձավի վերականգնումը 3 տարի առաջ է սկսվել։ Ամբողջը լցված էր հողի բերվածքներով», - պատմում է համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գարեգին Փարսյանը։ Մաքրվելով հողի զանգվածից, տեղադրվել են դուռ-պատուհան, կառուցվել տանիք, ներքին հարդարման որոշակի աշխատանքներ են կատարվել, ջրամատակարարման ու էներգամատակարարման հարցերը լուծվել։ Գարեգին Փարսյանի խոսքով՝ քաղաքաշինական տեսանկյունից հաշվի է առնվել ամեն մի մանրուք։ Քանի որ քարանձավը գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ, տանիքը կղմինդրից են արել՝ պահպանելով հին հայկական հազարաշեն ծածկի շարվածքը։

Կահավորման ու որոշակի աշխատանքներում իր ներդրումը ունի «Քոնթուր Գլոբալ» ընկերությունը։ Ծրագիրը Վիեն քույր քաղաքի հետ համատեղ է կյանքի կոչվել և շարունակական կլինի։ «Շուտով  երկու քաղաքների համայնքապետերը առաջիկա երեք տարվա համագործակցության հուշագիր կստորագրեն, և դրա շրջանակում 2019 թվականին, ըստ նախնական պայմանավորվածության, հին Գորիսի ամֆիթատրոնի վերականգնման ծրագիրը կներառվի», - տեղեկացրեց Իրինա Յոլյանը։

Զբոսաշրջության համար Գորիսը առավել գրավիչ դարձնելու նպատակով տեղական կազմակերպություններից մեկը «Իմ Հայաստան» ծրագրով քարանձավային կինոդիտումների, կինոթատրոնների  բրենդավորում է իրականացնում (հեղինակային իրավունքի ձեռք բերում)։ Համայնքի համար  Հին Գորիսի վերականգնումը տնտեսական գերակա նշանակություն ունի։

Նելլի Միրզախանյան

19:00 02.02.2019

Ամենաշատ ընթերցվածները