ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Պարգևատրումը կաշառքի պես մի բան է
19:00 12.02.2019

Պարգևատրումը կաշառքի պես մի բան է

Հիմա, երբ համացանցում որոշակի անդորր է պարգևավճարների առումով, իսկական ժամանակն է հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ և ինչու է այդ ամենը անընդունելի: Առաջին հայացքից անմեղ թվացող նախատոնական պարգևատրումը լուրջ կոռուպցիոն վտանգներ է պարունակում:

Ինչպես պայթեց համացանցը

Ամանորից հետո թերթերից մեկը հրապարակեց Պետեկամուտների կոմիտեի շռայլ պարգևավճարների ցուցակը՝ ըստ պաշտոնատար անձանց անունների, որտեղ նշված էին միլիոնավոր դրամների հասնող գումարներ՝ ըստ անունների և հաստիքի: Հետագայում մյուս լրատվամիջոցները արդեն տեղափոխեցին թեման մարզպետարանների և քաղաքապետարանի վրա, սակայն վերջիններիս մոտ չկար ոչ մի պարգևավճար, որը կգերազանցեր 1 մլն դրամ գումարը: Այսպիսի տեղեկատվությունը տարիներ ի վեր փակ է եղել: Հետևաբար, հարց է առաջանում, թե ինչպես այն դարձավ հանրային: Շատ պարզ, որոշ աշխատակիցներ, վիրավորված անարդարությունից, արտահոսք կազմակերպեցին դեպի ԶԼՄ-ներ: Այդ աշխատակիցներին ոչ ոք չի ճանաչում, և փաստացի բոլոր պետական կառույցներում լրջագույն որս է սկսվել այդպիսի տեղեկատվություն ունեցող աշխատակիցների նկատմամբ: Փաստ է, որ մինչ այսօր համացանցում չկա գեթ մեկ հարցազրույց այն բանի մասին, թե ինչու է այս բաշխումը տեղի ունենում հենց այսպես: Պարգևավճարների անարդարությունը հանրայնացնող աշխատակիցը տեսանելի դառնալու դեպքում նույն վայրկյանին կզրկվի իր զբաղեցրած դիրքից:

Արատավոր արտաբյուջետային ֆոնդ

Պարգևավճարները միշտ տրվում են տվյալ գերատեսչության արտաբյուջետային ֆոնդից: Առաջին անգամ այս երևույթը ծնվեց ոստիկանության անձնագրային բաժնում: Տրամաբանությունը հետևյալն էր: Եթե կան քաղաքացիներ, որոնք չեն համբերում մինչև նոր անձնագիր ստանալու մեկշաբաթյա ժամկետը լրանալը, ապա նրանցից գանձված լրացուցիչ գումարները պետք է ուղղել արտաբյուջետային ֆոնդ, այլ ոչ թե տվյալ ոստիկանի գրպանը: Թվում է, թե երկաթյա տրամաբանություն կա այստեղ, ես անհամբեր ու հարուստ քաղաքացի եմ, իսկ դուք հավելյալ ցնցումների մեջ եք ընկնում իմ շտապողականության պատճառով, և տրամաբանությունը մեկն է, վճարում եմ ոչ ուղղակի արագացման կաշառք, ուղղակի ոչ թե ձեր գրպան, այլ պետբյուջե: Հետագայում այդ արտաբյուջետային ֆոնդերը համալրվեցին կիսատ թողնված ծրագրերից և խնայված միջոցներից, իսկ տարեվերջին ջոմարդ ղեկավարը բաժանում է պարգևավճարներ: Եթե ավելի լուրջ քննության ենթարկենք երևույթը, ապա կհասկանանք, որ խնդիրը կոռուպցիոն հետնաբեմ ունի: Ի՞նչ է նշանակում խնայված միջոցներ: Ուրեմն ինչ-որ մի ճանապարհ թերի է ասֆալտապատվել կամ ինչ-որ մի մանկապարտեզ էժան նյութերով է վերանորոգվել, եթե այդպիսի խնայողություններ հայտնվել են: Կարիք չկա բացատրելու, թե մենք՝ հարկատուներս, ինչպես ենք զայրանում, երբ ինչ-որ մի տեղ անորակ գործ ենք տեսնում: Մեր ջանից է չէ՞ դուրս գալիս, ուրեմն բարի եղեք ճիշտ հաշվարկել և որակյալ գործ անել: Միջոցները չբավականացրին՝ պատժում ենք ֆինանսիստին, միջոցները ավելացան՝ պատժում ենք աշխղեկին: Սա է հուշում միջազգային փորձը, իսկ Հայաստանում փողի ավելցուկը տարվա ընթացքում պարգևավճար է դառնում, իսկ պակասորդը նոր պատճառ կրկին դիմել բյուջեին՝ նոր միջոցներ ստանալու համար: Խայտառակ անընդունելի աշխատաոճ է:

