ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գնել խանութի՞ց, թե՞ առցանց
18:00 10.03.2019

Գնել խանութի՞ց, թե՞ առցանց

Գարնանային տոների մոտենալուն պես շատերին հուզող առաջնային հարցերից են գնումներ կատարելը և նվերներ պատրաստելը։ Այսօր նվեր գնելու գործընթացը համեմատաբար, կարելի է ասել, հեշտացել է, քանի որ հիմա ոչ միայն կարելի է գնել խանութից կամ առևտրի կենտրոնից, այլ նաև  առցանց՝ այն էլ որոշ դեպքերում նաև արտասահմանից։

Գրեթե բոլոր ընտանիքներում կան համակարգիչ կամ սմարթֆոններ՝ միացված  համացանցին, որը շատ բնագավառներում հեշտացնում է կյանքը։ Ընկերների հետ շփում, աշխատանք, նորություններին ծանոթացում և ֆիլմերի, ֆուտբոլային խաղերի դիտում։ Այս ցանկին վերջին տարիներին ավելացել են նաև առցանց գնումները։

Խանութում հե՞րթ կանգնել, թե՞ պարզապես համացանցում մի քանի գործողության միջոցով գնում կատարել, կարող ենք որոշել ինքներս։ Տարիներ առաջ շատերս նույնիսկ չէինք կարող պատկերացնել, որ հնարավոր կլինի տանը նստած գնել այն, ինչ հարկավոր է։ Առցանց գնումները դարձել են արդեն շատերի կյանքի մի մասը, բայց որքանո՞վ է այն հարմարավետ և անվտանգ։

Երբեմն մի քանի ժամ պատրաստվելուց, ճանապարհ անցնելուց և խանութ հասնելուց հետո պարզվում է, որ ձեր նախընտրած ապրանքը վերջացել է։ Առցանց գնման դեպքում այս խնդրից կարելի է հեշտությամբ խուսափել, քանի որ հնարավոր է ստուգել և ապրանքի առկայության դեպքում անմիջապես գնել այն։ Ժամանակի խնայողության առումով նույնպես առցանց տարբերակը ունի առավելություններ։ Այսինքն՝ կարելի է միանգամից մի քանի խանութների տեսականու հետ ծանոթանալ հաշված րոպեների ընթացքում, այլ ոչ թե ոտքով մի կետից մյուս կետը հասնել երկար ժամանակահատվածում։

Գրեթե բոլոր առցանց խանութներում կարելի է գտնել հաճախորդների կարծիքների բաժին։ Սա  օգնում է գնորդին ճիշտ կողմնորոշվել ընտրության հարցում և պարզել՝ արդյո՞ք ապրանքը որակյալ է, թե՝ ոչ։

Բայց ամեն դեպքում, որքան էլ շատ լինեն դրական կարծիքները ապրանքի մասին, մինչև ինքդ ձեռք չտաս և որակը անձամբ չզգաս, այն գնելը և այլոց վստահելը բարդանում են։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում առցանց գնել միայն այն, ինչի հանդեպ դուք ունեք վստահություն (այսինքն՝ այն խանութներից, որտեղից սովորաբար գնումներ եք կատարում)։

Առցանց գնելու դեպքում մեծ է նաև խաբեությունների հավանականությունը։ Գնումներ կատարեք միայն պաշտոնական էջերից, որոնք ունեն բարձր ցուցանիշներ։ Հաջորդ բացասական կողմը առցանց գնումների վճարովի առաքումն է։ Ճիշտ է, երբեմն լինում են խանութներ, որոնք ունենում են անվճար առաքում, բայց նման խանութների թիվը այդքան էլ մեծ չէ։

Հայաստանում առցանց խանութները այդքան էլ շատ չեն, բայց հայ օգտատերերը այժմ հնարավորություն ունեն գնումներ կատարելու արտասահմանից։ Մի շարք ընկերություններ այսօր զբաղվում են ապրանքների առաքմամբ աշխարհի տարբեր կետերից Հայաստան։ Նրանք տրամադրում են օգտատիրոջը հասցե այն երկրում, որտեղից  տվյալ անձը գնում է կատարել, խանութը առաքում է այդ հասցեով, իսկ ընկերությունը պատվերը հասցնում է Հայաստան։ Հենց սրա միջոցով է իր փոքրիկ բիզնեսը հիմնադրել Նաիրա Արամյանը, ով ունի համացանցում էջ, որտեղ վաճառում է ապրանքներ արտասահմանյան մի շարք բրենդային խանութներից, որոնք Հայաստանում չկան։ «Ինքս մի շարք բրենդների սիրահար եմ, որոնք Հայաստանից ձեռք բերել հնարավոր չէ։ Երբ իմացա, որ հնարավոր է մի շարք երկրներից ապրանքներ առաքել Հայաստան, սկսեցի ինձ համար պատվիրել այն ամենը, ինչ երկար ժամանակ ցանկացել եմ, բայց գնելու հնարավորություն չեմ ունեցել։ Հետո ընկերներս նույնպես սկսեցին ինձ խնդրել, որ իրենց համար պատվիրեմ որոշ ապրանքներ, իրենք անձամբ չէին պատվիրում, քանի որ մտածում էին, թե որևէ տեղ կսխալվեն և գումար կկորցնեն, իսկ փոխարենը ոչինչ էլ չեն ստանա։ Այս կերպ սկսեցի անել մի շարք պատվերներ, մի օր էլ մտածեցի՝ ինչու՞ այս ամենը փոքրիկ բիզնեսի չվերածել։ Անցել է մեկ տարի, և ես համացանցում ունեմ առցանց գնումների էջ, որտեղից 10,000 հետևորդ պարբերաբար գնումներ է կատարում։ Այժմ կատարում եմ նաև առաքում տարբեր մարզեր և Արցախ՝ փոստի միջոցով։ Բայց այս թվին հասնելը հնարավոր է եղել միայն ազնիվ և պարտաճանաչ աշխատանքի շնորհիվ։ Հիմնականում աշխատում եմ հայտնի և արդեն իսկ վստահություն ձեռք բերած բրենդների հետ, այդ իսկ պատճառով մեկ տարվա ընթացքում որևէ խնդիր չեմ ունեցել՝ գումար կորցնել կամ մեկ այլ բան։ Միայն տոն օրերին երբեմն եղել են առաքման ուշացումներ, բայց դա էլ բնական է», -ասում է Նաիրան։

Հայաստանում առցանց պատվերներ կատարելը այսօր այդքան էլ արդիական չէ, քանի որ մեծ մասը չունի այդքան վստահություն, որ որոշակի գումար փոխանցի որևէ իրի համար, որը նրան կհասնի մի քանի օր անց։ Առավելությու՞ն է սա, թե՞ թերություն, յուրաքանչյուրը պետք է ինքը որոշի։ Ոչ միշտ է, որ ժամանակին համընթաց քայլելը ունենում է դրական արդյունք։

Սոնա Օհանջանյան

18:00 10.03.2019

Ամենաշատ ընթերցվածները