ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Օնկոլոգ ունենալը ցանկալի է, բայց ոչ խիստ անհրաժեշտ
18:00 06.03.2019

Օնկոլոգ ունենալը ցանկալի է, բայց ոչ խիստ անհրաժեշտ

Սյունիքի մարզում, որտեղ, ինչպես ժողովրդական բամբասանքն է ասում, ուռուցքով հիվանդների թիվը հանրապետությունում ամենաբարձրն է (քիչ հետո թվային տվյալներով ցույց կտանք, որ դա իրականությանը չի համապատասխանում, - Ա.Հ.), ուռուցքաբան չկա: Մարզի երկու քաղաքների բժշկական կենտրոնների բժիշկների հետ խոսելով՝ պարզեցինք, որ ուռուցքաբան ունենալը ցանկալի է, բայց ծայրահեղ անհրաժեշտություն չէ:

Խոսում են թվերը

Ընդհանրապես յուրաքանչյուր երևույթի ճշգրիտ գնահատական տալու համար պետք է դիմել վիճակագրությանը: Վերջին երեք տարվա կտրվածքով մարզում չարորակ նորագոյացությունների (ՉՆ) թիվը պարզելու համար դիմեցինք Սյունիքի մարզպետարանի առողջապահության  և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային ինստիտուտ, իսկ միայն Կապան քաղաքի մասով՝ Կապանի ԲԿ-ի պոլիկլինիկա:

Նախ՝ նշենք, որ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալներով՝ 1985թ. հանրապետությունում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված ՉՆ-ով հիվանդների թիվը 4710 է (հ.թ. 100 հազար բնակչի հաշվով՝ 140,6), իսկ տարեվերջին ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը՝ 17584 (հ.թ.՝ 522), 2017թ.՝ առաջին անգամ հայտնաբերվածինը՝ 8389 (հ.թ.՝ 281,6), իսկ դիսպանսերային հսկողության տակ գտնվողների թիվը՝ 43830 (հ.թ.՝ 1474,4): Սա նշանակում է, որ վերջին 30 տարվա ընթացքում հանրապետությունում ՉՆ-ով հիվանդների թիվը աճել է 2-3 անգամ:

Սյունիքի մարզում, ըստ մարզպետարանի տրամադրած տվյալների, 2016թ. տարեվերջին հիվանդների թիվը կազմել է 1406, որից՝ Կապան, Քաջարան՝ 600, Գորիս՝ 365, Սիսիան՝ 335, Մեղրի՝ 106, 2017թ.՝ 1496, որից՝ Կապան, Քաջարան՝ 618, Գորիս՝ 410, Սիսիան՝ 348, Մեղրի՝ 120, իսկ 2018թ.՝ 1499, որից Կապան, Քաջարան՝ 620, Գորիս՝ 401, Սիսիան՝ 356, Մեղրի՝ 122:

Ըստ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տվյալների՝ 2015թ. մարզում ՉՆ-ով հիվանդների թիվը տարեվերջին կազմել է 1460, որից՝ Կապան՝ 504, Սիսիան՝ 341, Գորիս՝ 399, Մեղրի՝ 140, Քաջարան՝ 76, 2016-ին՝ 1521, որից՝ Կապան՝ 515, Սիսիան՝ 368, Գորիս՝ 414, Մեղրի՝ 142, Քաջարան՝ 82, 2017-ին՝ 1552, որից՝ Կապան՝ 528, Սիսիան՝ 379, Գորիս՝ 423, Մեղրի՝ 132, Քաջարան՝ 90: 2018թ. տվյալները դեռ չկան, քանի որ կենտրոնից տեղեկացրին, որ դրանք ամբողջացված չեն:

Մարզպետարանի և ազգային կենտրոնի տվյալները տարբերվում են, քանի որ, ինչպես մեզ ասացին Կապանի պոլիկլինիկայում, ոչ բոլոր հիվանդներն են տեղում հաշվառվում: Նրանց մի մասը անմիջապես դիմում է ուռուցքաբանության ազգային ինստիտուտ:

Ըստ Կապանի պոլիկլինիկայի տվյալների՝ այստեղ, ինչպես և հանրապետությունում, գերակշռում են ստամոքսի, շնչափողի, բրոնխների, թոքերի և կրծքագեղձի ուռուցքները: Ինչ վերաբերում է դրանից մահացության ցուցանիշին, ապա 2016թ. դրա հետևանքով գրանցվել է 93, 2017-ին՝ 98, 2018-ին՝ 67 մահ:

