ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ես թշնամուց չեմ վախենում, մայրի՛կ
21:00 04.02.2019

Ես թշնամուց չեմ վախենում, մայրի՛կ

Բիդանդունյան Գուրգեն Սերյոժայի

Կյանքը՝ ինչպես ակնթարթ

Ծնվել է 1975 թվականի փետրվարի 3-ին, հասակ է առել Քաջարանում, վարորդ Սերյոժայի ու փոստային բաժանմունքի հեռախոսազանգերի պատասխանատու Սվետլանա Ներսիսյանի ընտանիքում: Տան ավագն էր, իսկ քույրը՝ Գայանեն, այժմ ամուսնացած է, ունի տղա ու աղջիկ, այժմ ապրում է Սանկտ Պետերբուրգում:  Գուրգենի ծնողներն այժմ չեն աշխատում, ապրում են Քաջարանում նրա կնոջ ու երեխաների հետ: Գուրգենը հաճախել է ԶՊՄԿ-ին պատկանող թիվ 1 մանկապարտեզը, այնուհետև ուսանել տեղի ռուսական դպրոցում: Ավարտելուց հետո՝ 1993-ին, զորակոչվել է  բանակ: Նրա ծառայության տարիները համընկել են թեժ մարտերին, Հորադիզում վիրավորվել է, շուրջ 16 տարի բուժում էր ստացել, սակայն 2010-ի դեկտեմբերի 7-ին հրաժեշտ է տվել կյանքին: Ամուսնացած էր, ունի երկու որդի:

Ինձ բացակա չդնեք

Պահեստազորի փոխգնդապետ Վարդան Գևորգյանը Գուրգենի մարտական ավագ ընկերն է, նրա մասին խոսելիս առաջին հերթին մատնանշում է համարձակությունը․ «Աչքի ընկնող երիտասարդ էր, հաճախ էր ասում,  որ մեր ամեն մի զոհվածի դիմաց պիտի այդքան տղա ծնենք, չնայած վիրավորված էր, բայց նվնվալ չէր սիրում, լցված էր ապրելու անհագուրդ ցանկությամբ: Երբեք չէր օգտվի այն փաստից, որ վիրավոր էր, որ իրեն մի բանով զիջեն, այլ հակառակը, առաջին գիծ մեկնելուն առաջինը ինքն էր պատրաստ, պարբերաբար կրկնում էր՝ ինձ բացակա չդնեք»:

Ես թշնամուց չեմ վախենում, մայրի՛կ

Մայրը՝ տիկին Սվետլանան, պատմում է, որ չարաճճի երեխա էր, բայց իրեն սիրել էր տալիս, դպրոցում վատ չէր սովորում, միայն վերջին տարիներին մի քանի «երեք» ու «չորս» ուներ, սիրում էր սպորտով զբաղվել, մասնավորապես ֆուտբոլ էր սիրում խաղալ, միաժամանակ դաշնամուր էր նվագում՝ թոթափում մտքերը: Մայրը նշում է, որ չնայած սակավախոս մարդ էր, բայց վիրավորվելուց հետո սկսեց պատմել պատերազմի դաշտից։ Տիկին Սվետլանան հիշում է, թե ինչպես էր Գուրգենը ներկայացնում, ասում էր՝ որ ծուղակի մեջ էին, գրողի տարած թուրքերը, ինչպես ներգրեր՝ խմբով անցնում էին, եթե նույնիսկ խորը շնչեին, իրենց կնկատեին, և չնայած սրան՝ ասաց, որ չի վախենում թշնամուց, ուզում է մինչև վերջ պայքարել հանուն հայրենիքի:

Տիկին Սվետլանան հիշում է. «Ընտանիքով Լատվիա էինք գնացել, մայրաքաղաք Ռիգայից վերադառնալիս վարագույր գնեցի, բերեցի ու կախեցի ճաշասենյակում: Օրերից մի օր, երբ աշխատանքի էի, աղջիկս զանգում ու ասում է՝ մամ, մի բան ասեմ, չբարկանաս, դուռը բացվեց, կատու ներս մտավ և պատռեց Ռիգայից բերած վարագույրը... Բայց պարզվեց, որ կատվին ներս է թողել Գուրգենս, ով այդ ժամանակ 7-րդ դասարանում էր: Հասա տուն ու մի լավ ծեծեցի․․․»: «Մի անգամ էլ լավ վախեցրեց մեզ. ես աշխատանքի էի, աղջիկս զանգեց, ասաց՝ չկա Գուրգենը, իհարկե, շատ վախեցանք, մի ողջ օր փնտրեցինք, չկա ու չկա: Երեկոյան հանգիստ եկավ տուն, պարզվեց՝ մի ավտո էր նստել ու գնացել շրջելու․․․ Այս անգամ էլ հայրը խրատ տվեց․․․»:

