ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախի պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավի՝ Արաքսի հովտի բնակավայրեր
18:00 08.02.2019

Արցախի պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հարավի՝ Արաքսի հովտի բնակավայրեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած կառավարական պատվիրակությունը փետրվարի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Քաշաթաղի շրջանի հարավային թևի քաղաքային և գյուղական համայնքներ։

Որոտան քաղաքում կատարված շրջայցի ընթացքում Մարտիրոսյանը շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի և համայնքի ղեկավար Վրույր Ասրյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքապետարանի շենքի շինարարական աշխատանքների պատրաստություններին, ինչպես նաև ապագա մարզադաշտի համար ընտրված վայրին։

Պետնախարարը կարևորել է սպորտի և առողջ ապրելակերպի խթանումը երիտասարդության շրջանում։

Ծանոթություն. Որոտան քաղաքային համայնքը կազմավորվել է 2013 թ․-ի հունիսին՝ տեղում գործող զինավանի հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Որոտան (նախկինում՝ Ղուբաթլու) քաղաքից, ինչպես նաև Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար և Վանանդ գյուղերից։

Հաջորդիվ Մարտիրոսյանը մասնակցել է համայնքային խորհրդակցությանը, լսել համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությանը, որտեղ հիշատակվել են համայնքին վերաբերող հիմնական սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ցուցանիշները, ինչպես նաև առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Խորհրդակցության ընթացքում պետնախարարը քննարկել է տեղում առկա խնդիրները, լսել համայնքի ղեկավարության առաջարկներն ու մտահոգությունները, տվել համապատասխան հանձնարարականներ։

Քննարկվել է համայնքի նախկին բնակֆոնդում առկա եռահարկ շենքի հիմքի վրա Որոտանի մանկապարտեզի և նիստերի դահլիճի կառուցման հարցը։ Մարտիրոսյանը վերահաստատել է, որ այս տարվա բյուջեով նախատեսված է Որոտանի մանկապարտեզի շինարարության մեկնարկը: Պետնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել նաև շրջանի վարչակազմի պատկան մարմիններին՝ Խնձորեսկ-Որոտան գործող ճանապարհը ողջամիտ պարբերականությամբ բարեկարգելու և շահագործելի վիճակում պահպանելու համար։

Մարտիրոսյանի հաջորդ կանգառը Հայկազյան գյուղում էր։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, դասասենյակներին, հետաքրքրվել շենքի գործարկման ժամկետով։ Մարտիրոսյանին տեղում զեկուցվել է, որ շենքային առումով դպրոցը կատարելապես պատրաստ է շահագործման համար, մնացել են էլեկտրաֆիկացման տեխնիկական հարցերը, որոնք կլուծվեն առաջիկա օրերին։

Հայկազյանից Մարտիրոսյանն ուղևորվել է Փակահան համայնք։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է վերջերս կապիտալ վերանորոգված դպրոցի շենքային և գրենական կահավորման պայմաններին, զրուցել մանկավարժական կոլեկտիվի հետ և համապատասխան հանձնարարականներ տվել քաղաքաշինության նախարարությանը՝ կապված շենքում առկա շինարարարական որոշ բացթողումների արագ շտկման հետ։ Փակահանում պետական նախարարն անցկացրել է նաև կարճ հանդիպում համայնքի բնակիչների հետ, հետաքրքվել հուզող խնդիրներով և ներկայացրել դրանց լուծման հարցում կառավարության տեսլականը։

Միջնավան քաղաքում Մարտիրոսյանը ծանոթացել է նախկին բնակֆոնդում առկա շենքերից մեկի հիմքի վրա նոր բազմաբնակարան շենք կառուցելու ծրագրին, տեղում խորհրդակցել պատասխանատուների հետ։

Կովսականում պետական նախարարն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել ենթաշրջանի շուրջ 14 համայնքերի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ակտիվ քաղաքացիներ։ Մարտիրոսյանը ներկայացրել է շրջանների զարգացման հարցում կառավարության մոտեցումները, այդ նպատակով վարչակազմերի նյութատեխնիկական բազայի թարմացման և լիազորությունների ընդլայնման ծրագիրը և դրանով վերջիններիս վերապահված պարտականությունները։ Մարտիրոսյանը խոսել է նաև նախքան այցը շրջանի վարչակազմի միջոցով պետական նախարարի աշխատակազմ ստացված խնդրացուցակի մասին՝ անդրադառնալով մասնավորապես ջրագծի բարեկարգման ծրագրին, որի միջոցով կկարգավորվի խմելու ջրի հարցը, ինչպես նաև քաղաքային համայնքը բարեկարգելու և հին փլատակներից մաքրելու առաջարկին։ Վերջինիս մասով պետնախարարն առաջարկել է ներգրավել վարչակազմի ռեսուրսները, կատարել համապատասխան աշխատանքներ, իսկ գոյացած պիտանի շինանյութը հետագայում նույնպես ուղղել համայնքի շինարարական կարիքները հոգալուն։ Որպես հետագայում լուծվելիք հարց՝ Մարտիրոսյանն ի գիտություն է ընդունել նաև Կովսականի դպրոցի սպորտային դահլիճի շինարարության հարցը։

Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է Ծոբաձոր և Որդուակ համայնքների ապահովումը մշտական հեռախոսային և համացանցային կապով։ Պետնախարարին զեկուցվել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից տեղադրվել են համապատասխան աշտարակներ, իսկ խնդրի վերջնական լուծման համար պետություն-մասնավոր օղակով պարզաբանումներ կհայցվեն համապատասխան տնտեսվարողից։

Խորհրդակցության ավարտին պետական նախարարը տեղեկացրել է բոլոր ներկաներին, որ այս տարի Արցախի կառավարությունն սկսելու է նախագծային աշխատանքներ Կովսական-Կապան ավտոճանապարհի կառուցման համար։

Ծանոթություն․ Կովսական-Կապան ավտոճանապարհի՝ քաղաքապետարանից քաղաքապետարան երկարությունը 32 կմ է։ Ներկայիս գրունտային ճանապարհը դիտարկելի հեռանկարում ասֆալտապատվելու է։

Կովսականյան այցի վերջում Մարտիրոսյանն այցելել է տեղամասային հիվանդանոց, շրջայց կատարել՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին, առկա սարքավորումներին և հիվանդանոցի զարգացման հեռանկարներին։

Քաշաթաղի շրջանի հարավային թև կատարած աշխատանքային այցի ընթացքում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը բոլոր խորհրդակցությունների և հանդիպումների ժամանակ համայնքների բնակիչներին հավաստիացրել է, որ վարչակազմ-կառավարություն արդյունավետ կապի արդյունքում Ստեփանակերտն օպերատիվ կերպով տեղեկանում է շրջաններում առկա ամենատարբեր խնդիրների մասին և մշակում խնդրի հետ ավելի խորը ծանոթացման, արձագանքման ու լուծման ամենատարբեր գործիքներ։

Աշխատանքային այցին կառավարական պատվիրակության կազմում մասնակցել են նաև գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, «Արցախի ներդրումային հիմանդրամի» գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը, Արցախի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Տիգրան Ծատրյանը։ Վերջիններս իրենց իրավասության մեջ մտնող ոլորտային թեմաներով համայնքների ղեկավարներին և բնակիչներին տեղեկացրել են կառավարության ընթացիկ ծրագրերի մասին և պատասխանել հարցերին։

Աղբյուր՝ shantnews.am

18:00 08.02.2019

Ամենաշատ ընթերցվածները