ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լ․Տոլստոյ․ «Իվան Իլյիչի մահը»
16:00 10.03.2019

Լ․Տոլստոյ․ «Իվան Իլյիչի մահը»

Մարդը սովորում է, հաջողությամբ պաշտոնավարում ու ամուսնանում՝ միշտ ունենալով այն գիտակցումը, որ պետք է կյանքից հաճույք ստանալ։ Հաճույքների շարանը կարող էր երկար ձգվել՝ մինչև խոր ծերություն, եթե հանկարծահաս հիվանդությունը ամեն ինչ տակնուվրա չաներ։ Լև Տոլստոյը հաջողակ կյանքով ապրած, իսկ վերջում մարմնական ու բարոյական տանջանքների դատապարտված պաշտոնյայի կյանքի պատմությունն է անում «Իվան Իլյիչի մահը» վիպակում։

Դատական պալատի անդամ Իվան Իլյիչ Գոլովինի մահվան լուրն առնելուց հետո պաշտոնակիցներին առաջին հերթին մտահոգում է պաշտոնափոխության կամ առաջքաշման հարցը։ Նրանցից յուրաքանչյուրին համակում է ուրախության այն զգացումը, որ մահացել է մեկ ուրիշը և ոչ թե ինքը։ Պաշտոնակիցները մտածում են, որ հիմա պետք է կատարեն տաղտկալի պարտականություններ՝ հոգեհանգիստ ու ցավակցական այցելություններ հանգուցյալի այրուն։ Միևնույն ժամանակ նրանք չեն ցանկանում իրենց զրկել թղթախաղի սեղանի շուրջ հավաքվելու հաճույքից։

Իվան Իլյիչը մահացավ քառասունհինգ տարեկանում։ Նրա հայրը աշխատել էր Պետերբուրգում՝ տարբեր նախարարություններում ու դեպարտամենտներում։ Նա մարմնավորում էր այն աստիճանավորներին, որ «պիտանի չեն որևէ էական գործ կատարելու, բայց և այնպես իրենց երկարատև անցյալ ծառայության ու աստիճանի պատճառով չեն կարող հեռացվել ասպարեզից, ուստի և ստանում են մտացածին, երևութական պաշտոններ և ոչ երևութական հազարներ՝ վեցից մինչև տասը, որով և ապրում են մինչև խոր ծերություն»։

Իվան Իլյիչն էլ, ուսում ստանալով և անցնելով ծառայության, երիտասարդ տարիքից ձեռք բերեց մի հակում․ «Ձգտում էր դեպի հասարակության մեջ բարձրագույն դիրք գրավողները, ինչպես ճանճը՝ լույսին, յուրացնում նրանց շարժուձևը, կենսահայացքը և բարեկամական հարաբերություններ հաստատում նրանց հետ»։ Թեթև զվարճությունները ձեռքից բաց չէր թողնում, բայց ծառայության մեջ խիստ էր ու պաշտոնական։

Ամուսնանալիս էլ ինքն իրեն չդավաճանեց։ Պարզապես պարում էր մի օրիորդի հետ, հաճելի զրույցներով ժամանակ անցկացնում՝ դեռևս լուրջ մտադրություն չունենալով։ Բայց երբ աղջիկը՝ Պրասկովյա Ֆեոդորովնան, սիրահարվեց, Իվան Իլյիչն այլևս ժամանակ չկորցրեց՝ աչքի առաջ ունենալով երկու նկատառում․ «Միաժամանակ նա արեց իր համար հաճելին՝ նման կին ձեռք բերելով, և դրա հետ մեկտեղ արեց այն, ինչ ճիշտ էին համարում ամենաբարձր դիրք գրավող անձինք»։