Առաջատարը Լոռու մարզն է

«Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքում ըստ մարզերի կան վերոնշյալ և մի շարք այլ հիվանդությունների մասով տվյալներ: Ինչպես տեղեկանում ենք տարեգրքից, հանրապետությունում 2017թ. ՉՆ-ով հիվանդների թիվը տարեվերջին կազմում է 43830 (հ.թ.՝ 1474,4): Երևանում այդ թիվը կազմում է 18507 (հ.թ.՝ 1717,4), Արագածոտն՝ 1599 (հ.թ.՝ 1258.1), Արարատ՝ 3110 (հ.թ.՝ 1206.4), Արմավիր՝ 3012 (հ.թ.՝ 1138,2), Գեղարքունիք՝ 2827 (հ.թ.՝ 1230.7), Լոռի՝ 4019 (հ.թ.՝ 1848.7), Կոտայք՝ 3469 (հ.թ.՝ 1378.8), Շիրակ՝ 3673 (հ.թ.՝ 1560.3), Սյունիք՝ 1552 (1121.4), Վայոց ձոր՝ 626 (հ.թ.՝ 1262.1), Տավուշ՝ 1436 (հ.թ.՝ 1162.8):

Ինչպես ուռուցքաբանության ինստիտուտի բժիշկ-վիճակագիր Պողոս Պողոսյանն է ասում, հիվանդացության տարածվածության աստիճանը որոշվում է հարաբերական թվով: Այս դեպքում բերված թվերից ակնհայտ է դառնում, որ Լոռու մարզը առաջատարն է: Ի զարմանս շատերի՝ հարաբերական թիվը Սյունիքի մարզում ամենացածրն է, չնայած, Պողոս Պողոսյանի խոսքով, Լոռու մարզում և Սյունիքում աճի միտում կա:

Հաճախ կարելի է լսել, որ հանքարդյունաբերությամբ պայմանավորված ուռուցքների թվի աճի միտում կա, բայց, ինչպես վերջերս հրապարակված մի տեսանյութում ասում է Ալավերդու բժշկական կենտրոնի օնկոլոգ Հարություն Միքայելյանը, հիվանդության զարգացումը էկոլոգիական վատ վիճակով պայմանավորելու հիմք չի տեսնում (Ալավերդիում և Թումանյանի տարածաշրջանում գրանցված է 660 ուռուցքով հիվանդ, իսկ այդ մարզում քաղցկեղի դինամիկան կայուն է):

Կապանի պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ, թերապևտ Նարինե Գրիգորյանի խոսքով՝ Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղում, որի մոտակայքում է գտնվում պոչամբարը, նույն թվով քաղցկեղով հիվանդներ կան, ինչ մնացած գյուղերում: Այնպես որ՝ միայն հանքարդյունաբերությամբ պայմանավորել հիվանդության աճի միտումը, ըստ մասնագետների, միանգամայն անհիմն է: Ինչպես նշվում է Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի հրապարակումներից մեկում, ՉՆ առաջացումը ժառանգական գործոնների և արտաքին քաղցկեղածինների, ինչպես նաև վարքագծային ու կենսաբանական գործոնների փոխազդեցությունների արդյունք է։ ՉՆ-ից առաջացած մահվան դեպքերի մոտ մեկ երրորդը պայմանավորված է բնակչության ռիսկային վարքագծով և առողջության վրա հիմնական ռիսկի գործոնների վնասակար ազդեցությամբ, մասնավորապես, ծխախոտի և ալկոհոլի օգտագործմամբ, անառողջ սննդակարգով, ավելցուկային քաշ/ճարպակալումով և ֆիզիկական թերակտիվությամբ։

Տեղում ուռուցքաբան ունենալը ցանկալի է

Այն, որ յուրաքանչյուր բժշկական կենտրոնում նեղ մասնագետներ ունենալը կարևոր է և ցանկալի, ապացուցման ենթակա չէ: Այլ հարց է, երբ դրա ծայրահեղ անհրաժեշտության մասին են խոսում: Կարծում ենք՝ վերոնշյալ թվերը քիչ թե շատ կոտրեցին այն կարծրատիպը, որ Սյունիքում ծայրահեղ վիճակ է քաղցկեղի տարածվածության առումով:

Մեր տեղեկություններով՝ մարզի ոչ մի բժշկական կենտրոնում ուռուցքաբան չկա: Ինչպես Կապանի պոլիկլինիկայում մեզ ասացին, նույնիսկ ուռուցքաբանի առկայության դեպքում, եթե քիմիոթերապիա է նշանակվել հիվանդին, միևնույն է, սկզբնական շրջանում բուժումը պետք է կազմակերպվի մայրաքաղաքում՝ մասնագիտացված բժշկական կենտրոններում: Արդեն երրորդ, չորրորդ անգամ քիմիոթերապիայի կուրսը, եթե տեղում ուռուցքաբան-քիմիոթերապևտ լինի, կարող են այստեղ անցնել: Իսկ ընտանեկան բժիշկները, խորհրդակցելով Երևանի բժիշկների հետ, սիմպտոմատիկ, ցավազրկող միջոցառումներ են իրականացնում, ինչպես նաև նշանակում հոգեմետ, նարկո-անալգետիկ դեղամիջոցներ համապատասխան բժշկական եզրակացությունից հետո: «Այստեղ քիմիոթերապիա անցնելը հնարավորության կտա մարդկանց նաև ֆինանսական միջոցներ խնայել: Բացի դրանից՝ հաճախ հիվանդի համար շատ դժվար է լինում ամեն անգամ այդքան երկար ճանապարհ կտրել-անցնել: Միայն այս դեպքում է խիստ զգացվում օնկոլոգ-քիմիոթերապևտի կարիքը», - ասում է թերապևտ Նարինե Գրիգորյանը:

