ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պտտենք անիվները և լինենք երջանիկ
20:00 09.02.2019

Պտտենք անիվները և լինենք երջանիկ

Ժամանակակից աշխարհում շատերի  մեքենաներին արդեն փոխարինելու են եկել հեծանիվները։ Հեծանիվ վարելը ունի մի շարք առավելություններ, ինչպիսիք են՝ օդի քիչ աղտոտում, սեփական առողջության բարելավում, հեշտ կայանում, խցանումներից խուսափում, վառելիքի գումարի խնայում։ Եվ վերջում՝ հեծանիվ վարելու համար վարորդական իրավունք և դրա համար քննություն հանձնել հարկավոր չէ։ Բայց նշվածներից ամենակարևորը հեծանիվ վարելու առողջարար հատկությունն է և՛ սեփական անձի, և՛ մնացածների համար։ Ինչքան շատ մարդիկ մեքենաները փոխարինեն հեծանվով, այնքան մաքուր կլինի օդը վառելիքի արտազատած նյութերից։ Իսկ այս ամենին ավելանում է հեծանիվ վարողի գեղեցիկ կազմվածքը, քանի որ վարելու ընթացքում աշխատում են մարդու գրեթե բոլոր մկանները։

Հեծանիվների տեսակները աշխարհում

Բոլոր հեծանիվները կազմված են ղեկից և անիվներից, բայց ունեն զատիչ տարբեր առանձնահատկություններ, ինչպիսիք են՝ քաշը, արագությունը, մեծությունը և անցողունակությունը։ Այս հատկանիշների հիման վրա էլ հեծանիվները բաժանվում են երկու տեսակի՝ լեռնային և քաղաքային։ Այս երկու հեծանիվների ամենագլխավոր տարբերությունը անվադողերի ձևն է։ Լեռնային հեծանիվների անվադողերը հիմնականում հարթ չեն լինում և իրենց վրա ունենում են «ատամիկներ»։ Կան նաև սպորտային և էլեկտրական հեծանիվներ։ էլեկտրական հեծանիվները աշխատում են շարժիչով, վարելու համար շատ ջանք չի պահանջվում, կարող են վարել նույնիսկ սկսնակները։

Աշխարհում հայտնի են նաև կանացի հեծանիվները, որոնք արտադրվում էին դեռ այն ժամանակներից, երբ կանայք միայն շրջազգեստներ էին հագնում։ Այդ ժամանակ մի շարք արտադրող ընկերություններ հենոցի վերևի խողովակը ավելի ցածր էին տեղադրում կամ թողնում էին միայն ստորին խողովակը։ Բայց քանի որ ժամանակակից աշխարհում կանայք նույնպես սկսել են հիմնականում տաբատներ հագնել, մի շարք ընկերություններ դադարեցրել են հատուկ կանացի հեծանիվների արտադրությունը։

Եվ իհարկե, կան փոքրերի համար նախատեսված հեծանիվներ՝ հարմար նրանց մարմնի քաշին և հասակին։

Ինչպե՞ս ընտրել հարմար հեծանիվ

Այս հարցի ավելի հիմնավոր պատասխան ստանալու համար զրուցեցինք հեծանվային խանութի խորհրդատու Արտակ Սարգսյանի հետ։ «Որպեսզի հեծանիվ վարելը հարմարավետ լինի, շատ կարևոր է ընտրել հենց ձեզ համապատասխան հեծանիվը։ Այն ընտրելու համար պետք է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր հատկանիշների՝ սեփական քաշը, հասակը, վարելու ոճը և հեծանվի տեսակը։ Նախ պետք է կանգնել պատի մոտ և չափել սեփական հասակը առանց կոշիկների։ Սա կօգնի ձեզ ընտրել հեծանվի երկարությունը։ Կարևոր է նաև չափել քաշը, քանի որ որքան մեծ է վարողի քաշը, այնքան անվադողերը ավելի հաստ են լինում, որպեսզի կարողանան տանել մեծ քաշը։ Բայց համապատասխան հեծանիվ ընտրելու համար ինքնուրույն չափումներ անել այդքան էլ խորհուրդ չի տրվոմ , ավելի ճիշտ կլինի դա անել խանութում խորհրդատուի հետ միասին, որովհետև մեր պրակտիկայում շատ են լինում դեպքերը, երբ հասակի առնվազն 10սմ տարբերություն են ասում։ Հեծանվի սխալ ընտրությունը կարող է վատ հետևանքներ ունենալ վարողի համար, օրինակ՝ եթե ընտրվի ավելի ծանր քաշով հեծանիվ, քան կարելի է տվյալ վարողին, անխուսափելի կլինեն պատահարները, քանի որ նման դեպքում կբարդանա հեծանվի վարումը և հավասարակշռություն պահելը», - ասում է խորհրդատուն։

Վերջում նաև փորձեցինք հասկանալ, թե Հայաստանում հիմնականում ինչ տարիքային խմբերի համար է հեծանիվ վարելը ակտուալ։ «Կոնկրետ, եթե հաշվի առնենք մեր խանութի օրինակով, մեր գնորդները 18-40 տարեկաններն են։ Բայց ունենում ենք նույնիսկ տարիքով շատ մեծ կամ հակառակը՝ շատ փոքր պրոֆեսիոնալ վարողներ։ Այդ իսկ պատճառով միանշանակ տարիք Հայաստանի մասշտաբով ասել չեմ կարող»,-ասում է Արտակը։

Շատերի համար հեծանիվ վարելը հոբբի է, ուրիշների համար՝ մարզվելու, իսկ մի մասի համար՝ տրանսպորտային միջոց։ Եվ որպեսզի հեծանիվ վարելը լինի հաճույք և հետագայում հիասթափություններ չառաջացնի, ընտրեք ձեզ համապատասխան մոդելը։

Սոնա Օհանջանյան

 

20:00 09.02.2019

Ամենաշատ ընթերցվածները