Ճիշտ է, շուտով կինը սկսեց առանց որևէ պատճառի խանդել ու տհաճ տեսարաններ սարքել, սակայն այստեղ էլ Իվան Իլյիչը ելքը գտավ․ պարզապես խորանում էր ծառայության մեջ։ Նա շարունակում էր ամեն ինչի մեջ հաճույք որոնել։ Գտնելիս գոհանում էր, դիմադրության հանդիպելիս առանձնանում էր ծառայության իր մեկուսի աշխարհում՝ այդտեղ նույնպես որոնելով հաճույք։ Դատարանում գործեր վարելիս նրան երբեք չէր լքում կամեցած մարդուն կործանելու հնարավորության գիտակցությունը։ Այս ամենին գումարվում էին ընտանեկան զրույցները, ճաշկերույթներն ու թղթախաղը․ «Այնպես որ՝ առահասարակ Իվան Իլյիչի կյանքը շարունակում էր ընթանալ այնպես, ինչպես, իր կարծիքով, պիտի որ ընթանար՝ հաճելի ու պատշաճորեն»։

Թերևս այդպես էլ ընթանար կյանքը, եթե անսպասելիորեն վրա չհասներ հիվանդությունը։ Տարօրինակ համ կար Իվան Իլյիչի բերանում և մի տեսակ տհաճություն փորի ձախ կողմում։ Շուտով այդ տհաճությունը վերածվեց ցավի՝ ազդելով տրամադրության վրա։ Ամուսինները սկսեցին կրկին գժտվել։ Պատշաճությունը մի կերպ պահպանվում էր։ Իվան Իլյիչին սկսում է թվալ, թե դրանով զբաղված են բոլորը, նաև բժիշկը․ «Ինչպես դատարանում ինքն էր կեցվածք ընդունում մեղադրյալների առաջ, ճիշտ այդպես էլ նշանավոր բժիշկն իր առջև էր ընդունում նման մի կեցվածք»։

Ամենից շատ Իվան Իլյիչին տանջանք էր պատճառում մերձավորների կեցվածքը, ավելի ճիշտ՝ սուտը։ Նրանք այնպես էին պահում իրենց, որ թվում էր, թե ինքն ընդամենը հիվանդ է, մահամերձ չէ։ Մնում է միայն, որ ինքն իրեն հանգիստ պահի ու բուժվի․ «Իսկ ինքը գիտեր, որ ինչ էլ անեն, ոչինչ չի ստացվի՝ բացի առավել տառապալի չարչարանքներից ու մահից»։ Իվան Իլյիչը սկսում է հասկանալ, որ այս ամենը «հետևանքն էր հենց այն «պատշաճավորության», որին ինքը ծառայել էր իր ամբողջ կյանքում»։

Կեղծիքը զգում էր, բայց ոչ մի կերպ չէր հասկանում ահագնացող տանջանքների պատճառը։ Իսկ վերջը անխուսափելիորեն մոտենում էր։ Երեք օր շարունակ չէին ընդհատվում մահամերձի աղաղակները։ Նրան թվում էր, թե իրեն խոթում են ինչ-որ մութ պարկի կամ խորշի մեջ։ Տանջանքներից ազատվելու համար ինքն էլ էր ձգտում խցկվել այդտեղ։ Բայց ոչինչ չէր ստացվում․ «Իսկ ներս մտնելուն խանգարում էր այն պնդումը, թե ինքը լավ կյանքով է ապրել։ Իր կյանքի հենց այդ արդարացումն էլ ճանկռտում-բռնում էր նրան, չէր թողնում առաջ գնալ և ամենից ավելի էր տանջում»։

Միայն ամենավերջին պահին, երբ Իվան Իլյիչն իրենից վանում է այդ արդարացումը, հասկանում է, որ ինչ եղել է, այն չի եղել։ Հասկանում է և իր մեջ այլևս չի գտնում մահվան երկյուղը։ Մահվան փոխարեն լույս է տեսնում։ Այդ լույսին Իվան Իլյիչը հասնում է պատերազմելով։

Տոլստոյը այդ պատերազմը բարոյական հարթություն է տեղափոխել, որտեղ մյուսները՝ մերձավորները, պաշտոնակից ընկերները, տեղ չունեն։ Նրանք ի զորու չեն տեսնելու այդ լույսը, քանի որ շարունակում են ապրել արտաքինից վայելուչ ու պատշաճ կյանքով։ Իսկ դա նշանակում է, որ երբեք չեն հարցնելու իրենք իրենց՝ արդյո՞ք ճիշտ ենք ապրում։

Արթուր Իսրայելյան  

16:00 10.03.2019

Ամենաշատ ընթերցվածները