«Հիվանդների թվի շատացումը պայմանավորված է վերջին տարիներին հիվանդության ախտորոշման հնարավորությունների զարգացմամբ: Նախկինում մարդիկ մահանում էին առանց մահվան պատճառը բացահայտվելու: Սոցփաթեթների, կազմակերպությունների աշխատակիցների պարտադիր բուժզննման, արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի շնորհիվ ավելի վաղ են հայտնաբերվում ուռուցքները, իսկ նրանք, ովքեր չեն օգտվում նման արտոնություններից, կարող են տարեկան գոնե մեկ անգամ անվճար ֆլյուրոգրաֆիա, սոնոգրաֆիա անել պոլիկլինիկաներում, - ասում է Կապանի պոլիկլինիկայի ընտանեկան բժշկուհի, թերապևտ Նազանի Թադևոսյանը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 65 տարեկանից բարձր մարդկանց մոտ է հիվանդացության թիվը բարձր, բայց մեր մասնագետների պնդմամբ, 50-55-ից սկսած է միտումը մեծանում: Այնպես որ՝ ինչպես բժշկուհի Նարինե Գրիգորյանն է ասում, բացի պարբերաբար հետազոտվելուց, մարդ պետք է նաև բախտ ունենա. չէ՞ որ այս հիվանդությունը զարգանում է անցավ…

Սարքավորումը՝ անհրաժեշտ նախապայման

Ընտանեկան բժիշկների պնդմամբ՝ հիվանդության նախնական ախտորոշումը տեղում են անում, իսկ վերջնական հաստատման համար անհրաժեշտ է ավելի խորքային գործիքային հետազոտություն, ինչը Կապանում հնարավոր չէ: Այսինքն՝ ստացվում է այնպես, որ եթե նույնիսկ ուռուցքաբան ունենանք էլ, միևնույն է, վերջնական եզրակացության համար համապատասխան սարքավորումներ, օրինակ, շերտավոր ստուգման (KT) համար, տեղում չունենք: Բացի դրանից՝ նաև համապատասխան օնկովիրաբույժներ չկան, ովքեր վիրահատական միջամտություն կիրականացնեն. չէ՞ որ ուռուցքի հեռացումը բոլորովին այլ տեխնիկա է պահանջում:

Պատկերը այդ առումով այլ է Գորիսի բժշկական կենտրոնում: Այստեղ վերջին արտադրության KT սարքավորում կա: Ինչպես կենտրոնի տնօրեն Սամվել Աֆանդյանն է ասում, մարզի տարբեր վայրերից այստեղ շատերն են շերտավոր հետազոտություն անցնում, նույնիսկ առաջին, երկրորդ փուլի ուռուցքային վիրահատությունները, եթե քիմիոթերապիայի կարիք չի լինում, տեղում կազմակերպում են: Ավելին՝ մարզում միակ հիսթոլոգը այս կենտրոնում է:

«KT հետազոտությունը մեզ մոտ մայրաքաղաքից կրկնակի էժան է, իսկ այստեղ կատարված հետազոտության արդյունքները մայրաքաղաքի բժշկական կենտրոններում միանշանակ են ընդունվում: Իհարկե, լավ կլիներ տեղում քիմիոթերապևտ ունենալ, որպեսզի հիվանդը այդքան ճանապարհ չանցնի: Բացի ճառագայթային բուժումից՝ մնացածը կարող ենք տեղում կազմակերպել նեղ մասնագետների առկայության դեպքում: Բայց մարզային հիվանդանոցներ գալու համար նախևառաջ նրանց նյութական շահագրգռվածության հարցը պիտի լուծվի», - ասում է Ս.Աֆանդյանը և հավելում՝ դիմել են նախարարություն մամոգրաֆիկ սարքավորում ձեռք բերելու համար: Ի դեպ, 2018թ. KT հետազոտության համար ամսական 5 պետպատվեր կար, այս տարի այն դարձել է 25, ինչը, ըստ կենտրոնի տնօրենի, լիովին բավարար է մարզին սպասարկելու համար: Միայն թե մարդիկ չափից շատ են կենտրոնացել մայրաքաղաքում հետազոտվելու վրա:

Արմինե Հարությունյան

18:00 06.03.2019

Ամենաշատ ընթերցվածները