Շեֆի լյուբիմչիկներ

Արտաբյուջետային միջոցները շատ հաճախ պատճառ են դառնում լուրջ մասնագետի ներգրավման համար, ով լուծում է ծառացած խնդիրները՝ չխանգարելով տնօրենի, մարզպետի, նախարարի լյուբիմչիկների հանդարտ ու անիմաստ գործունեությանը այդ հիմնարկում: Պարգևավճարներ հիմնականում ստանում են նրանք, ովքեր այսպես ասած շեֆի լյուբիմչիկներն են, կամ շեֆը ուղղակի ուզում է կախվածության մեջ պահել ինչ-որ մեկին, պարգևատրում է, որ ասի, թե լավություն է անում: Երկու երևույթն էլ անընդունելի են: Եթե կա աշխատանք, այն պետք է վարձատրվի հավուր պատշաճի, բարեկամները և ընտրյալները չպիտի տեղ ունենան աշխատանքային թիմում: Այս իրականությունը ապացուցելու համար բերեմ ԱՄՆ-ի փորձը: Ցանկացած մարզպետի կամ շրջանի ղեկավարի տարեկան աշխատավարձը կարելի է հեշտորեն փնտրել համացանցում և գտնել: Ոչ մի պարգևավճարների մասին խոսք անգամ չի կարող լինել: Աշխատանքային պարտականությունները ունեն մատուցման գին: Եթե դրանք չեն կատարվում, աշխատակիցը զրկվում է աշխատանքից, իսկ եթե կատարվում են, ուրեմն մարդիկ ստանում են իրենց հասանելիք աշխատավարձը: Շատ պարզ է ամեն ինչ ու հստակ:

Լևի փող

Հնարավոր է մեր այս հոդվածը կարդա պետական սեկտորի ինչ-որ աշխատակից և չհամաձայնվի՝ ասելով, թե ինքը հազար ու մի տարբեր լրացուցիչ բաներ է անում: Շատ լավ, ենթադրենք՝ Բնապահպանության նախարարությունը ինչ-որ միջազգային ֆոնդի հետ պայմանագիր ունի: Ուրեմն նստեք, որոշեք, թե ով պետք է ձեր անձնակազմից զբաղվի այդ լրացուցիչ աշխատանքներով: Դրանից հետո ձևափոխեք մարդկանց պայմանագիրը, հավելեք նրանց կողմից հավելյալ ծառայությունները և ավելացրեք միջոցներ նրանց հիմնական աշխատավարձին: Խնդիր կա՞, խնդիր պետք է որ չլինի, եթե դուք ազնիվ ղեկավար եք: Իսկ եթե ոչ, ապա ձեր լյուբիմչիկներին պարգևատրելու, ձեր գերատեսչության դրամարկղին լրացուցիչ ձախ դրամարկղ ստեղծելու, որոշ աշխատակիցների վրա փողով ազդելու ձեր գայթակղություններին վերջ չի լինի:

Հետևություն

Օր առաջ պետք է վերջ դնել բոլոր արտաբյուջետային ֆոնդերին: Ծախսերին չհամապատասխանող տարբեր աշխատակիցներին պետք է հեռացնել աշխատանքից: Կոլեկտիվի անդամներին պետք է հստակ բացատրել տարբեր աշխատանքների վարձատրության տրամաբանությունը, որպեսզի ոչ մեկը գայթակղություն չունենա հանրայնացնել ինչ-որ մեկի հալալ քրտինքով աշխատած գումարի չափը: Էլ չեմ ասում, որ այդ աշխատավարձերը էն գլխից պետք է թափանցիկ լինեն, քանի որ մեր հարկերից են գոյանում:

Եթե ներկա կառավարությունը չգնա այս սկզբունքային քայլերին, ապա նա նախորդների պես դատապարտված է կաշառակեր ու խարդախ ղեկավարի համբավ ձեռք բերելու:

Գույժը չուշացավ

Հոդվածը տպագրելուց մի քանի ժամ առաջ գույժը վրա հասավ: Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։

Արման Սուլեյմանյան

 

19:00 12.02.2019

Ամենաշատ ընթերցվածները