Իսկ Գուրգենի մասին խոսելիս հայրը առաջին հերթին նշում է՝ չափազանց ընկերասեր էր․ «Գուրգենը, չնայած տեսակով փակ էր, բայց ընկերների միջավայրում առավել անմիջական էր դառնում, վերջին կտոր հացը կտար, վստահ եմ, նույնիսկ, երբ ինչ-որ մեկը սահման էր գնում, քաղցրավենիք կամ ծխախոտ էր ուղարկում, դա իր համար պարտադիր պայման էր»:

Նվիրական երազանքներ՝ հորիզոնին չնշմարվող

Գուրգեն Բիդանդունյանն ամուսնացել է երկու անգամ, առաջին անհաջող ամուսնությունից հետո չորս ամիս անց  հանդիպեց Ռիտա Սարյանին՝ ծնունդով Կիրովականից: Այրին ասում է՝ քույրը Քաջարան է հարս եկել, ինքն էլ եկել էր տեսնելու քրոջը։ Պայմանավորվեցին ու հանդիպեցին մայրաքաղաքում։ Քաջարան եկավ ու այլևս չթողեց, որ գնա: 2008-ի հուլիսի 27-ին նշանադրվեցին, իսկ օգոստոսի 10-ին ամուսնացան։ Ունեցան երկու որդի՝ Սերգեյ ու Գոռ: Սերգեյը ավագն է, ինը տարեկան, սովորում է Քաջարանի թիվ 1 միջնակարգ դպրոցում, բանկի կառավարիչ է ցանկանում դառնալ, սիրում է նկարել, հատկապես վառ գույներն է նախընտրում, գիտի հոր ուղու մասին, սակայն չի հիշում նրան... «Սերգեյը փոքր էր, չարություն էր արել, անկյուն էինք կանգնեցրել, հենց հայրը ներս մտավ, վազեց հոր մոտ, բայց Գուրգենը, իմանալով՝ ինչու ենք կանգնեցրել, ինքն էլ ասաց, որ կանգնի։ Շատ էր սիրում նրանց, երեկոյան, որքան էլ ուշ վերադառնար տուն, մինչև չհամբուրեր նրանց, չէր քնում։ Սերգեյը հոր պես կենդանական աշխարհ շատ է սիրում», - պատմում է տիկին Ռիտան ու հավելում, որ հոր մահից հետո շատ պարփակված է դարձել։ Մի անգամ դպրոցում շարադրություն էին հանձնարարել հայրիկների  թեմայով, նա չգրեց՝ պատճառաբանելով, որ հայր չունի... Մինչ այդ էլ մանկապարտեզում հանդեսի ժամանակ չարտասանեց, լաց եղավ, ասաց՝ բոլորի հայրիկները եկել են, իմը՝ ոչ...:

Իսկ կրտսեր որդին՝ Գոռը, յոթ տարեկան է, նա նույնպես կառավարիչ դառնալու երազանք ունի, եղբոր համեմատ առավել անմիջական ու ընկերասեր է:

«Գուրգենը լավ ամուսին էր, անչափ հոգատար, նվեր բերել չէր սիրում, բայց պատրաստ էր գնել այն, ինչ ես կուզեի... Այնքան ուշադիր էր, որ կարիքն ամեն պահ զգացվում է»:

Նշենք, որ Ռիտան այժմ պահակ է աշխատում այն մանկապարտեզում, ուր Գուրգենը հաճախել է, տանը միայն նա է աշխատում:

Հոր՝ Սերյոժայի ջանքերով բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ Գուրգենը 1999-ին մեկնեց Շվեյցարիա՝ բուժվելու, իսկ երբ վերադարձավ, կրկին բժիշկների հսկողության տակ էր, բայց 2010-ին մահացավ: Դրանից օրեր անց զանգահարեցին, որ Շվեյցարիա վերականգնողական բուժման մեկնելը նորից հնարավոր է,  բայց արդեն ուշ էր ...

Անուշ Միրզոյան

21:00 04.02.2019

Ամենաշատ ընթերցվածները