ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանը կարող է իրանական գազի տարանցիկ երկիր լինել, բայց Իրանը կկարողանա՞ բավարարել պահանջարկը. փորձագետ
15:00 01.03.2019

Հայաստանը կարող է իրանական գազի տարանցիկ երկիր լինել, բայց Իրանը կկարողանա՞ բավարարել պահանջարկը. փորձագետ

«Հայաստանը կարող է իրանական գազի արտահանման համար տարանցիկ երկիր լինել, բայց նախ մենք պետք է հասկանանք, թե տարանցիկ երկիր ասելով ինչ նկատի ունեն»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրանում արված հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման համագործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր:

Փորձագետի խոսքով, եթե խոսքը դեպի Վրաստան գազի արտահանման մասին է, ապա այդտեղ առանձնապես խնդիր չկա, հատկապես, որ նման փորձ արվել է դեռևս Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջանում:

«Այդ ժամանակ փորձնական ոչ մեծ քանակությամբ իրանական գազ  Հայաստանով արտահանվել է Վրաստան: Մասնավոր մի ընկերություն այդ գործարքը կատարեց, բայց դա փոքր ծավալի էր: Դա նշանակում է, որ հնարավոր է Հայաստանով գազ արտահանել Վրաստան»,- ասաց Արմեն Մանվելյանը:

Բացի այդ, տեխնիկապես էլ հնարավոր է գազի արտահանումը։ Ըստ նրա՝ Իրան-Հայաստան գազամուղի  հզորությունը տարեկան 2,3 մլրդ խորանարդ մետր է, բայց այն աշխատում է իր հզորության 15 տոկոսի չափով: Այսինքն՝  Վրաստան արտահանելու համար տեխնիկական խնդիրներ չկան:

Ինչ վերաբերում է դեպի ԵՄ երկրներ արտահանելուն, ապա այդ դեպքում, ըստ փորձագետի, անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, իսկ դրա համար՝ մեծ ներդրումներ:

«Այսինքն՝ Հայաստանի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման մասին խոսելը մի փոքր անլուրջ է»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ ԵՄ շուկան բոլորովին այլ բան է, այդ շուկան մտնելը գերբարդ է, քանի որ նախ շուկան փոփոխական է, բացի այդ, այնտեղ կան հիմնական խաղացողներ՝ Ռուսաստան, Նորվեգիա, Ալժիր։

«Որպեսզի կարողանաս գազը տարանցել մի քանի տարածքով, դրա համար պահանջվում են երկարատև բանակցություններ, նույնիսկ եթե քաղաքական որոշում կայացվի, տնտեսական առումով դա շատ դժվար լուծելի խնդիր է։ Հետևաբար, գրեթե անլուծելի խնդիր է Հայաստանից ԵՄ գազի լուրջ ծավալներ տեղափոխելը»,- ընդգծեց Արմեն Մանվելյանը։ 

Փորձագետը նաև նշեց, որ Իրանն իր իսկ արդյունահանած գազի 98%-ն  ինքն էլ սպառում է, ինչը նշանակում է, որ վերջինս լուրջ խնդիրների է բախվում գազի համապատասխան ծավալներ ապահովելու և այն արտահանելու համար. «Այսինքն, եթե խոսքը Հայաստանի և Վրաստանի մասին է, դա հնարավոր է, ծավալները մեծ չեն, իսկ մեծ ծավալների դեպքում Իրանը խնդիրներ կունենա»։

Արմեն Մանվելյանը նաև ասաց, որ իրականում իրանական գազով շատերն են հետաքրքրված, բայց կան աշխարհաքաղաքական խնդիրներ, բացի այդ,  գազի սպառման հիմնական շուկաները բավականին հեռու են Իրանից:

«Կա խնդրի տնտեսական կողմը , ինչը թերևս հարցի կարևորագույն կողմն է, քանի որ նմանատիպ ծրագրերի համար պետք է գազամուղեր կառուցվեն  տնտեսական օգուտ ստանալու համար։ Սակայն Իրանի նկատմամբ սահմանված են քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ, ինչը, բնականաբար,  խնդիրներ է առաջացնում»,- ընդգծեց Արմեն Մանվելյանը։

Աղբյուր` Panorama.am

15:00 01.03.2019

Ամենաշատ ընթերցվածները